Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՌՃԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Նոյեմբեր 10,1998 00:00
Aleqsandr Agamalyan

«Մեր առաջարկները շատ հստակ են՝ անգամ ոչ մասնագետի, ցանկացած ընթերցողի համար»,- իր տեսակետը հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական ենթահանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը՝ մեկնաբանելով «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին» նախագահին ներկայացված իրենց եզրակացություն հիմնադրույթները։

«Այս համակարգում մոտ 30 հազար աշխատակից կա։ Մենք եւ էներգետիկայի հանձնաժողովը համոզված ենք, որ դա չափազանց ուռճացված թիվ է։ 1990-ին, երբ անհամեմատ շատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, ընդամենը 7600 մարդ էր աշխատում այս ոլորտում։ Եվ եթե հաշվի առնենք, որ վարձավճարները գանձվում են ոչ թե էլեկտրացանցերում, այլ բանկերում, փոստերում եւ այլն՝ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչով է զբաղված այս 30 հազարանոց բանակը։ Չնայած, եթե սա իշխանությանը հասկանալի չէ՝ ժողովուրդը շատ լավ էլ գիտի, թե ինչով են նրանք զբաղված. շրջում են բնակարաններով, հաշվիչները հետ ֆռռացնում ու դրանով «ապրում»։ Ի դեպ, նրանք նաեւ բարձր աշխատավարձ են ստանում։ Մենք համարում ենք, որ առնվազն 3 անգամ կարելի է կրճատել այս բանակը։

Երկրորդ հարցը էլեկտրաէներգիայի կորուստներն են։ Ինչի՞ հաշվին են հաշվիչները հետ ֆռռացնում, որտեղի՞ց այդ պաշարը։ Կորուստներն էլ են ուռճացված՝ թույլատրելի սահմանը այժմ 19,1% է։ Ցանկացած հաշվարկ, նաեւ՝ խորհրդային շրջանի փորձը ցույց է տալիս, որ 12-19%-ից ավելի կորուստներ չպետք է լինեն։ Եվ երբ 19% է սահմանված, իսկ ցանցում իրական կորուստը, ասենք՝ 8% կամ 5% է, մնացածը կարող է օգտագործվել յուրացումների համար։ Իսկ նույն էներգետիկայի հանձնաժողովը վկայում է, որ իրական կորուստները շատ ավելին են՝ 35-36%։ Այսինքն, գողանում են շատ ավելին եւ փոխարենը համալրում այլ միջոցներից՝ ասենք, վերականգնման ծախսերից։ Եվ այսօր էներգետիկայի հանձնաժողովի ամենալուրջ փաստարկն է, որ իրենց վերականգնման ու վերանորոգման համար մեծ ծախսեր են հարկավոր։ Իսկ մենք պնդում ենք, որ այդ կորուստների տոկոսների տարբերությունը օգտագործվում եւ չարաշահվում է։

Երրորդ խնդիրն էլ է ակնհայտ՝ համակարգում շահույթն 9% է ընդունված։ Սա գերբարձր ցուցանիշ է եւ տնտեսապես հիմնավորված չէ։ Նման համակարգերի պրակտիկայում 4% շահույթն է ընդունված։ Եվ բոլոր անկախ փորձագետները վկայում են, որ 9%-ը եւս ուռճացված է։ Նույն հանձնաժողովի անդամները մասնավոր զրույցներում արդարանում են. «Դե, պետք է ֆոնդեր ունենանք, որ արտասահման մեկնենք շրջագայությունների» եւ այլն։ Պարզ է, որ այս տոկոսները «լավ կյանքի» համար են նախատեսված եւ տնտեսական անհրաժեշտություն չեն։ Հաշվարկներում նաեւ անհարկի կլորացումներ կան, որոնց ընդհանուր քանակը տարեկան բավական մեծ թիվ է կազմում, որ ներկայացված է մեր փաստաթղթում։ Սա ուղղակի արտառոց դեպք է։ Տնտեսական ընդհանրապես չհիմնավորված պարամետրեր կան նաեւ։ Կարճաժամկետ վարկերի մարման տոկոսները ներառված են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ տնտեսագիտական տեսակետից սա անթույլատրելի է։

Եվ վերջապես, Իրանից ընդամենը 2 ամիս բարձր գնով էլեկտրաէներգիա ենք ստացել եւ 2-րդ տարին է՝ դրա արժեքը սակագնի մեջ է ներառված ու չգիտես էլ, թե դեռ ինչքան դա կշարունակվի։ Այս ամենի վերաբերյալ մեր 6 պարզ առաջարկներն իրականացնելով՝ կարելի է մոտ 25%-ով սակագին իջեցնել։ Եվ սա առաջին քայլն է։ Փաստաթղթում մենք մի համալիր փաթեթ ենք ներկայացրել երկրորդ փուլի վերաբերյալ, թե ինչպես է պետք ընդհանրապես համակարգն առողջացնել, որն էլ սակագնի հետագա նվազեցման հնարավորություն կընձեռի։ Մեզ ներկայացվող հակափաստարկներն ընդամենը վերականգնման ծախսերին եւ սղաճին են վերաբերում։ Առաջինի վերաբերյալ արդեն ասացի, որ այդ միջոցներն այսօր նպատակային չեն ծախսվում, որ պիտի շտկվի։ Ի դեպ, ԱԷԿ-ի կամ ՀԷԿ-երի վերանորոգման ծախսերն արդեն իսկ ներառվում են դրանց ներքին սակագնի մեջ՝ այս մասին գիտեն բոլոր տնտեսագետները։ Այնպես որ, այս դեպքում այդ փաստարկը չի գործում։ Առավել եւս, որ նոյեմբերի 4-ին նախագահը ստորագրեց ՀԱԷԿ-ին հարկային արտոնություն սահմանելու որոշումը, որով այն ազատվեց ԱԱՀ-ից։ Եվ Գագիկ Մարտիրոսյանը, որ ԱԺ-ում ներկայացնում էր այս հարցը, պնդում էր, թե բյուջեն չի տուժի այս միջոցառումից, սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի լինի։

Արդյունաբերական ձեռնարկություններից էլեկտրաէներգիայի վարձը չի հավաքվում՝ սա պիտի համակարգվի։ Առաջարկել ենք վերականգնել բոլոր հիմնարկների էներգահամակարգի իրական հաշվեկշռային արժեքը, որ թույլ կտա ճիշտ կարգավորել հարցերը։ Ինչ վերաբերում է սղաճի փաստարկին՝ այն անլուրջ անվանելն էլ է քիչ։ Դեռ այն շատ քիչ է աճել, բայց մյուս տարվա վերջի համար սղաճի կանխատեսումներով արդեն այդ հաշվարկն ուզում են ներառել սակագնի մեջ։ Պարոնա՛յք, դեռ 8 դոլարի փոխարժեքը 552 դրամ չի դարձել, բնակչության աշխատավարձը դեռեւս չի բարձրացվել, սոցիալական միջոցառումները չեն արվել՝ արդեն խոսում ենք սղաճի փոփոխությունը սակագնի մեջ ներառելու մասի՞ն։ Սա լիովին սխալ է։ Ուղղակի բյուջետային խնդիրները փորձում են սակագնի բարձրացման շնորհիվ լուծել։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունների կողմից ճնշում կա (այս մասին գրվել է «Առավոտում»)՝ նրանք պարտադրում են եւ, թվում է, թե բանավիճելու իմաստ էլ չկա՝ միեւնույն է, սակագինը բարձրացվելու է։ Գուցե ճիշտ է, բայց սա մեդալի մի երեսն է։

Ինչո՞ւ է մեր իշխանությունն այդպես հեշտ տեղի տալիս այդ պարտադրանքի առջեւ։ Ինչո՞ւ չի հակադրվում այդ ճնշմանը։ Չէ՞ որ դրանք Բագրատյանի օրոք ստորագրված փաստաթղթեր են։ Ինչո՞ւ այդ հարցը չի արծարծվում ԱԺ-ում. չէ՞ որ այն քաղաքական մարմին է եւ կարող է այլ որոշում ընդունել։ Իշխանությունը մեզ չի ասում, որ նման խնդիր կա եւ գնում է հեշտ՝ նվազագույն դիմադրության ճանապարհով։ Իսկ այսբերգի չերեւացող մասը այլ է։ Մենք հրաշալի տեսնում ենք, թե էներգացանցերի ղեկավարները, համակարգի միջին պաշտոնյաներն ինչ կյանք են վարում՝ մեքենաներ, բջջային հեռախոսներ (եւ պարզ չէ, դրանցով իրո՞ք պետական, թե՞ մասնավոր հարցեր են կարգավորվում), հրաշալի կահավորված առանձնասենյակներ (եթե վերականգնման համար գումարներ չեն հերիքում՝ առանձնասենյակների վերանորոգման համար դրանք հերիքում են)։ Բոլորի համար ակնհայտ է, որ այստեղ հսկայական չարաշահումների դաշտ կա եւ մի մեծ խավ, որն օգտվում է այդ հնարավորությունից։ Եվ, իհարկե, նրանք այժմ հսկայական ճիգեր են գործադրում, ճնշում իշխանությանը, որ չզրկվեն այդ եկամուտներից ու լավ կյանքից»։

Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30