Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՆՔ ԵՆ»

Նոյեմբեր 13,1998 00:00
egoryan

Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարության տարանջատման նպատակահարմարության մասին ընդհանուր դատողություններ շատ են հնչել։ Մենք «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագծի նախաձեռնող «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանին խնդրեցինք որոշակի փաստերով հիմնավորել այս առնչությամբ իր հայտարարությունները։ Հիշեցնենք, որ դեռ 1995-ից էր պրն Եգորյանն այս նախաձեռնությամբ հանդես գալիս։ Եվ այսպես, այս նախարարությունը պիտի բաժանվի, քանի որ…

«Քաղաքական հետապնդումներ է իրականացնում»

«Այս նախարարությունը քաղաքական նպատակներով օգտագործելը նորույթ չէ («Ավանդույթ է»,- լրացրեց զրույցին ներկա ԱԺ իրավաբանական բաժնի ղեկավար Վլադիմիր Նազարյանը- Ա. Ի.)։ Սակայն միշտ էլ դժվար է եղել ապացուցել, որ հետապնդումը հենց քաղաքական նպատակներով է։ Ասում են, թե ուղղակի ստուգում է, պայքար հանուն օրինականության եւ այլն։ Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հաճախ անգամ միայն բարեւ տված մարդկանց զանգելու, զգուշացնելու, բազմաթիվ ստուգումների միջոցով մշտապես այդ ճնշումներն իրականացվել են։ Եվ այժմ էլ է այդպես։ Կարող եմ օրինակներ բերել։ Երբ կոնյակի գործարանի շուրջ ԱԺ-ում քննարկումներ սկսվեցին՝ էականորեն, կտրուկ աճեց գործադիր իշխանության մեջ ներգրավված «Հայրենիք» խմբի անդամների գործունեության ստուգումների քանակը։ Մի երկու ամսվա ընթացքում, մեկը մյուսին փոխարինելով, անընդհատ ստուգում էին «Արմենիա» հանրապետական բուժական կենտրոնը, որի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանը մեր խմբի անդամ է։ Նույնը վերաբերում է «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանին կամ Պետրոս Մաքեյանին։ Խնդիր չկա՝ ստուգում, հեռանում են, ոչինչ չեն հայտնաբերում: Բայց, պատկերացնո՞ւմ եք այն հիմնարկի վիճակը, որը 1-2 ամսվա մեջ 5 անգամ ստուգվում է։ Եվ այս ամենն էականորեն ազդում է ԱԺ-ի քվեարկությունների արդյունքների վրա։ Սա նախկին նախարարի ժամանակ էլ է եղել, բայց Սերժ Սարգսյանի օրոք, կարծում եմ, ծավալները շատ ավելի մեծացել են»։

«Ձգտում է վերահսկել երկրի ամբողջ տնտեսությունը եւ խոչընդոտում դրա զարգացմանը»

«Դեռ ամռանն էի հարցմամբ փորձել ստանալ այն հիմնարկ-ձեռնարկությունների ցանկը, որտեղ ստուգումներ են կատարվել եւ պարզել հիմքերը, արդյունքները։ Մինչ այսօր այդ ցանկը չեմ ստացել։ Ի դեպ, սա օրենքի կոպիտ խախտում է։ (Այստեղ զրույցին դարձյալ միջամտեց Վլադիմիր Նազարյանը. «Այսօր 6-րդ վարչությունն իրեն ОБХСС է զգում. անկախ սեփականության ձեւից՝ տնտեսական գործունեություն է ստուգում։ Բայց մասնավոր ձեռնարկությունը պետության հետ միայն հարկային տեսչության միջոցով պետք է առնչվի»- Ա. Ի.)։ Երբ այս նախարարություններն անջատ էին, ՆԳ-ն էլի չափազանց ուժեղ էր եւ ակնհայտ էր տնտեսության վրա դրա ազդեցությունը, պետական ռեկետը եւ այլն (այս ամենը կանոնակարգելու համար հրապարակվեց ստուգումների կարգի վերաբերյալ նախագահի հայտնի հրամանագիրը)։ Այսօր նույն երեւույթները շատ ավելի վտանգավոր են. այն ժամանակ գոնե մի նախարարությունը մյուսին վերահսկում, սխալ գործունեության վերաբերյալ տվյալներ էր տալիս նախագահին կամ իշխող կուսակցությանը։ Հիմա ողջը պարփակված է մի գերհզոր նախարարության մեջ, եւ տարբեր տվյալներ հնարավոր էլ չի ստանալ։

Մեր աղբյուրներն, ըստ էության, միայն դժբախտության դուռը հասած մարդիկ են։ Եվ որպես պատգամավոր էլ մեր ստացած տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ տնտեսական բարձունքները՝ շահավետ ոլորտները շարունակում են վերահսկվել հատկապես այս նախարարության կողմից (ասենք, նրա ստվերային ենթակայության տակ է մաքսային վարչությունը)։ Սուպեր նախարարությունների առկայության պայմաններում երկիրը չի կարող ազատ մրցակցող տնտեսություն ունենալ»։

