Նոյեմբերի 6-9-ը Ծաղկաձորի գրողների սեղծագործական տանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնած «Անկախ լրատվամիջոցների մենեջմենթ։ Լրատվամիջոցների տնտեսական դրությունը եւ պետական մենաշնորհի հաղթահարման ուղիները» թեմայով սեմինարին։ Դժվար է, իհարկե, ենթադրել, որ սեմինարին ներկա բոլոր լրագրողները եկել էին ամենայն արհեստավարժությամբ ներկայացնելու իրենց անկախ եւ «կախյալ» լրատվամիջոցների տնտեսական դրությունը։ Մանավանդ որ, սեմինարի միայն առաջին օրվա առաջին կեսին էր, որ բոլոր մասնակիցները ներկա էին։
Բացման խոսքում Վրաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամ Դեւիդ Գիրը եւ հատկապես Հայաստանում «Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնություն» ծրագրի ներկայացուցիչ Դավիթ Սանդուխչյանը սեմինարը կարեւորեցին ոչ այնքան այդ հարցերին տրվելիք կոնկրետ լուծումներով, որքան լրագրողական ընկերակցության (համերաշխության իմաստով) կայացման հնարավորությամբ։ Ասեմ, որ այդ համերաշխությունը խիստ հրատապ է։
Մինչեւ Երեւանից մեկնելը, արդեն Ծաղկաձոր ժամանելիս եւ հետագա քննարկումների ընդմիջումներին, սուրճի բաժակի շուրջ որոշ լրագրողներ իրենց մտահոգություններն էին հայտնում, որ «Առավոտի» եւ ԵՄԱ-ի միջեւ ոչ մի «ընդհարում» տեղի չի ունենում։ «Ռազմական» այս «ճակատի» բացակայությունից հիասթափվածները տարտամ հույսեր էին փայփայում «Երկիր» եւ «Առավոտ» թերթերի թղթակիցների հնարավոր առճակատման հետ, որոնք, ի զարմանս բոլորի, որոշել էին նույն համարում ապրել։ Արյան գետեր չհոսեցին, ոչ ոք պատառ-պատառ չարվեց։ Հավանաբար, այս պատճառով ամենահետաքրքիրը տեղի ունեցածի մեջ դարձյալ սեմինարն էր, որին մասնակցում էին լրագրողներ նաեւ Ադրբեջանից եւ Վրաստանից։
«Հարավային Կովկասում տպագիր ԶԼՄ-ների կայացումն ու զարգացումը», «Անկախ եւ պետական էլեկտրոնային լրատվամիջոցներ. համակեցություն նույն շուկայում», «Լրատվամիջոցների շուկայի եւ գովազդի շուկայի զարգացման հեռանկարները», «Հարավային Կովկասում ոչ պետական (մասնավոր եւ հասարակական) լրատվամիջոցների զարգացման իրավական, քաղաքական եւ տնտեսական պայմանները» թեմաներով ելույթներ ունեցան եւ տանտերերը, եւ հյուրերը։ Եթե Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների վիճակից քիչ թե շատ տեղյակ ենք, ապա այդ առումով հետաքրքրություն ավելի շատ ներկայացնում էին մեր հարեւան երկրները։ Վրաստանում, օրինակ, լրագրությունն ամենալավ վարձատրվող աշխատանքներից է, իսկ Ադրբեջանում՝ վայ թե ամենավտանգավորներից։ Նույնիսկ հրաժեշտի ընթրիքին ադրբեջանցի լրագրողներից մեկը խմեց մասնագիտական համերաշխության կենացը, որը կարող է դրսեւորվել, եթե հայ լրագրողները բողոքեն Ադրբեջանում իրենց կոլեգային ծեծելու դեպքում, եւ հակառակը։
Կարդացեք նաև
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