Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆՁՈՐԻ ԱՅԳԻ

Նոյեմբեր 12,1998 00:00
dat

Սեփականություն ձեռք բերելու եւ պահպանելու ձգտումը յուրահատուկ է բոլորին։ Այլ խնդիր է, թե ինչ ճանապարհներով է դա իրականացվում։ Մեր խմբագրություն դիմած երկու քաղաքացիներն էլ բողոքում էին իրենց իրավունքների ոտնահարման մասին։ Նրանցից դատական կարգով օտարվել է նրանց սեփականությունը։ Դժվար է ուրիշինը տեսնել քո սեփականությունը, եթե նույնիսկ այն վաճառել ես, էլ ուր մնաց, որ դատարանի անօրինական վճռով հանձնվել է մեկ ուրիշի։

Բաղդասար Կարագյոզյանն ընտանիքի հետ 1947 թ. Հայաստան է հայրենադարձվում Իսրայելից։ Նույն թվականին Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղում ստանում է երկու սենյականոց բնակարան։ Գյուղական պայմաններին չհարմարվելով, նա 1950-ին տեղափոխվում է Էջմիածին եւ մինչեւ 1953 թվականը վարձով բնակվում Դիմիտրովի փողոցի թիվ 84 տանը։ Հաշվի առնելով, որ Բաղրամյան գյուղում գտնվող բնակարանը դեռեւս Բաղդասար Կարագյոզյանի անունով էր, Էջմիածնի քաղխորհուրդը տնամերձ հողամաս է հատկացնում Բաղդասարի ավագ որդու՝ Գրիգորի անունով։ Հատկացված 600 քմ տնամերձ հողամասի վրա կառուցվում է չորս սենյականոց բնակարան, որը 1958-ին Բաղդասարը բաժանում է երկու մասի։ Սենյակներից երկուսը տրվում է Գրիգոր Կարագյոզյանին, իսկ մյուս երկուսում բնակվում են Բաղդասարը եւ նրա կրտսեր որդին՝ Մանուկը։ Ցանկապատով բաժանվում է նաեւ տնամերձ հողամասը։

1987-ին Բաղդասարը, վատառողջ լինելու պատճառով, Գրիգորին խնդրում է կատարել բաժինների փաստաթղթային բաժանում, որը եւ կատարվում է 1987 թվականի մայիսի 19-ին։ 11 տարի անց՝ 1998 թվականին, Գրիգոր Կարագյոզյանը դիմում է Էջմիածնի ժողդատարան, հայտարարելով, որ ինքը նվիրել է միայն բնակարանը, մինչդեռ հատակագծում բաժանված է նաեւ տնամերձ հողամասը։ Գրիգոր Կարագյոզյանը փաստում է, որ ինքը մեկ ամիս առաջ է իմացել իր խաբված իրավունքի մասին։ Մինչդեռ այդ հատակագիծը նրա տանը եղել է այդ ամբողջ 11 տարիների ընթացքում։

Ըստ Մանուկ Կարագյոզյանի, եղբայրը վճարել է իր բաժին հողի վճարը, իսկ ինքը՝ իր բաժին հողինը։ Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Գրիգոր Կարագյոզյանի իրավունքը խաբված է, այնուամենայնիվ, պետք է կիրառվեր ՀՀ քր.օր-ի 78 եւ 82 հոդվածների պահանջները, ըստ որի, «այն անձի հայցով, որի իրավունքը խաբված է, իրավունքի պաշտպանության վաղեմության ընդհանուր ժամկետը սահմանվում է երեք տարի, որը ըստ էության լրացել է 1990 թ. մայիսի 20-ին»։ «Չնայած եղբորս շահամոլ բնավորությանը, մեր հարաբերությունները եղել են շատ նորմալ։ Այս ամբողջ ընթացքում մեր մեջ որեւէ փողային պահանջ չի եղել։ Ուղղակի նա այժմ մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության եւ ցանկանում է տան՝ իր մասը մի քանի գրոշով ավելի վաճառել»։

Չնայած նշված փաստերին, սկզբում Էջմիածնի ժողդատարանը, ապա նաեւ Վճռաբեկ դատարանը որոշում է անվավեր ճանաչել հողհարկման մասով Մանուկ Կարագյոզյանի անվամբ տրված Աշտարակի միջշրջանային գույքագրման բյուրոյի 1987 թ. մայիսի 20-ի Էջմիածին քաղաքի Դիմիտրովի փողոցի 87 տան մասի հատակագիծը։ Օրինապահ մարմիններին եւ հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին բոլոր դիմումները՝ անօրինականությունը վերականգնելու պահանջով, մնում են անպատասխան։ Մեր մյուս այցելու Գեւորգ Խաչիկյանը դատական վեճի մեջ է մտնում լրիվ պատահաբար։ 1993 թ. նրա հորեղբոր որդիները վաճառում են իր տան հարեւանությամբ կառուցված իրենց բնակարանը եւ մշտական բնակության մեկնում Հունաստան։ 3 տարի 7 ամիս անց հորեղբոր տղայի տան գնորդ Սամվել Մկրտչյանը դիմում է դատարան, պահանջելով, որ իրեն հատկացվի նաեւ իր պատուհանի ուղղությամբ գտնվում 84 քմ հողատարածքը, որը պատկանում է Գեւորգ Խաչիկյանին։

Նման պահանջը Սամվել Մկրտչյանը հիմնավորում է իր եւ տուն վաճառողների միջեւ առկա բանավոր համաձայնությամբ։ Թվում է, բացառիկ անհեթեթ պահանջ է, եւ Շահումյանի ժողդատարանը մերժում է բավարարել նման հայցը, սակայն Գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիան 1997 թ. դեկտեմբերի 27-ին վճռաբեկության կարգով փոխում է Շահումյանի շրջանի ժողդատարանի վճիռը եւ որոշում Սամվել Մկրտչյանին հատկացնել 1947 թվականից Գեւորգ Խաչիկյանին պատկանող տնամերձ հողամասից 84 քմ։ Նման անօրինական որոշումների պատճառը, ըստ Գեւորգ Խաչիկյանի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված հսկողական գանգատի դատախազության բաժնի պետ Լեւոն Ավետիսյանն է։

«Հայցվորի պաշտպանը եւ հովանավորը բաժնի պետ Լ. Ավետիսյանն է։ Հետեւաբար, նրա բաժնի դատախազները, բնական է, չեն կարող նրա գլխից թռնել եւ գլխավոր դատախազին իրականությունը զեկուցել։ Եվ իզուր չեմ նախորդ գանգատում Լ. Ավետիսյանին անվանել ապօրինության հովանավոր։ Ես, որպես շահերի պաշտպան, ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Լ. Ավետիսյանի ստորագրությամբ ստացված երեք մերժման պատասխանները լիովին հիմարություն են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- գրում է Կրոմվել Գրիգորյանը, պահանջելով, որ իրենց ընդունի անձամբ Աղվան Հովսեփյանը։ Չնայած ավելի հավանական է, որ այս հսկողական գանգատը եւս Լեւոն Ավետիսյանին է վերահասցեագրվել նշված մեղադրանքների իսկությունը ճշտելու ցուցումով։

ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30