Վերջերս խորհրդարանում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ նախարարությունները տարանջատելու խնդիրը։ «Առավոտն» աշխատում է հավասարաչափ անդրադառնալ թե՛ տրոհման կողմնակիցների եւ թե՛ նրանց ընդդիմախոսների դիրքորոշումներին։
Ներկայացնում ենք ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանի տեսակետը։
-Պրն Հակոբյան, արդեն մի քանի ամիս մամուլում աշխուժորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ-ի բաժանման հարցը։ Փաստորեն, այդ մասին չի խոսում միայն նա՝ ով, ինչպես ասում են, ալարում է։ Ի՞նչ կասեիք այդ առնչությամբ։
-Դուք ճիշտ նկատեցիք, որ այդ հարցը դարձել է տվյալ խնդրին մի փոքր տեղյակ եւ բացարձակապես անտեղյակ մարդկանց «ժամանցի» առարկան։ Նախ, կարծում եմ, որ տվյալ խնդրի շուրջ լրջորեն կարող են արտահայտվել մարդիկ, ովքեր իսկապես պատկերացնում են ու գիտեն խնդրո առարկան։ Այլապես այն վերածվում է զավեշտալի ընթերցանության նյութի եւ ոչինչ ավելի։ Հիշում եք անշուշտ, որ մեր անկախության հռչակումից հետո բավականին արագ փոխվում էին Ազգային անվտանգության համակարգի ղեկավարները։ Նրանցից ոչ բոլորն էին, մեղմ ասած, բարյացակամորեն տրամադրված դեպի այդ մարմինները, եթե չասենք ավելին։ Սակայն հետագա տարիների փորձը ցույց տվեց, որ ղեկավարելով այդ համակարգը, նրանք բավականին արագ համոզվում էին, որ տվյալ գերատեսչությունը թե հնում եւ թե մեր օրերում գործում է օրենքների շրջանակներում եւ այնտեղ ամեն ինչ կանոնակարգված է, ի տարբերություն պետական կառավարման մի շարք այլ օղակների։ Ավելորդ չէ շեշտել նաեւ, որ ԱԱ մարմինները եղել եւ մնում են մեր հանրապետության գրեթե չկոռումպացված իշխանության մարմինը։
Կարդացեք նաև
-Այսինքն, զգույշ վերաբերմունք կամ բացահայտ կասկածամտություն կա՞ր նախկին ՊԱԿ-ի եւ նրա աշխատակիցների նկատմամբ, որը դուք զգացել եք։
-Իհարկե, դա փաստ է, որից մենք, թերեւս, հասկանալի պատճառներով չէինք կարող խուսափել։ Սակայն, երբ այսօր են «հայտնություն» անում, թե մեր համակարգը աշխատում է միջոցների մեջ ոչ մի խտրականություն չդնելով, ապա մնում է զարմանալ դրանց հեղինակների տարրական իրավական գիտելիքների պակասի վրա։ Համոզված եմ, որ նման դիլետանտական մտածողության արդյունքն էր նաեւ 1994 թվականին Ազգային անվտանգության համակարգին չորսամսյա պարտադրված արձակուրդ ուղարկելը։ Դրա պատճառն ակնհայտ է։ Ոչ բոլորին է դուր գալիս, որ անվտանգության համակարգը աշխատել ու աշխատում է լուրջ հանցագործությունների բացահայտմամբ։
-Սակայն, կներեք, բայց քաղաքական գործիչները ձեր համակարգը մեղադրում են հենց հանցագործությունները ծածկելու մեջ։
