Երեկ լրագրողներս ՔԽ գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի հերթական ասուլիսին մինչ մասնակցելը, որերորդ անգամ ականատես եղանք մի անհարգալից տեսարանի՝ դահլիճը, ուր սովորաբար անց են կացվում հանձնաժողովների աշխատանքային նիստեր- հանդիպումները անպատրաստ էր ընդունելու մեզ, իսկ սեղանների կիսատ-պռատ, բացված «Ջերմուկի» շշերն ու ափեափ լցված մոխրամանները պարզապես վրդովեցուցիչ էին։
Այնուամենայնիվ, հանդիպումը սկսվեց, եւ Հրանտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՔԽ հերթական նիստին չի մասնակցել միայն ԻՄ-ի ներկայացուցիչը, իսկ ՌԱԿ-ի ներկայացուցիչը, չնայած չի մասնակցել, սակայն նիստից առաջ հայտնել է, որ իրենք համաձայն են նախապես բաժանված որոշման նախագծերին։
Օրակարգում «շարունակվող» հարցերն էին, մասնավորապես, կազմակերպությունների ներկայացրած (նախորդ շրջանի մասին) քաղաքական գնահատականների ամփոփումը, Բաքվի համաձայնագրի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ խնայդրամարկղերում քաղաքացիների ավանդների վերականգնման եւ հատուցման մասին հարցը, «Ընտրական օրենսգրքերի» շուրջ համաձայնողական աշխատանքների մասին տեղեկատվությունը։
Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ էլ «ամենամեծ հարցը» քաղաքական գնահատականներն էին, որոնց առթիվ նա հավելեց, թե հարցի քննարկումը նախապես եղել է ներքաղաքական հանձնախմբում, որն էլ, նկատի ունենալով գնահատականների ընդհանրությունները, առաջարկել է ստեղծել խմբագրական խումբ՝ ամփոփ եզրակացությունը ձեւակերպելու համար։ Գնահատականների խստության եւ արձանագրման շուրջ էլ եղել են տարբեր մեկնաբանություններ։ Սակայն, ըստ Հ. Խաչատրյանի՝ «այդ հարցը քննարկվում է ոչ թե բովանդակության առումով, այլ նպատակահարմարության»։ Որոշ կազմակերպություններ գտել են, որ եզրափակիչ մասի՝ իրենց կազմակերպությունների գնահատականները պետք է տեղ գտնի ՔԽ եզրակացության մեջ, սակայն «իշխանությունների գործողությունների «հակազգային», «հանցավոր» բնութագրերը շատ նման է քաղաքական դատավճռի։ Որոշ կազմակերպություններ փորձում են դատարանի վճիռ հիշեցնող եզրահանգման գալ»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Բաքվի համաձայնագրին, ՔԽ գործադիր քարտուղարը իրազեկեց, որ ընդունված եզրակացությունը միաձայն է ընդունվել եւ գնահատականն էլ այն է, որ «Բաքվում ստորագրված համաձայնագիրը չի հակասում օրենքի տառին, հակասում է ոգուն»։ ՍԻՄ-ն այս կապակցությամբ ունեցել է հատուկ կարծիք, ըստ որի «Բաքվում ստորագրված համաձայնագիրը սկզբունքորեն չի հակասում օրենքի տառին, բայց որոշակիորեն հակասում է ոգուն»։ Խնայդրամարկղերում առկա քաղաքացիների պարտք-ավանդների վերականգնման եւ հատուցման փաստաթղթերը ներկայացված էին դեռ նախորդ նիստին, ՔԽ-ում ընդգրկված կազմակերպություններին էին բաժանվել, եւ եզրակացությունն ընդունվել է միաձայն, առանց լրացուցիչ նիստի։
Ընտրական օրենսգրքի քննարկումները շարունակվում են, եւ ՔԽ-ն իր հերթին հանդիպումներ է ունենում այն կազմակերպությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում, նաեւ՝ նախագծի հեղինակների հետ։
«ՔԽ-ն գտնում է, որ մինչեւ վերջին պահը պետք է մասնակից լինի այդ բանակցություններին»։ Նախագծերի հեղինակներին էլ առաջարկվել է ՔԽ-ում «ձեռք բերված արդյունքները» արտահայտել իրենց եզրափակիչ ելույթներում։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