Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ

Նոյեմբեր 11,1998 00:00
Aram Abrahamyan

 Շեշելը հայ ժողովրդի լավագույն բարեկա՞մն է

«Ընդգրկենք Ռուսաստան-Բելառուս միության մեջ բոլոր սլավոններին, այդ թվում՝ նաեւ հայերին»,- այդպես արտահայտվեց Սերբիայի փոխվարչապետ Վոիսլավ Շեշելը վերջերս Յարոսլավլում կայացած միջխորհրդարանական համաժողովում:

Հայերը, ինչպես որ դա սովորաբար լինում է, շոյվեցին համաշխարհային բարձր քաղաքականության ելեւէջներում իրենց անունը շոշափելուց: Այդ փառքի միակ որոգայթն այն է, որ ազգայնական Շեշելը Արեւմուտքի կողմից համարվում է պատերազմի հանցագործ եւ անցած տարի գրեթե հաղթել էր նախագահական ընտրություններում, սակայն դրանք նույն Արեւմուտքի կողմից չեղյալ էին համարվել, իսկ հետո նախագահ էր ընտրվել «փորձված թան» Միլոշեւիչը: Հավանաբար, պետք է տասն անգամ մտածել՝ նման գործիչների հետ դաշինքի մեջ մտնելուց առաջ: Երեւի, բոլոր քիչ թե շատ բանական մարդկանց համար լիովին հասկանալի է, որ Ռուսաստան-Բելառուս միությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի գործելու, իսկ դրան անդամակցելու պատրաստակամությունը կարող է լավագույն դեպքում խաղաքարտ լինել՝ առանց որեւէ լուրջ գործնական հետեւանքների:

Սակայն ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը այդ հարցի վերաբերյալ հստակ եւ վերջնական կարծիք չեն արտահայտել: Մեր իրավիճակի բարդությունը հասկանալի է: Ռուսաստան-Բելառուս նախաձեռնությանը կտրականապես «ոչ» ասելը կարող է առաջացնել կայսերական հավակնություններ ունեցող Ռուսաստանի որոշ շրջանակների դժգոհությունը: Այդ նախաձեռնության հետ համաձայնելը կարթնացնի Արեւմուտքի զայրույթը եւ կներքաշի մեզ անիմաստ ու մեզ հետ առանձնապես կապ չունեցող արկածախնդրությունների մեջ: Կարծես, մեր դարդերն են մեզ քիչ: Վերջապես, եթե հայաստանցիները գժվեին Ռուսաստան-Բելառուս միության համար, ինչպես որ դա երբեմն ներկայացվում է, ապա վերջին նախագահական ընտրություններում նրանք միահամուռ կքվեարկեին այդ միության ջերմ ջատագով Սերգեյ Բադալյանի օգտին, ինչը հաստատ տեղի չի ունեցել: Բայց եթե, այնուամենայնիվ, մենք այս ճանապարհն ենք ընտրել, ապա արժե գոնե մի քիչ սպասել: Թող սկզբից այդ միության մեջ մտնեն Իրաքը, Լիբիան, Կուբան եւ Հյուսիսային Կորեան: Հետո կմտածենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30