-Իսկ ինչո՞ւ եք զարմանում։ Չէ որ նման «կարկառուն» մտքերի հեղինակները բացարձակ պատկերացումներ անգամ չունեն մեր համակարգի գործունեության մասին։ Մեզ մոտ ընդամենը 1-2 տարի աշխատած երիտասարդների մոտ իսկ ժպիտ է առաջացնում, օրինակ, այնպիսի «մեղադրանք», թե ԱԱ համակարգը չի զբաղվում լուրջ հանցագործությունների բացահայտումներով, այլ, ինչպես ասում են, «վերբովկա» են անում, ապա ազատ արձակում հանցագործին։ Եթե կա որեւէ նման կոնկրետ փաստ, ապա մենք պատրաստ ենք պատասխանել օրենքի առաջ։ Սակայն այդպիսիք չկան եւ լինել չեն կարող, քանի որ մեր համակարգի աշխատանքներին օգնել ու օգնում են հանցագործների բացարձակ հակառակ կողմին պատկանող, պարկեշտ, առաքինի, մեր երկրին նվիրված մարդիկ, որոնց որեւէ անօրինական գործողությունը ծածկելու անհրաժեշտություն չկա։ Իսկ թե ինչպես են վերջին տարիներին ընթանում ծանր հանցագործությունների բացահայտումները, այնքան ակնհայտ է, որ հարկ չենք համարում անգամ թվարկել։ Այդ ամենն, իմիջիայլոց, նաեւ ՆԳ եւ Ազգային անվտանգության համատեղ ջանքերի արդյունքն է։
-Մի խոսքով, դուք ճի՞շտ եք համարում այդ համակարգերի միավորումը։
-Իմ խնդիրը չէ քննարկել այդ հարցը, քանի որ, ըստ Սահմանադրության, դա հանրապետության նախագահի իրավասությունների մեջ է մտնում, իսկ մենք պարտավոր ենք կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մեզ համար առավել կարեւոր է այն, թե ինչպես են գնահատում մեր նախարարության, մասնավորապես Ազգային անվտանգության համակարգի աշխատանքները։
-Այսինքն, դուք զբաղված եք Ձեր ամենօրյա աշխատանքով եւ ձեզ չի վերաբերում՝ այդ համակարգերը միացյա՞լ են, թե՞ անջատ։
-Այո, վերջին հանգամանքն այդքան էական չէ, ինչքան այն, թե ինչպիսի ճչացող անգրագիտությամբ են փորձում «հիմնավորել» անջատման, այսպես ասած, անհրաժեշտությունը։ Պարզվում է, որ անգամ մի քանի տարի ՆԳ համակարգը ղեկավարելը բավական չէ, որպեսզի հասկանաս, թե հեռախոսալսումները դա հակահետախուզություն չէ, այլ վերջինիս օժանդակող պարտադիր տեխնիկական հնարքներից մեկը, որը կիրառում են աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները։ Իսկ մենք այսօր հանկարծ «պարզում ենք», որ ՌԴ ՀԴԾ-ի ձեռքից վերցրել են այդ գործողությունը կատարելու իրավունքը եւ նրանք, առանց այդ տեխնիկական հնարավորության, բավականին արդյունավետ գործողություն են ծավալել։ Անգամ տվյալ ասպարեզում հատուկ չպատրաստված, սակայն գոնե արկածային գրականությանը ծանոթ մարդն իսկ գիտե, որ լրտեսների դեմ պայքարելիս առավել մեծ արդյունքների են հասնում հենց կապի բացահայտման ու հակառակորդի մոտ «սեփական մարդ» ունենալու դեպքում։ Լրտեսի աշխատանքի ամենաթույլ տեղը կապն է՝ իր կենտրոնի հետ։ Սա աքսիոմա է։ Ինչ կա որ։
Եկեք զրկենք մեր հակահետախուզությանը տեխնիկական այդ միջոցի օգտագործման իրավունքից եւ հետո զարմանանք, թե ինչո՞ւ չի աշխատում այդ համակարգը։ Իսկ զարմանալի չէ այն «փայլուն» վերլուծությունը, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները զբաղվել են զենքի անօրինական առք ու վաճառքով, երբ հայտնի է, որ կազմակերպված հանցավորության, այդ թվում զենքի անօրինական առեւտրով, թմրաբիզնեսով զբաղվող հանցագործությունների դեմ ներկայումս միավորվել են երկրագնդի գրեթե բոլոր պետությունների հատուկ ծառայությունները։ Հետեւությունները թողնում եմ ձեզ։ Անտեղյակ մարդկանց հայտնում եմ, որ ԱԱ մարմիններին օգնող գործակալները գործում են անվճար, ելնելով հայրենիքի նկատմամբ ունեցած իրենց պարտքի բարձր զգացումից։ Եվ սրանք լոկ վերամբարձ խոսքեր չեն։ Մենք, իհարկե, մեր հասարակության մասն ենք եւ անվերապահորեն ընդունում ենք կարծիքներ հայտնելու իրավունքը, սակայն չպետք է մոռանալ, որ մեր համակարգում աշխատում են երկրի զավակները, որոնք օր ու գիշեր նվիրված ծառայում են եւ նրանք, հասկանալով հանդերձ, կարող են վիրավորվել անպատասխանատու ու անհիմն հայտարարություններից։ Վերջ ի վերջո, մեր աշխատանքը գրանցվում է համապատասխան ձեւով եւ դժվար չի լինելու ժամանակին համոզվել, որ օպերատիվ ողջ գործունեությունը կատարվել եւ կատարվում է օրենքի շրջանակներում։
-Այնուամենայնիվ, վերադառնանք ՆԳ եւ ԱԱ համակարգերի աշխատանքներին, որպես միացյալ գերատեսչության։
-Արդեն ասացի, որ վերջին տարիների աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ նկատելի առաջընթաց կա հանրապետությունում ծանր հանցագործությունների բացահայտման գծով։ Մի առիթով մեր նախարարը՝ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ձեւով ասել է, որ մեր Ազգային անվտանգության համակարգը աշխատում է «ձեռնոցներով» եւ չափից ավելի զգուշորեն։ Մեր միացումից հետո, անշուշտ, ՆԳ համակարգից, ասենք, փոխանցվեցին այնպիսի դրական հատկանիշներ, ինչպիսիք են օպերատիվ գործողությունների անցկացման արագությունը, վճռականությունը։ Հայտնի է, որ ՆԳ եւ ԱԱ համակարգերի միջեւ հակամարտություն է եղել դեռ խորհրդային իշխանության տարիներից։ Ներկայումս մեր հանրապետությունում նման հակամարտություն չկա, քանի որ միասնական գերատեսչությունն առաջնորդվում է միայն պետության շահերը պաշտպանելու տրամադրվածությամբ եւ շատ դեպքերում համատեղ։
Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է ասել, որ անկախ այն բանից, թե այդ համակարգերը կգործեն մեկ, թե տարբեր գերատեսչություններում, արդեն ստեղծված նորմալ հարաբերությունները կպահպանվեն եւ օգտակար կլինեն մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու եւ ծանր հանցագործությունների դեմ պայքարելու առումներով։ Այստեղից բխում է մի ցանկություն, որ ՆԳ եւ ԱԱ համակարգերը պետք է միշտ ղեկավարեն զուսպ եւ հավասարակշռված անձնավորություններ, որոնք տուրք չեն տալիս զգացմունքներին, պահի ազդեցությանը եւ, ամենակարեւորը, ունեն ժամանակին «արգելակելու» ընդունակություն, այլապես կփլուզվի այդ համակարգը՝ համապատասխան հետեւանքներով։ Եվ միանշանակ է նաեւ այն, որ ԱԱ համակարգը չի դիմանա հերթական «բարեփոխություններին»։ Տեսեք՝ Վրաստանի եւ Ադրբեջանի այդ համակարգերի, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակը։ Ուստի, անհրաժեշտ է խնամքով վերաբերվել մեծ ճիգերի շնորհիվ պահպանված եւ գործող Ազգային անվտանգության համակարգին, որն ավանդաբար, օրենքների շրջանակներում գործել եւ գործում է հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։
Այս նյութը «Առավոտին» է տրամադրել ՆԳ եւ ԱԱ նախարարությունը։
Մեր թերթի վաղվա համարում նույն խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են արտահայտելու ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդվարդ Եգորյանը։