«Խոչընդոտում է ժողովրդավարության, այդ թվում եւ՝ ազատ խոսքի իրավունքի կայացմանը»

«Փոքրիշատե զանգվածային լրատվամիջոցներն էլ են ակնհայտորեն վերահսկվում։ Հեռուստատեսության, պետական լրատվամիջոցների դեպքում դա, իհարկե, օրինականացված վերահսկողություն է։ Իսկ հենց մամուլի որեւէ այլ միջոց սկսում է ծավալվել, մեծ լսարան նվաճել՝ ակնհայտ է դառնում, որ արգելված թեմաներ են հայտնվում, քննադատական նյութերը քչանում են եւ սկսում են գովերգել… Ես, ասենք, նկատել եմ, որ գրեթե բոլոր թերթերը շատ դժվարությամբ եւ զգուշորեն են անդրադառնում ՆԳ եւ ԱԱ նախարարության գործունեությանը։ Շատ քիչ է այս կառույցի վերաբերյալ քննադատությունը եւ այս ամենն է հիմք տալիս եզրակացնել, որ ներազդեցություն է առկա։ Կարող եմ նաեւ որոշակի օրինակ բերել. չափազանց ակնհայտ է, որ «Ա1+» հեռուստաընկերությունն իրեն այլ կերպ էր պահում մինչեւ նախագահական ընտրությունների առաջին փուլը եւ բացարձակապես տարբեր՝ դրանից հետո։ Ինձ համար ակնհայտ է, թե ինչ էր տեղի ունեցել։ (Վլ. Նազարյանն այստեղ «կենսաբանական բնազդ» անվանեց «շառից, փորձանքից հեռու» մնալու ձգտումը եւ ավելացրեց, որ չի կարելի դրա համար մեղադրել լրատվամիջոցների ղեկավարներին- Ա. Ի.)։

Իրոք, իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ էլ չէ լրատվամիջոցի ղեկավարին վախեցնել։ Յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ սուպեր նախարարության դեմ խաղ չկա։ Այս պայմաններում երկիրը չի կարող ժողովրդավարական համակարգ եւ խոսքի լուրջ ազատություն ունենալ։ (Այստեղ մեր զրույցին արդեն երրորդ մասնակիցն ավելացավ՝՝ Վիգեն Խաչատրյանը, որը Սերժ Սարգսյանի խոսքերը մեջբերեց. «Եթե նախարարությունը НКВД լիներ, ապա այդ մարդիկ իրենց գործած մեղքերի համար կլինեին գուլագում»։ «Բա էս մակարդակի դատողությամբ մարդուն նման ծառայություն կվստահե՞ն, որն այս էլ որերորդ անգամ ակնարկում է, որ տարանջատման մասին խոսողները հանցագործներ են,- զայրացել էր պրն Խաչատրյանը։- Ակնհայտ չէ՞, որ սարսափ է տարածում»- Ա. Ի.)։ Հրեշտա՞կ է արդյոք մեր երկրորդ սուպեր նախարարը «Չէի ցանկանա, որ այս խնդիրն անձնավորվեր. Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշն էլ լիներ՝ իրեն գերհզոր էր զգալու եւ թելադրելու այլ ոլորտներին։ Եթե, իհարկե, հրեշտակ չէ»,- պրն Եգորյանին խնդրեցինք այս նոր փաստարկն էլ հիմնավորել եւ ապացուցել, որ Սերժ Սարգսյանն այլ ոլորտների էլ է թելադրում։

«Դե, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ չլիներ նախարարությունը բաժանելու իմ առաջարկին՝ չգիտեմ, թե ինչ տեղի կունենար 1998-ի փետրվարին։ Գուցե ստիպված չէ՞ր լինի ճնշումների ազդեցությամբ հրաժարական տալ։ Չափազանց ակնհայտ էր ՆԳ եւ ԱԱ նախարարության դերը նաեւ, այսպես կոչված, ընտրություններում։ Իմ տվյալներով, որոշումների մեծ մասն այսօր Քոչարյանի հետ հենց Վազգեն եւ Սերժ Սարգսյաններն են ընդունում։ Եվ Սերժ Սարգսյանի կողմից լուծվող հարցերի թիվը շատ ավելի մեծ է, քան կարելի էր բնական համարել։ Սա այլեւս չափ ու սահման անցած ազդեցություն է ուղղակի։ Ըստ էության, կառավարությունն անիմաստ կառույց է դառնում։ (Այստեղ պրն Նազարյանը հարկ համարեց լրացնել. «Սուպեր նախարարությունը չի կարող սուպեր նախարար չունենալ՝ թելադրողը կառույցն է։ Բայց, եթե Ալեքսան Հարությունյանն ասել էր, որ պատերազմող երկիրը չի կարող պաշտպանության սուպեր նախարար չունենալ, ապա կուզեի բացատրություն ստանալ ՆԳ նախարարության մասին, որը պատերազմի հետ դժվար առնչվի, չէ՞»- Ա. Ի.)։

