Կալեդոնական փորձ
Երեւի պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ֆրանսիան է եւ այս շաբաթ համանախագահները մեր տարածաշրջան են բերել այսպես կոչված «ընդհանուր պետության» վերաբերյալ առաջարկը։ Որովհետեւ Ֆրանսիան ունի իր Ղարաբաղը՝ Նոր Կալեդոնիան, Խաղաղ օվկիանոսի հարավում, եւ այս կիրակի ֆրանսիական ղարաբաղցիները, այսինքն նոր կալեդոնացիները, հանրաքվե անցկացրին ու 72%-անոց «Այո» ասացին հենց «ընդհանուր պետության» կամ «համատեղ ինքնիշխանության» գաղափարին։ Ընդ որում, բոլորը՝ անկախության մոլեռանդ ջատագովներից սկսած մինչեւ անկախությունը կտրականապես մերժողները, հորդորում էին ժողովրդին «Այո» ասել։
Անջատողականների առաջնորդ Ռոշ Ուեմիթընը հանրաքվեի նախօրեին կոչ արեց. «Եկեք մեր ձայնը տանք հանուն ազատ լինելու՝ մեր երազանքի իրականացման»։ Իսկ ֆրանսամետ կուսակցության ղեկավար Ժակ Լաֆլերը հավաստեց, որ (մեջբերում եմ) «այո» ասելով, մենք կապահովենք մեր դեմոկրատական կյանքը Ֆրանսիայի կարմիր, սպիտակ եւ կապույտ դրոշի ներքո»։ Եվ որպեսզի բոլորի համար լրիվ պարզ դառնա, թե խոսքն ինչի մասին է, գործիչն ավելացրեց. «Նոր Կալեդոնիան երբեք անկախ չի լինելու»։ Հետաքրքիր է, չէ՞, Քվեբեկ նահանգն ուզում է անջատվել բարգավաճ Կանադայից. կալեդոնացիները ձգտում են բաժանվել բարգավաճ Ֆրանսիայից։
Դեռ 80-ական թվականներին, ինչպես եւ Ղարաբաղում, Նոր Կալեդոնիայում սկսվեց անկախական շարժումը, բախվեցին բնիկ մելանեզիացիները, որոնք բնակչության 45%-ն են կազմում, եւ եվրոպական ծագում ունեցողները՝ պարզ լեզվով «սպիտակները», որոնք մոտ մեկ երրորդն են։ Ի վերջո, Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Միշել Ռոկարը հրավիրեց երկու կողմերին, եւ կնքվեց այսպես կոչված Մատինյոնի համաձայնագիրը, որով էլ հենց նախատեսված էր, որ 10 տարի անց, այսինքն 98-ին, պետք է հանրաքվե անցկացվի։ Նկատեք, դա պատահեց 88-ին, որը ղարաբաղցիների համար էլ վճռորոշ ու հիշարժան տարի էր։ Ինչեւէ, այս տարվա մայիսին կողմերը կրկին հավաքվեցին ու որոշեցին, թե կոնկրետ ինչի համար են քվեարկելու կալեդոնացիները։ Իսկապես, եթե Մինսկի խմբի անդամները համառորեն չեն ուզում հրապարակել, թե որն է այդ ոչ կոնվենցիոնալ «ընդհանուր պետությունը», տեսնենք գոնե, թե որն է այդ «համատեղ ինքնիշխանության» կալեդոնյան տարբերակը։
Կարդացեք նաև
Եվ այսպես՝ բոլոր կալեդոնացիներին, որոնք առնվազն 10 տարի ապրել են այդ կղզիներում, շնորհվելու է Նոր Կալեդոնիայի քաղաքացիություն։ Եթե հիմա Կալեդոնիան կառավարվում է Ֆրանսիայի նախագահի կողմից նշանակվող, այսպես կոչված, բարձրագույն հանձնակատարի կողմից, ապա առաջիկա տասնամյակի ընթացքում կընտրվեն երեք նահանգային խորհրդարաններ, որոնց անդամների մի մասը կձեւավորի ընդհանուր խորհրդարան, որն ընդունելու է այսպես ասած «տեղական օրենքներ»։ Տեղական են դրանք անվանվելու, թե այլ կերպ, բայց դրանցով են ղեկավարվելու կալեդոնացիները, այնինչ այժմ այնտեղ գործում է միայն Ֆրանսիայի օրենսդրությունը։ Խորհրդարանը նաեւ կառավարություն կկազմի, հետզհետե Ֆրանսիայի իշխանություններն այդ կառավարությանը կփոխանցեն հարկահավաքման. արտաքին առեւտրի, տրանսպորտի եւ կապի, կրթության, քաղաքացիական անվտանգության եւ բազմաթիվ այլ հարցերի տնօրինումը։
