Տուբերկուլյոզի մասին վերջերս փորձ է արվում խոսել բարձրաձայն։ Մի կողմից ահազանգել ահագնացող վտանգի մասին, մյուս կողմից՝ հանգստացնել եւ ներշնչել, թե իրադրությունը հսկողության տակ է։ Իրականությունն այնքան էլ մխիթարական չէ։ 20-րդ դարի ավարտը եւ 21-րդ դարի սկիզբը մեզ նման փոքրաթիվ մի ժողովուրդ ստիպված է փորձություններով ճանապարհել եւ դիմավորել։ Իսկ սա այնքան էլ նախանձելի վիճակ չէ։ Սոցիալական հիվանդությունները հետզհետե այնքան են տարածվում (դրանց թվում եւ տուբերկուլյոզը), որ չվերահսկելու պայմաններում ապագան հնարավոր է խիստ ծանր լինի։ Իսկ թե որքանով է վերահսկելի տուբերկուլյոզն այսօր, ինչ պայմաններ կան կամ չկան այդ հիվանդության բուժման, կանխման եւ վերացման համար, փորձեցինք պարզել՝ զրուցելով Աբովյանի հանրապետական կլինիկակական հակատուբերկուլյոզային դիսպանսերի մանկական բաժանմունքի վարիչ տիկին Ալմա Գասպարյանի հետ։
– Տիկին Գասպարյան, վերջերս տուբերկուլյոզի մասին շատ է խոսվում, ահազանգ է հնչում, թե այդ հիվանդությամբ հիվանդացողների թիվը գնալով մեծանում է։ Պայմանները սոցիալական են՝ ոչ լիարժեք սնունդ, բնակարանային անհարմար պայմաններ եւ այլն։ Դուք 16 տարի աշխատում եք այդ հիվանդության մեջ եւ, անշուշտ, ասելիք ունեք։
– Տուբերկուլյոզը (թոքախտը) մարդու հնագույն հիվանդություններից է, եւ, փաստորեն, մինչեւ 20-րդ դարի կեսերը համարվել է անբուժելի։ Ներկայումս, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, զարգացող երկրներին բաժին է ընկնում թոքախտի հիվանդության 95 տոկոսը եւ մահացության 98 տոկոսը։ Իսկ տնտեսապես զարգացած երկրներում այս հիվանդությունը բաժին է ընկնում սոցիալապես անապահով շերտերին, ինչպես նաեւ Աֆրիկայից, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրներից գաղթածներին։ Հայտնի է, որ այժմ հանրապետությունում ներդրվում է թոքախտի դեմ պայքարի՝ ԱՀԿ-ի ծրագիրը։ Թոքախտի դեմ պայքարի ռազմավարությունը ենթադրում է հիվանդների ստանդարտ բուժման ապահովումը՝ անմիջական հսկողություն այն բոլոր հիվանդների նկատմամբ, ովքեր կրում են թոքերի թոքախտի վարակիչ ձեւերը, քանի որ դրանք են վարակի հիմնական հարուցիչները։ Բուժումն իրականացվում է կարճ (6-8 ամիս) կուրսով։ Հիմնական նպատակը վարակակիր շղթան ընդհատելն է։
Այո, թոքախտը սոցիալական հիմնահարց է։ Ոչ միայն սնունդը, այլեւ սոցիալական այնպիսի գործոններ, ինչպես բնակարանային պայմանները, աշխատանքի պայմաններն ու բնույթը, հիգիենիկ գիտելիքները եւ կուլտուրան, բժշկական օգնության ապահովումը եւ այլն, անշուշտ, ազդում են բնակչության եւ նրա առանձին խմբերի առողջության վրա։ Մեր հանրապետությունում կյանքի սոցիալական վատացումը կտրուկ զգացվեց Սպիտակի երկրաշարժից հետո։ 1997 թ. մեր ունեցած տվյալներով, հանրապետությունում 1047 հիվանդ է հայտնաբերվել, նրանցից 105-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են։ Մանկական բաժանմունք ընդունվել է ընդամենը 68 երեխա։ Հիվանդության տեսակների ուղղությամբ հիվանդների կառուցվածքի քննությունը շատ տագնապալի է. 13/19,1 տոկոսը 68 հիվանդից ախտորոշվել է թոքախտային մենինգիտ, այսինքն՝ հիվանդության ծանր տեսակը, փաստորեն, միակը, որը ներկայումս մանկական թոքախտի դեպքում տխուր վախճանի է հասցնում։
Կարդացեք նաև
– Տիկին Գասպարյան, հիվանդությունը, փաստորեն, պետպատվերի շրջանակում է, սակայն ե՛ւ ձեր տվյալներով է ստացիոնարում բուժվողների թիվը քիչ, ե՛ւ մեր տվյալներով։ Դա է պատճառը, որ անցյալ տարի տուբերկուլյոզին տրամադրվող գումարները նկատելի պակասեցվեցին։ Պատճառաբանությունը՝ «կատարողական չկա»։ Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ հիվանդները չեն դիմում հիվանդանոց։ Եվ մի՞թե պետության տվածը բավարար է։
