Նաեւ «չկայացած» ծառուղու մասին
Վանաձորում լույս տեսնող «Վասն արդարութեան» հանդեսից տեղեկանում ենք, որ հանդեսի հիմնադիր եւ հրատարակիչ՝ Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը հաղթանակել է արբիտրաժում՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի։ Կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել 147 հազար 9 հարյուր դրամի պահանջի մասին այն կապակցությամբ, որ կազմակերպությանը պատկանող՝ մարդու իրավունքների գրադարանը նախկին տարածքից (թատերական 2) «բռնի ուժով» տեղահանելիս, նրան հասցվել է նյութական ու բարոյական մեծ վնաս։
Հիշեցման կարգով նշենք, որ «բռնի ուժ» ասելով, նկատի է առնվում գրադարանի հետ կապված «հայտնի» դեպքերի ժամանակ զինվորականների խմբի հարձակումը՝ մանկական գրադարանի աշխատակիցների իրավունքները ոչ քաղաքակիրթ ձեւով պաշտպանելու նպատակով։ Պետարբիտրաժի հայցը բավարարվել է, եւ որոշման մեջ նշվում է, որ հայցվորը նյութական վնասը կրել է պատասխանողի մեղքով, վերջինիս կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հետեւանքով։
«Փաստորեն, Դուք չկարողացաք կատարել Ձեր պայմանագրային պարտավորությունները»,- քաղաքապետին ուղղված դիմում-հրովարտակում դատապարտում է կենտրոնի նախագահը։ Պետք է ասել, որ պայմանագրային պարտավորությունները չեղյալ համարվեցին այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները պարզեցին, որ քաղաքային իշխանությունների որոշումը՝ մանկական գրադարանի տարածքում մարդու իրավունքների գրադարան հիմնելը, ճիշտ չէր, քանի որ այդ կերպ խախտվում էին երեխաների իրավունքները, իսկ այդ սխալը շտկելու պատճառով նախկին որոշումը չեղյալ համարվեց («Հայի ետին խելք»)։ Ինչեւէ։ Արբիտրաժում տարած հաղթանակի առթիվ կենտրոնը գոհունակությամբ արձանագրում է, որ «Արդարությունը հաղթանակեց։ Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը ցույց տվեց, թե ինչպես պետք է գործել եւ հաղթել օրենքով։ Այն նաեւ ապացուցեց, որ ինքն անօրինական մեթոդներով չի գործում, այլ անիրավացիությանը հակադրում է իրավունք եւ արդարություն»։
Կարդացեք նաև
Շատ լավ կլիներ, եթե իրավապաշտպան կենտրոնը նույնպիսի նախաձեռնությամբ կարողանար պաշտպանել նաեւ իրավունքները ոտնահարված քաղաքացիների շահերը։ Ի դեպ, կենտրոնի նախագահը քաղաքային իշխանություններից դժգոհ է նաեւ այն պատճառով, որ տարածք չեն հատկացրել, որպեսզի մարդու իրավունքների դասընթացի ունկնդիրների աջակցությամբ «մարդու իրավունքների ծառուղի» հիմնեն։ Անշուշտ, այդ ծառուղում զբոսնելիս մարդիկ ազատ իրավունք կունենային տեղաշարժվել ե՛ւ աջ, ե՛ւ ձախ, ե՛ւ քայլելու ոչ մի սահմանափակում չէր լինի, մինչդեռ քաղաքային իշխանությունները տարածք չեն տրամադրել։
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կենտրոնի գործունեությունը կնպատակամղվի ի նպաստ ծառ տնկելու իրենց իրավունքների, մանավանդ որ, իրենց նպատակը, ինչպես նշում է կենտրոնի նախագահը, ամենեւին էլ «տարածք զավթելը» չէ, այլ՝ բարի գործ կատարելը։ Ելնելով վերոհիշյալից, ՀՀ Սահմանադրության մեջ ցանկալի կլիներ տեսնել այսպիսի կետեր. «Յուրաքանչյուր ոք ունի ծառ տնկելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-ինչ պատճառներով այն արգելվում է (թվարկել «դեպքերը»)։ Ոչ ոք իրավունք չունի արգելել ծառատունկը կամ խոչընդոտ հանդիսանալ։ Այս հանցանքը հավասարեցնել մարդասպանության եւ այլ ծանր հանցանքներին, իսկ պատժի առավելագույն չափը՝ մահապատիժը, փոխարինել հարկադիր ծառատնկման ցմահ աշխատանքներով»։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր