Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Նոյեմբեր 12,1998 00:00
hrazdan Jek

Մեր սեփականաշնորհման իրական ու միակ պաշտոնական կարգախոսը կարող է լինել «ինչ չես կարող ինքդ՝ տուր ուրիշին»։ Բոլոր կառավարություններն անխտիր՝ շահույթով կամ վնասով աշխատող բոլոր ձեռնարկություններն ապապետականացնում են։ Երբեմն թվում է, որ սեփականաշնորհումը միակ գործն է, որով զբաղվում է մեր կառավարությունը։ Բարձր ատյաններում այսօր Հրազդանի ՊՇԷԿ-ի մասին արդեն խոսում են միմիայն այս տեսանկյունից։ Պատրաստվում են ապապետականացնել էներգետիկ խոշորագույն հանգույցը։ Հրազդանի ՋԷԿ-ի արտադրական ցուցանիշի լավագույն տարին համարվում է 1984 թ.։ Այդ տարի հրդեհի պատճառով չէր գործում ատոմակայանը, եւ Հրազդանն արտադրեց 6,8 մլրդ կվատտ հոսանք։ Այսինքն՝ ավելի շատ, քան վերջին տարիներին արտադրվում է Հայաստանում։ Իսկ վերջին տարիներին բոլորիս համար էլ կենսական անհրաժեշտության չափ հետաքրքիր է դառնում, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում Հրազդանի ՋԷԿ-ում։ ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1987 թ.։

Ենթադրվում էր, որ թողարկման համալիրի արժեքը կազմելու է 320 մլն խորհրդային ռուբլի։ Նախագիծն այդքան թանկ էր, որովհետեւ 5-րդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ կառուցվող մոտ 50 հանգուցային ինժեներական շինությունները հաշվարկված էին, որ հետո կառուցվելու են եւս 3 նոր էներգաբլոկներ։ Հետո խորհրդային պետությունը փլուզվեց եւ շինարարությունը կիսատ մնաց։ 1991 թ. որոշվեց, որ կառուցվելու է մեկ բլոկ։ Այդ պահին որոշ սարքավորումներ պատվիրված էին։ Միութենական նախկին հանրապետություններից կամ ստացվում էին դրանք, կամ չէին ստացվում։ Ըստ մասնագետների, այդ պահին անհնար էր հաշվարկել շինարարության մնացորդային արժեքը։ Անհնար էր, բայց հաշվարկվեց։ 1992 թ. որոշվեց, որ կատարված է աշխատանքների մոտ 33%-ը։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը արտասահմանյան Բրեխտել ընկերությանը հրավիրեց գնահատելու։ Շինարարության մնացորդային արժեքը, բնականաբար, միասնական չգնահատվեց։ Ենթադրվեց, որ շինարարության ընդհանուր ծավալը կազմելու է կամ 90 մլն դոլար, կամ՝ 83։

Ի վերջո, վարկային պայմանագիր կնքվեց։ Եվրոպական բանկը տրամադրում է 57,4 մլն դոլար, իսկ Հայաստանի կառավարությունը՝ 25,5 մլն դոլար։ 1994 թ. փետրվարից սկսվեց կամ շարունակվեց շինարարությունը։ Երկու տարում մոտ 45 մլն դոլար ծախսվելուց հետո պարզվեց, որ վարկային գումարները բավարար չեն շինարարությունն ավարտելու համար։ Նշենք, որ այս ընթացքում Հայաստանի կառավարությունը չկատարեց իր պայմանագրային պարտավորությունը եւ չտրամադրեց 25,5 մլն դոլարը։ 1996 թ. հուլիսին վարչապետ Բագրատյանի որոշմամբ, ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը հաշվարկեց շինարարությունը ավարտին հասցնելու նախագծի արժեքը։ Այս հանձնաժողովի կարծիքով, ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ է եւս 99 մլն դոլար։