– Ստացիոնար բուժման եկած հիվանդների փոքր թիվը մի քանի բացատրություն ունի։ Մասնավորապես, ԱՀԿ ծրագիրը չի նախատեսում թոքախտի ախտորոշման եւ զանգվածային հիվանդության ֆլյուրոգրաֆիա։ Իսկ թոքախտային մենինգիտով երեխաների առկայությունն ապացուցում է մեծահասակների վատ ախտորոշման եւ թոքախտի վարակի մեծ «պաշարների» մասին։ Դրամական միջոցների անբավարարությունն անզեն աչքով էլ է տեսանելի։ Բավական է ոտք դնել հիվանդանոցի տարածք եւ դիտել մի քանի մասնաշենքերը։ Հիվանդանոցը կապիտալ վերանորոգման կարիք է զգում, սարքավորումները մաշված են, գործածությունից դուրս են գալիս, ռենտգեն ծառայությունը խափանման եզրին է, չի ապահովված անձնակազմի պաշտպանվածությունը, ռենտգեն ժապավենների անբավարարության պատճառով հիվանդը հիվանդանոցից դուրս գրվելու պահին հսկողական ռենտգենյան հետազոտության չի ենթարկվում։ Նվազագույնի են հասցված լաբորատոր ուսումնասիրությունները։ Նյութերի բացակայության պատճառով չի անցկացվում կարեւորագույն եւ անհրաժեշտ հետազոտություններից մեկը՝ թոքախտի հարուցիչի հայտնաբերումը։ Շատ դեպքերում բացակայում են հակաբիոտիկները եւ այլ դեղորայք։
Նախկինում մանկական բաժանմունքն իր խոհանոցն ուներ, եւ երեխաներին լրացուցիչ սնունդ էր տրվում։ Վիրահատական անհապաղ անհրաժեշտության դեպքում նախկինում երբեք մերժում չէինք ստանում, բայց ահա մի քանի ամիս առաջ մի երեխայի առիթով մենք դիմեցինք մի քանի հիվանդանոցներ եւ նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ մերժում ստացանք։ Որպես կանոն, ընդունված է ասել, որ վերականգնողական ծառայության կազմակերպումը մեծ անհրաժեշտություն չի ենթադրում։ Տարվա մեջ նման մի քանի դեպք է պատահում եւ վիճակագրական առումով դա թերեւս արժեք չի ներկայացնում, բայց յուրաքանչյուր դեպքում հիվանդ երեխան է տուժում, որն աշխարհում միակն է իր ծնողի համար։ Եվ այս հիմնախնդիրը բժշկականից բարոյականի է փոխակերպվում։ Դեպքեր են լինում, երբ մահամերձ հիվանդը մի քանի օր, անգամ մի քանի շաբաթ ընդհանուր բաժանմունքում է մնում։ Իսկ այդ դեպքերը ծանր ազդեցություն են թողնում հիվանդ երեխաների եւ նրանց ծնողների վրա։ Խիստ կարեւոր է մեկ հիմնահարց եւս. ներկայումս հաստիքներում բացակայում են նեղ մասնագետները կամ մշտական խորհրդականները։ Ժամանակին հիվանդանոցում նեւրոպաթոլոգ, ակնաբույժ, օստոիոլարինգոլոգ, ատամնաբույժ, ֆիզիոթերապեւտ եւ այլ մասնագետներ կային։ Ցածր աշխատավարձի, տրանսպորտային դժվարությունների պատճառով մասնագետները հեռացան։ Գրեթե 10 տարի մանկական բաժանմունքը գտնվում էր վթարային շենքում, հակասանիտարական սոսկալի պայմաններում։ Չկար ջուր, իսկ զուգարանը մեկն էր ե՛ւ երեխաների, ե՛ւ հիվանդների, ե՛ւ բուժանձնակազմի համար։
1997 թ. Կարմիր խաչի ամերիկյան կազմակերպության հովանավորությամբ վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, եւ մանկական բաժանմունքը տեղափոխվեց առաջին հարկ։ Շարքից դուրս է եկել հեռախոսակապը, հերթապահ անձնակազմը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին հաղորդակցության կապից է զրկված։ Ամբողջովին շարքից դուրս է եկել ռադիոցանցը։ Հարկ է նշել նաեւ, որ բուժանձնակազմը ծանր վիճակում է գտնվում՝ չկա հիվանդանոցային տրանսպորտ, աշխատակիցներն իրենք են տրանսպորտ վարձում, նվազագույնը օրական 200 դրամ են ծախսում իրենց չնչին աշխատավարձից, որն էլ 3-4 ամիս ուշացումով են ստանում։ Սակայն կան բաներ, որ ո՛չ ֆինանսավորման հետ են կապված, ո՛չ էլ անցումային ժամանակների դժվարությունների հետ, եւ ըստ էության, անբացատրելի են։ Վերջին մի քանի տարվա մեջ չեն անցկացվում պաթոլոգանատոմիական եւ կլինիկական կոնֆերանսներ, չի գործում անձնակազմի կենտրոնական բուժքննական հանձնաժողովը։ Հիվանդանոցը քիչ-քիչ դառնում է «կլինիկական», թեեւ շարունակում է որպես ուսումնական բազա մնալ Բժշկական համալսարանի եւ Բժիշկների կատարելագործման ինստիտուտի՝ թոքախտի երկու ամբիոնների համար։
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