«Քաղաքական տեսակետից՝ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման հարցը ես հրատապ չեմ համարում։ Շատ ավելի կարեւոր հարցեր կան ու քաղաքականապես աննպատակահարմար եմ համարում հիմա այդ խնդրով զբաղվելը։ Իսկ իրավական տեսակետից՝ ինձ համար ակնհայտ է, որ ԱԺ-ն նման ձեւով օրենք ընդունելու եւ կառավարության կառուցվածքը փոխելու լիազորություն չունի։ Սահմանադրության համաձայն, տարանջատումը որոշելը նախագահի իմպերատիվ իրավունքն է», – Դավիթ Շահնազարյանը նշեց նաեւ, թե այս հարցի քվեարկությանը չի մասնակցելու։
«21-րդ դար» կուսակցության նախագահի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։
ԱՅԴ ՆՈՒՅՆ «ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԱՆՀԱՏՆԵՐԸ»
Դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խորհրդարանում հայտարարել էր, թե «ԱԺ-ն չի ցանկանում ստուգել անցած սեփականաշնորհման գործընթացը, որի գործող անձինք ՀՅԴ-ի կողմից մեղադրված վերոհիշյալ անհատներն են» («Երկիր», 11-ը նոյեմբերի)։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ սեփականաշնորհման գործընթացը ուսումնասիրելու վերաբերյալ նրա նախաձեռնությանը 24 կողմնակիցների մեջ էին ՀՅԴ-ի «մեղադրյալներից» Վահագն Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը։ Ամբողջական ցուցակը կհրապարակենք «Առավոտի» հաջորդ համարում։
Կարդացեք նաև
ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մյուս տարվանից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ողջ ծանրությունը էներգետիկ հանձնաժողովի անզոր ուսերից մասամբ հանելու նպատակով ԱԺ նիստի ավարտից հետո մոտեցա ՀՀ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանին։ Բարեկամաբար մտավ թեւս՝ թե. «Դե, մի քաղցր հարց տվեք, էլի՛»։ Հարցիս քաղցրությունը չերաշխավորեցի ու նախադասությունս դեռ չէի էլ սկսել. «Պրն Մարտիրոսյան, էլեկտրաէներգայի սակագինը թանկացնելու՝ ձեր պատճառաբանությունները…»… Այս խոսքերս լսելուն պես պրն Մարտիրոսյանը ոչ միայն արագ թողեց թեւս ու հետ քաշվեց՝ ինչպես բորոտից, այլեւ շտապ հեռացավ՝ ընթացքում ասելով. «Ես կապ չունեմ, դրանով էներգետիկ հանձնաժողովն է զբաղվում։ Ես կապ չունեմ»։
Ստացվում է մոտավորապես այսպես. «невиноватая я, он сам пришёл…»