Ասեք, խնդրեմ, ինչով սա անկախություն չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Նոր Կալեդոնիայում հիմա արդեն շրջանառության մեջ է իրենց սեփական դրամը՝ կալեդոնական ֆրանկը, որը մեր դրամից հինգ անգամ ուժեղ է՝ 100 ֆրանկը մեկ դոլար։ Բայց ամենակարեւորը 15, 20 տարի հետո Նոր Կալեդոնիայի քաղաքացիները նոր հանրաքվե կանցկացնեն եւ վերջնականապես կորոշեն՝ ուզո՞ւմ են նրանք ընդմիշտ հրաժեշտ տալ Ֆրանսիային ու լրիվ անկախ ապրել, թե՞ առաջվա պես կհանդուրժեն, ասենք, ֆրանսիական բանակի ներկայությունը եւ որոշակի կախվածությունը Փարիզից։ Ի դեպ, թեեւ անկախության հակառակորդները կիրակնօրյա հանրաքվեից հետո ուրախանում են՝ լավ է, առնվազն 15-20 տարի մայր-Ֆրանսիայից չենք բաժանվի, իսկ հետո կտեսնենք, ինքը՝ Միշել Ռոկարը, որն, ինչպես հիշում եք, 88-ի Մատինյոնի համաձայնագրի ճարտարապետն էր. «Օժուղդուի Լե պաղիզիեն» օրաթերթին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ (մեջբերում եմ) «այժմ Նոր Կալեդոնիան ի վիճակի կլինի անդամակցել միջազգային կազմակերպություններին, իսկ մի օր էլ, ով գիտի, միգուցե նաեւ ՄԱԿ-ին»։
Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են անընդհատ շեշտում, որ իրենց բերած առաջարկներում լուրջ նորույթներ են պարունակվում, այնպես էլ Ռոկարն է մատնացույց անում կալեդոնյան հայեցակարգի նորույթները։ Դրանք են (մեջբերում եմ) «քաղաքացիությունը եւ այն գաղափարը, որ աստիճանաբար անցում է կատարվելու դեպի անկախության նման մի բան»։ Համարձակվենք ենթադրել, որ անկախության նման այդ բանը իրական անկախությունից, փաստորեն, ոչնչով չի տարբերվի։ Արդյո՞ք այսօր ղարաբաղցիներին էլ նույն տարբերակն է առաջարկվել։ Եթե այո, կարծում ենք, ամենեւին էլ չարժե միանգամից ասել՝ ոչ։ Ինչեւէ, Ղարաբաղից ընդամենը մի փոքր ավելի՝ 190 հազար բնակիչ ունեցող Նոր Կալեդոնիայի ընտրողները մեզ՝ «Այո» ասել սիրող հայերիս նման, մեծ ոգեւորությամբ մասնակցեցին կիրակնօրյա հանրաքվեին։
Հանքագործները դադարեցրին գործադուլը, բեռնատարների բողոքող վարորդները վերացրին գլխավոր կղզու գլխավոր մայրուղու արգելափակումը։ Քվեարկությունը, փաստորեն, տոնի վերածվեց։ Բայց առանց ալկոհոլի։ Բարձրագույն հանձնակատար Դոմինիկ Բուրը այդ օրն արգելել էր խմիչքի վաճառքը։ Ու, թերեւս, ճիշտ էր արել՝ որպեսզի հետագայում, երբ անկախացումից հետո սկսեն անջատել կալեդոնացու գազը, հետո ջեռուցումը, հետո լույսն ընդամենը մեկ ժամ միացնեն, այն էլ գիշերը, հետո պատերազմ սկսվի, ոչ ոք չկարողանա հետ կանգնել, թե կիրակի էր, գնացինք մի երկու բաժակ խմեցինք, ոգեւորվեցինք ու «Այո» ասացինք, հաջորդ առավոտ միայն հասկացանք, թե այդ ինչ ենք արել։ Ոչ, քվեարկում ես անկախության օգտին՝ սթափ քվեարկիր։
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան