Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԻ՞

Նոյեմբեր 10,1998 00:00
proktologiayi institut

Ժամանակին թերթն անդրադարձել է «Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհման խնդրին, եւ միտք էինք հայտնել, թե առողջապահության նախարարը իր համար պահեստային օդանավակայան է պատրաստում, որ, ո՞վ իմանա, եթե մի օր այլեւս նախարար չլինի, գոնե մի խոշոր բժշկական կենտրոնի գլխավոր լինի։ Իսկ դրանից առաջ «Առավոտը» միակն էր, որ գրեց առողջապահության նախարարի՝ ինքն իրեն պրոկտոլոգիայի ինստիտուտի գործադիր տնօրեն նշանակելու մասին։

Հիշեցնեմ, որ ինստիտուտի շենքի երկու հարկերն այդ ընթացքում տրվեցին միկրովիրաբուժական ծառայությանը եւ վերոհիշյալ հարկաբաժինները, ինչպես նաեւ տնօրենի աշխատասենյակը բուռն թափով վերանորոգվում էր։ Անմիջապես հրապարակումից հետո ինստիտուտի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ժողով հրավիրեց, եւ դեռ մի բան էլ մեզ վրա մատ թափ տալու փորձ արվեց։ Այնուհետեւ հանդիպեցի պարոն նախարարին, որն արդեն նույն օրն առավոտյան չարաբաստիկ հրամանը չեղյալ էր հայտարարել եւ մի նոր հրամանով տնօրեն էր նշանակվել բաժանմունքի վարիչ Հ. Բազիյանը։ Իրականությունն այսպիսին էր, կամ գրեթե այսպիսին էր մինչեւ երեկվա օրը։

«Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ-ում մի նոր ժողով էր հրավիրվել։ Ասեմ, որ իմ սուբյեկտիվ դիտարկմամբ, այստեղ ժողովներ անել սիրում են։ Երեկվա ժողովը հրավիրվել էր առողջապահության նախարարի խնդրանքով, սակայն չստացվեց այն, ինչ հավանաբար կուզեր նախարարը։ Նախ, նախարարը խնդրեց, որ լրագրողներ, եթե կան, դուրս գան, իսկ իրենց անհրաժեշտ տեղեկությունը թող ստանան նախարարությունից։ Հետո էլ հայտնեց, որ կա մի ներդրող, բարերար, որը մտադիր է գնել (սեփականաշնորհել) ինստիտուտը։ Լավ, կասեք, թող սեփականաշնորհի, մանավանդ հայտնի բիզնեսմեն է եւ պատահական մեկը չէ։ Սակայն, խնդիրն այն է, որ ինստիտուտի սեփականաշնորհման մեկ հայտ արդեն կա՝ ինստիտուտի կոլեկտիվը։ Ժողովն էլ ձայների մեծամասնությամբ (188 կողմ) կրկին հաստատեց իր իսկ վճիռը։

Գիտահետազոտական ինստիտուտը սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում է 1996 թ., գնահատված է 260 հազար դոլարին համարժեք դրամ։ Կոլեկտիվը մտադիր է օբյեկտը սեփականաշնորհել հարյուր տոկոսով, իսկ նախարարությունը պետք է եզրակացություն տա այդ մասին, սակայն այս հարցը դեռեւս ձգձգվում է։ Դեռ այս պատմության սկզբում մի հարց էի ուղղել երեկվա զրուցակիցներիս՝ ինստիտուտի գործադիր տնօրեն, տնտեսական եւ գիտական գծով փոխտնօրեններին, թե արդյո՞ք հետագայում, կամաց-կամաց իրենք դուրս չեն մղվի եւ նախարարը՝ ինքը չի դառնա ինստիտուտի տերը։ Այն ժամանակ ինձ պատասխանեցին, թե այդպիսի բան հնարավոր չէ։

Երեկ հիշեցրի հարցս, պատասխանը հետաքրքիր էր. «Դուք էն ժամանակ ճիշտ էիք, բայց մենք խաբվելու փորձ չունեինք։ 30 միլիոնի օգնություն է ստացել պրոկտոլոգիայի ինստիտուտը եւ էդ օգնությունից օգտվում է միայն իրա (Գագիկ Ստամբոլցյանի – Մ. Ե.) կենտրոնը։ Մի հատ «տաբլետկա», մի հատ ասեղ մեզ (պրոկտոլոգիային – Մ. Ե.) չեն տալիս, ասում են՝ դուք ի՞նչ գործ ունեք։ Սա նույն հիմնարկն է, բայց սահմանը դրած ա, մենակ «պագրանիչնիկ» չկա դրված»։ Այս «իրանքը» հենց այն երկու հարկաբաժին զբաղեցնող բաժանմունքներն են (միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժություն, վնասվածքաբանություն եւ քիթ-կոկորդի բաժին), որոնք ժամանակին հանձնվեցին նախարարին։

«Պրոկտոլոգիայի ինստիտուտի երեք բաժանմունքների հիվանդները տասը անգամ ավելի շատ են, քան թե իրենց չորս բաժանմունքներինը, միայն խոսքի մեջ է ասում (առողջապահության նախարարը – Մ. Ե.) թե՝ «Ձեզ ձեռք չենք տա», բայց միայն խոսքով է ասում, «պերսպեկտիվա» երբեք չի նշում»։ Անվիճելի է այլեւս, որ ինստիտուտը հարկավոր է առողջապահության նախարարին, իսկ ինստիտուտի կոլեկտիվն ուզում է ինքն իրեն պետք լինել եւ նաեւ՝ պրոկտոլոգիային։ Գործադիր տնօրեն Հ. Բազիյանին խնդրեցի ներկայացնել իր սպասելիքները. «Մեր կոլեկտիվը բաղկացած է 250 հոգուց, ժողովին ներկա էին 210 հոգի, որ այս հիմնարկը 100 տոկոսով գնելու է կոլեկտիվը, 11 հոգի դեմ քվեարկեցին, 6 հոգի՝ ձեռնպահ։ … Ես կարծում եմ, որ մենք մեր կոլեկտիվով վերջիվերջո կհասնենք էն բանին, որ կառնենք այս օբյեկտը։ Ժողովի արձանագրությունը կներկայացնենք ե՛ւ ՀՀ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԺ, ե՛ւ սեփականաշնորհման նախարարություն եւ կհասնենք մեր ուզածին»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30