Ըստ մասնագետների՝ հանձնաժողովն այս գումարը «լեն ու բոլ» հաշվելով է ստացել։ Ներառված է նաեւ էներգաբլոկի գործարկումից հետո երկու տարվա ընթացքում հնարավոր անհրաժեշտ պահեստամասերի արժեքը։ Այս պահին դեռ կառավարությունը մտադրված էր Եվրոպական բանկից վարկային նոր միջոցներ ստանալ։ Այնուհետեւ այս բանկը 2 անգամ ինքնուրույն վերագնահատել է մնացորդային աշխատանքները։ Արտասահմանցի մասնագետի եւ գերմանական Ֆիխտեր ֆիրմայի կարծիքով, շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է 107 կամ 113 մլն դոլար։ Մեր ունեցած տվյալներով, Եվրոպական բանկը բանակցությունների ժամանակ հայկական կողմին առաջարկել է 100 մլնի փոխարեն պարտք վերցնել 120 մլն դոլար։ Առաջարկվող լրացուցիչ գումարից 8 մլնը նախատեսվում է որպես պահուստային ֆոնդ։ Ենթադրվում է, որ ինֆլյացիայի պատճառով կօգտագործվի լրացուցիչ 8,8 մլն դոլար։ Բնականաբար, որոշակի գումար է նախատեսվում նաեւ որպես հոնորար բանկային գործառնությունների դիմաց վճարելու համար։ Հենց այս պահից էլ բանակցությունների ընթացքը փոխվում է։ Կառավարությունում նորից հիշել են «ախ տանեին, տանեին» սկզբունքը։

Նորից ակտիվ փնտրտուք է սկսվել։ Փնտրում ենք մեկին, որը կհամաձայնվի գնել գործող 1200 մվտ հզորություն ունեցող Հրազդանի ՊՇԷԿ-ը եւ որպես «դավեսկա» կհամաձայնվի վերցնել 5-րդ էներգաբլոկը։ Ու նորից հայտնի չէ, թե ո՞ւմ կողմից եւ մասնագիտական քննարկման ի՞նչ մակարդակում է ընդունվել ապապետականացման մասին որոշումը։ Փորձագիտական գնահատականներով Խորհրդային Հայաստանն ու Հայաստանի Հանրապետությունը 5-րդ էներգաբլոկի վրա արդեն ծախսել են 200-220 մլն դոլարին համարժեք գումար։ Ըստ էներգետիկների՝ էներգաբլոկն այս վիճակում կոնսերվացնելն անհնար է։ Եթե ընդունվի նման որոշում՝ միեւնույն է, անհրաժեշտ կլինի որեւէ կերպ հայթայթել 19-20 մլն դոլար եւ ավարտել որոշ կիսատ հանգույցներ։ Էներգետիկները նաեւ պնդում են, որ այս վիճակում էներգաբլոկը վաճառելը տնտեսապես էլ նպատակահարմար չէ՝ շատ էժան կվճարեն։ Էժան- թանկ վաճառելու մասին խոսելուց պետական պաշտոնատարները հարցը չեն քննարկում անվտանգության տեսանկյունից։

Հետաքրքիր է նաեւ. որ ատյանում է ի վերջո որոշվելու, թե հանրապետության էներգետիկ անվտանգության տեսանկյունից է՞լ է նպատակահարմար ՋԷԿ-ի ապապետականացումը։ Էներգետիկներն այսօր էլ փորձում են համոզել, որ 5-րդ էներգաբլոկի թողարկումը տնտեսական անհրաժեշտություն է։ Այն տարեկան 80 հազար տոննա վառելիքի խնայողություն կապահովի։ Բայց սա, ի վերջո, մասնագիտական խոսակցության թեմա է։ Իսկ էներգետիկները չգիտեն՝ ում հետ եւ որտեղ քննարկեն այդ հարցերը։ Մեր երկրում, ի վերջո, ով ինչ ոլորտ ասես չի ղեկավարել (ու ղեկավարում)։ Լավագույն օրինակը երեւի էներգետիկ հարցերով պետնախարար Սեպուհ Թաշճյանն է։ 1994թ. օգոստոսին, երբ այս պետական այրը իմացել է, որ Ռոստովի նախագծային ինստիտուտից ստացվել է էներգաբլոկի նախագծային փաստաթղթերի առաջին խմբաքանակը՝ 12 տոննա քաշով, կարգադրել էր դրանք ֆաքսով ուղարկել իրեն։ Փորձեք պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնար էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարության այսօրվա վիճակը պատկերացնելու համար ԾԻԳ-ի աշխատակիցներն ինձ հրավիրեցին այցելել այդ կառույց։ Երբ ես բողոքեցի, որ ՋԷԿ-ի ներսում խավար է եւ հնարավոր չէ զննել կառույցը՝ էներգետիկների պատասխանն անսպասելի էր՝ «հոսանքը թանկ է. լույս չենք վառում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30