Եվ ինչպես նախկին՝ այնպես էլ ներկա նախարարներն իրենց անձնական դիրքերի կամ կառույցի թուլացումը պետության թուլացման հետ են շփոթում։ Սա բարդո՞ւյթ է, ինքնախաբեությո՞ւն, թե՞ խաբեություն՝ չգիտեմ։ «Մկաններով ուժեղ» նախարարության ստեղծումը պետության ուժեղացում չէ, այլ քանդում»։ Մի՞թե հակակշիռ չկա այս միացյալ նախարարությանը «Դատախազությունն արդեն ՆԳ նախարարության կից կառույց էր։ Իսկ այսօր, այն ուղղակի վարչության պես մի բան է դարձել»,- Էդվարդ Եգորյանն այս պնդումը հիմնավորեց իր այն տեղեկատվությամբ, թե Աղվան Հովսեփյանն ու Սերժ Սարգսյանը չափազանց մտերիմ են։- Դատախազությունն այսօր առավել ենթակա է այդ հզոր նախարարությանը, քան նախկինում։ Եվ պարզ է, եթե երկրում հավասարակշռությունը չվերականգնվի, ներքին գործերի եւ Ազգային անվտանգության մարմիները միմյանց չհակակշռեն՝ այդ երկիրը կործանված է։ Նորմալ հասարակարգի մասին խոսել չի կարելի, եթե դատախազությունը չհակակշռի ՆԳ նախարարությանը, եթե հետախուզությունը չառանձնացվի, եթե դատարանները չվերահսկեն դատախազությանն ու ներքին գործերին։ Հակակշիռների բացակայությունը փորձանք է»։

Արդյոք ներիշխանական կռիվ չէ՞ սա՝ հավելյալ լծակներ ձեռք բերելու համար

Վերնագրի այս հարցին հավելեցինք նաեւ Դավիթ Շահնազարյանի հակափաստարկները, որ քաղաքական տեսակետից ոչ հրատապ, իսկ իրավական տեսակետից՝ ԱԺ-ի համար հակասահմանադրական նախագիծ է սա։ Էդվարդ Եգորյանն ասաց, թե խիստ երկրորդական են համարում այն հարցը, թե բաժանման դեպքում ո՞ւմ դիրքերը կհզորանան. «Ես կարեւորում եմ էվոլյուցիոն զարգացման հնարավորության ստեղծումը, գոնե մասնակի ժողովրդավարության հաստատումը։ Երբ այս հարցն ԱԺ օրակարգում հայտնվի, կտեսնեք, որ շատ կլինեն այս կարգի բացատրությունները. «ընդհանուր առմամբ կողմ ենք խնդրի այսպիսի լուծմանը, բայց, քանի որ կասկած կա, թե այն հակասահմանադրական է՝ այլ կերպ ենք քվեարկելու»։ Ես համարում եմ, որ սա ՆԳ եւ ԱԱ նախարարին հաճոյանալու մի ձեւ է։ Եվ կստուգեք, թե նրանցից քանի՞սն են հրապարակավ ընդդիմացել նախագահի ակնհայտ հակասահմանադրական մի շարք հրամանագրերի։ Վերջիվերջո, եթե այս նախաձեռնության կողմնակից ես, եւ այն օրակարգում է, ինչո՞ւ պիտի քաղաքական այլ կարեւոր խնդիրները խանգարեն այս հարցին կողմ քվեարկել։ Եթե նախագահը գտնի, որ սա հակասահմանադրական է՝ թող ՍԴ-ին դիմի։ Իսկ այս ընթացքը կբերի նրան, որ ԱԺ-ն հստակորեն իր կարծիքը հայտնելով՝ կստիպի գործադիր իշխանությանն անհրաժեշտ ճիշտ ուղղությամբ քայլեր կատարել»։

Պրն Նազարյանն այստեղ արդեն մեր խնդրանքով պարզաբանեց, որ Սահմանադրությամբ օրենսդրական իշխանության որեւէ սահմանափակում չկա եւ ցանկացած հարց ենթակա է օրենսդրական կարգավորման։ Սակայն Վլադիմիր Նազարյանի ամբողջական դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ, թերեւս առանձին կներկայացնենք։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագծի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտվեցին 5 «կողմ» եւ 5 «դեմ» քվեարկությամբ։ «Դեմ» են քվեարկել «Օրինաց երկրից»՝ Արթուր Բաղդասարյանը, Ստեփան Բարսեղյանը, Վախթանգ Լալայանը եւ «Երկրապահից»՝ Անդրանիկ Մարգարյանն ու Վիկտոր Դալլաքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30