Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Նոյեմբեր 12,1998 00:00
agasi arshakyan

Բյուջեի ընդունումից հետո Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը կպահանջի կառավարության հրաժարականը: Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը, որին սատարում են առնվազն 6-7 քաղաքական կազմակերպություններ, երեկ՝ ի դեմս նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի, արտահայտեց իր եւ նշյալ մյուսների կարծիքները, թեպետ որեւէ կուսակցության պաշտոնական տեսակետը (հայտարարության, փաստաթղթի ձեւով) դեռ չկար, «բայց ես ձեզ ասում եմ այն տրամադրությունները, որոնք կան մեր քննարկումների ժամանակ…»։ Ասենք, որ այդ 6-7 կազմակերպությունների կազմում կան գիտաարդյունաբերական քաղաքացիական միության անդամներ եւ կան այլ կուսակցություններից (դրանք ամբողջությամբ եւ կոնկրետ չնշվեցին)։

Պրն Արշակյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կլինեն ե՛ւ կուսակցությունների հայտարարությունները, ե՛ւ կոնկրետ գործողությունների ծրագրերը՝ այս վիճակը փոխելու կապակցությամբ։ Իսկ վիճակի մասին՝ ավելի ուշ։ Նախ Աղ. Արշակյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց երկու հարցի։ Առաջինը նոյեմբերի 1-3-ը ՌԴ Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի եւ Բելառուսի միության խորհրդարանական ժողովի հերթական 9-րդ նստաշրջանին՝ նախաձեռնության մասնակցությունն էր, մյուսը՝ ՀՀ-ի վերջին շրջանի գործունեությունը՝ Ռուսաստան-Բելառուս միության գործընթացների առումով։ Մշտական դիտորդի կարգավիճակով հայաստանյան պատվիրակությունը սույն ամսի 1-3-ը մասնակցեց նստաշրջանի աշխատանքներին՝ մասնավորապես արտաքին քաղաքական եւ ինֆորմացիոն հանձնաժողովի նիստերին։

Պրն Արշակյանն անդրադարձավ արծարծված մեզ համար քիչ թե շատ էական խնդիրներին, որ վերաբերում են հիմնականում տնտեսական ոլորտին. կնքվել է նոր պայմանագիր ռուսական շարժիչաշինության եւ Բելառուսական ավտոմոբիլաշինության միջեւ, ինչը երկրների համար բազմաթիվ աշխատատեղեր ստեղծելու եւ տնտեսությունը ճգնաժամից հանելու լավագույն քայլերից էր։ Այս կոնտեքստում մեր հանրապետությունում ընթացող գործընթացներին անդրադառնալով՝ Աղ. Արշակյանը հարցը քննարկեց ԱԺ-ի եւ կառավարության կտրվածքով՝ միաժամանակ հիշեցնելով 1997թ. օգոստոսի 29-ին ՌԴ-ի հետ ստորագրված բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը, որը վավերացվեց ամիսներ անց (Դումայի կողմից հունվարին եւ ՀՀ ԱԺ-ի կողմից փետրվարին) եւ դարձավ շահարկման առարկա։

«Այն քանիցս շահարկվել է Ազգային ժողովի ղեկավարության կողմից, շահարկվել է կառավարության կողմից, բայց իրականում այն գործողության մեջ դրվեց հայկական կողմի միանշանակ մեղքով՝ միայն նոյեմբերի 5-ից։ … Ռուսական գործընկերները շատ ծանր տպավորություն էին ստացել վերջերս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովում պատգամավորների հետ հանդիպումից։ Ես ուղղակի ձեզ կընթերցեմ մեր խորհրդարանական կազմը եւ պետք է ասեմ, որ այս կազմի համար երեւի առաջին պատասխանատուներից մեկը նաեւ Ազգային ժողովի այսօրվա նախագահն է. Արմեն Եղիազարյան, Արթուր Բաղդասարյան, Գեղամ Ղարիբջանյան, Պարույր Հայրիկյան, Սերգեյ Բադալյան, Արամազդ Զաքարյան, Շահեն Պետրոսյան։ Այս ցանկից հայ-ռուսական խնդիրների համար լավագույն կազմը չի ընտրված»:

Ավելին՝ առանձին անուններ չտալով, Աղասի Արշակյանը նշեց, որ ցանկում երեւի թե մեկ ու կես մարդ գտնվի, որ ամբողջ խորությամբ կգիտակցի հարցի կարեւորությունը, 4,5 մարդ ի ծնե հակառուս է, եւ կա մի ծայրահեղական դեպք, որին կարելի է անվանել «հակահայ էլեմենտ»։ Նախաձեռնությունը լուրջ դժգոհություններ ունի կառավարության գործունեության վերաբերյալ. մյուս շաբաթ, զինվորական լեզվով ասած, հրետանային պատրաստության է ուզում ենթարկել ՀՀ կառավարությանը՝ հանդիպումներ նվիրելով առանձին օղակների գործունեությանը, մասնավորապես՝ արտգործնախարարությանը, էներգետիկայի նախարարությանը, ընդհուպ մինչեւ նախարար Գագիկ Մարտիրոսյանի անհապաղ հրաժարականը պահանջելը. «… Էլեկտրաէներգիայի սակագների հարցը պետք է ստանա վերջնական հանգուցալուծում։ Հանրապետության նախագահն էլ, որ այսօր լուրջ թյուրիմացության մեջ է, պետք է լուրջ հետեւություններ անի»։

Ի դեպ, այս առնչությամբ Քաղաքական խորհրդին կից տնտեսական հանձնաժողովի (որի պատասխանատուն է) անունից ելույթ ունեցավ Ալեքսանդր Աղամալյանը՝ անդրադառնալով էներգետիկայի նախարարության կազմակերպած կոմունիստական ժամանակաշրջանին սազական շոու-ծրագրերին, որով փորձում են հիմնավորել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, եւ որ իրենց առաջադրած պարզ միջոցները, որոնց արդյունքում սակագինը 25%-ով հնարավոր է իջեցնել, անտեսվել են՝ առանց հակափաստարկների։ Հանուն արդարության ասվեց, որ տրանսպորտի նախարարությունում մի դրական տեղաշարժ է կատարվել. երկաթգիծն առանձին դեպարտամենտի վերածելը եւ նրա ներսում 3 ՓԲԸ-ներ ստեղծելը, ինչը տեղի ունեցավ Բեգլարյանի՝ այնտեղ տեղափոխվելուց հետո։ Եվս մի քանի առանձին օղակների մասին: Կրթության եւ գիտության երիտասարդ դաշնակցական նախարարը բոլորովին չարդարացրեց հույսերը. «Այս երիտասարդը զգալիորեն զիջում է նախորդ նախարարին՝ իր ծրագրերով ու իր պոտենցիալ հնարավորություններով»։ «Կապի նախարարությունն ավելի շատ փոստի նախարարություն է, քան կապի։ Նախարարը դասընկերն է մեր վարչապետի, թե ինչը, նրա ամբողջ գործունեությունը սկսել եւ վերջացել է նրանով, որ Բելառուսի մայրաքաղաքում մի քանի հարյուր սոտովի հեռախոս է ծախել, թե տեղադրել…»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30