Առաքելություն ըստ Ալիեւի
Սկիզբը՝ թիվ 215
Խորհրդային Միության փլուզումից հետո, Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով ձգտել են խոչընդոտել ինչպես ռուսական գերակայության վերականգնմանը Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Իրանի կողմից տարածաշրջանում քաջալերվող իսլամ արմատականության ազդեցության աճին: Եւ մինչ ԱՄՆ փորձում էր իր ներդրումն ունենալ այնպիսի տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են Չինաստանի սահմանների հստակեցումն ու Աֆղանստանում չդադարող քաղաքացիական պատերազմը, երրորդ խնդիրը, որը բարդացրեց ԱՄՆ քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում՝ Կասպից ծովի նավթային պաշարների արդյունահանման եւ արտահանման մտմտանքն էր առափնյա երկրներում: Կասպից ծովի նավթային պաշարների շահագործումը առկախվեց՝ ծովի հարստությունների բաժանման շուրջ առափնյա հինգ երկրների անհամաձայնության պատճառով: Սույն խնդրին ածանցվող հաջորդ հարցը, ուր ԱՄՆ առավելապես ներգրավվեց, տարածաշրջանից նավթի արտահանման նավթամուղերի երթուղիների ճշգրտումն էր: Թեհրանը շահագրգռված է, որպեսզի նավթամուղն անցնի իր տարածքով: Ռուսաստանը պնդում է իր տարածքի նպատակահարմարության վրա, իսկ Միացյալ Նահանգները նախընտրում են Կասպից ծովի հատակով, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով մինչեւ Թուրքիա տանող նավթամուղի տարբերակը:
ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Բաքու-Ջեյհան երթուղին, որն իմիջիայլոց ամենաթանկն է բոլոր առկա առաջարկներից, նախեւառաջ քաղաքական նպատակներ է հետապնդում՝ թուլացնել ռուսական եւ իրանական ազդեցությունը Կենտրոնական Ասիայից նավթի արտահանման վայր: Եւ պատահական չէ, որ հուլիսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց, որ խնդրի քաղաքական նշանակությունը գերազանցել է ծախսերը Բաքու-Ջեյհան երթուղու վրա, եւ որ Ադրբեջանը պաշտպանել է ֆինանսավորման ԱՄՆ առաջարկը: Կարող է թվալ, որ Կենտրոնական Ասիայում, ԱՄՆ-ը հերթական քաղաքական հաղթանակը տարավ: Սակայն, հարց է ծագում. ո՞վ է ում օգտագործում ադրբեջանա-ամերիկյան փոխհարաբերություններում: Ադրբեջանը, Կասպից ծովի ավազանում, ԱՄՆ-ի միակ հավատարիմ գործընկերն է, քանզի Ղազախստանն արդեն, այդ հարցով, պայմանավորվածություններ է ձեռք բերել Ռուսաստանի հետ, իսկ Թուրքմենիան՝ Իրանի: Նույնիսկ Ռուսաստանն ու Իրանն են միավորվել ընդդեմ ստորջրյա նավթամուղի ծրագրի՝ «բնապահպանության» հողի վրա:
Կարդացեք նաև
Կարելի է իհարկե փաստարկներ բերել հօգուտ այն տեսակետի, որ ԱՄՆ մեքենայությունները Ադրբեջանի հետ հարաբերություններում, ուղղված են տարածաշրջանում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացմանը: Սակայն, նույն հաջողությամբ կարելի է փաստել, որ Ադրբեջանի ամերիկամետությունը նպատակ է հետապնդում ծառայեցնել այդ երկրի ազդեցությունը միջազգային ասպարեզում, իբրեւ լծակ ընդդեմ Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում: Ըստ էության, երկու մոտեցումներն էլ նրբերանգներում ճշմարտության հատիկ են կրում: Ադրբեջանը հիմնականում երկու նպատակ է հետապնդում. շահագործել կասպիական նավթի պաշարները եւ իր օգտին կարգավորել Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Հայաստանի հետ հակամարտությունը: Եւ այս երկու հիմնահարցերը արագընթաց փոխշաղկապվում են: Այսպես, ԱՄՆ ֆինանսավորմամբ նավթամուղին գերապատվությունը տալու վերաբերյալ Ալիեւի հայտարարության հաջորդ օրն իսկ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւը այցելեց Հայաստան եւ ըստ հաղորդագրությունների, խոստացավ ապահովել Երեւանը ժամանակակից զենքի պաշարներով:
Հուլիսի 18-ին, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն բացահայտ քննադատեց Սերգեեւի այցը Երեւան եւ հայտարարեց, որ «Հայաստան ռուսական զենքի մատակարարումների ընդլայնումը կհակասի տարածաշրջանում Ռուսաստանի միջնորդական դերին»: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը խիստ անհանգստացած է Հայաստանի հետ ռուսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ Սերգեեւի հայտարարությամբ: Հուլիսի 16-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ Գուլուզադեն վստահեցրեց հանրապետության հասարակայնությանը, որ իր այցով Սերգեեւը ընդամենը փորձում էր հանգստացնել պաշտոնական Երեւանին, որն իր հերթին անչափ մտահոգված է ռուս-ադրբեջանական համագործակցության աճով: Բայց նույն օրը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը՝ «Կրասնայա զվեզդան» հաղորդեց Հայաստանին ռուսական աջակցության ընդլայնման Սերգեեւի հայտարարության մասին, մեջբերելով նրա բառերը. «ռազմա-տեխնիկական համագործակցությունը, մասնավորապես Հայաստանի հետ, ընդլայնվելու է»:
Սերգեեւը շարունակել է. «Այդ աջակցության հետ կապված, նախատեսված են մի շարք միջոցառումներ: Դրանց շարքում են զինվորական մասնագետների փոխադարձ վերապատրաստումը, հայ մասնագետների հավելյալ ընդգրկումը Ռուսաստանի բարձրագույն զինվորական դպրոցներ եւ համատեղ զորավարժությունների անցկացումը»: Իրանը եւս ձեռք է մեկնել հայկական լծակին ընդդեմ ադրբեջանա-ամերիկյան համագործակցության: Հուլիսի 18-ին Իրանի նախագահ Մոհամմեդ Խաթամին Թեհրանում ընդունեց Հայաստանի Օպերատիվ հարցերով նախարար Շահեն Կարամանուկյանին: Խաթամին հայ-իրանական հարաբերությունները բարեկամական բնութագրելով, առաջարկել է քննարկել «հեգեմոնիզմը եւ կապիտուլյացիան հեգեմոնիզմի առջեւ, միջազգային քաղաքականության մեջ» խնդիրը: Ակնհայտորեն ի նկատի ունենալով ԱՄՆ-ը, Խաթամին նախազգուշացրել է, որ «իրադարձությունների զարգացման ընթացքը եւ դրանց հանգամանքները (նախկին խորհրդային հանրապետություններում,- Դ.Մ.) բավական նրբազգաց են, քանզի արտաքին ուժերը իրենց շահերն են հետապնդում եւ տարածաշրջանում հենարան են փնտրում»:
Ինչպես արդեն նշվեց, ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում Կասպից ծովի նավթն ու Հայաստանի հետ հակամարտությունը, ակնհայտորեն փոխշաղկապվում են: Միացյալ Թագավորություն կատարած այցի առաջին իսկ օրերին, Հեյդար Ալիեւը կոչ արեց աջակցել կովկասյան հանրապետություններին ընդդեմ ռուսական ազդեցության: Ալիեւը հայտարարեց, որ «Արեւմուտքը պետք է ընդլայնի իր ներկայությունը Կովկասում, առանձնապես Կովկասի հարավային հանրապետություններում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ներկայությունը ժողովրդավարական գործընթացների զարգացմանը աջակցության գործում»: Ալիեւը, որը Միացյալ Թագավորություն էր ժամանել նաեւ, բրիտանական կողմի հետ երեք խոշոր գործարքի շուրջ փաստաթղթերը ստորագրելու նպատակով, առիթը բաց չթողեց քննադատելու Ռուսաստանի «իմպերիալիստական քաղաքականությունը» եւ հատկապես նրա կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը:
Այսպիսով, ամերիկացիները Ադրբեջանը դիտարկում են իբրեւ կասպիական նավթի շահագործման լավագույն հույս: Ադրբեջանն իր հերթին հուսով նայում է ԱՄՆ-ին իբրեւ Հայաստանին ռուսական աջակցության հակակշիռ: Եւ վերջապես, թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Ադրբեջանն ընդունում են, որ իրենց մերձեցումն ուղղված է ընդդեմ Կովկասում Ռուսաստանի ու Իրանի քաղաքականությանը: Բայց կրկին հարց է ծագում. երբ գա ժամանակը, արդյո՞ք Ադրբեջանը կվտանգի կասպիական ծրագրերը հանուն Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշման եւ արդյո՞ք ԱՄՆ-ը տարածաշրջանում ռուս-իրանական տանդեմի հետ մրցակցության մեջ այնչափ կախում ունի Ադրբեջանից, որ պատրաստ է լրջորեն ընկղմվել հայ-ադրբեջանական հակամարտության բարդ որոգայթները:
Դ. Մ.