Լրահոս
Օրվա լրահոսը

Սոկրատեսը Սոկրատես չէ առանց Ցիկուտայի …

Նոյեմբեր 10,1998 00:00
Anahit Adamyan

Ամենակարեւորը՝ մենք կորցնում ենք ընթերցողին եւ ունկնդրին, մարդիկ այլեւս չեն հավատում մեզ, որ բարին, գեղեցիկը, հավերժականը վաղուց անտի չենք սերմանում։ Մարդուն ու նրա ցավը հասկանալու փոխարեն որսում ենք փաստեր, որոնում ենք խառնակություններ ու խայտառակություններ, որ հեղինակենք եղած ու չեղած սենսացիաները։ Կարեւորը ալիքի վրա լինելն է, տեղատվությունը մեզ համար չէ, մերը մակընթացությունն է, հընթացս կորոշենք՝ ուր, հավարտ՝ կհասկանանք՝ ինչու։ Ինչո՞ւ դեռ ՄԱԿ-ը հատուկ նստաշրջան չի հրավիրել, ինչո՞ւ է լռում Ամերիկան, ի՞նչ են մտածում ՆԱՏՕ-ում, ե՞րբ է սկսվելու երրորդ համաշխարհայինը, չէ՞ որ Հայաստանում նորից սպանվել է Ֆրանց Ֆերդինանդը՝ մեր մատը փուշ է մտել։ Ահավոր է, 1937, չէ, 1915 թիվ… Բռնաբարում են ազատությունը՝ խոսքի, խղճի, ԺՈ-ՂՈ-ՎԸՐ-ԴԻ… հասեք, ով տղամարդ է… Չհասնեք, հաջորդը դուք եք…

Ահա լրագրային հրապարակումների գերակշռող մասի ենթատեքստը։ Հետո՞։ Մի բաժակ կեղտոտ ջրի հերթական «փոթորիկը» տարտղնված ուղեղներում։ Մամուլը դարձյալ թատերաբեմ բոլոր նրանց, ովքեր ինքնարտահայտման այլ հնարավորություններ չունեն՝ ուրիշներին հայհոյելուց եւ սեփական ձախողումների ու դժբախտությունների մեջ ամբողջ աշխարհին մեղադրելուց բացի։ Ոչ, պատերազմում՝ ոնց պատերազմում։ Ի մարտ՝ մահ կամ ազատություն։ Այլընտրանք՝ չիք։ Սոկրատեսը Սոկրատես չէ առանց ցիկուտայի։ Ազատության մասին։ Խոսքի ազատության, որ պիտի ենթադրեր պատասխանատվություն, ստորագրության պատիվ ու… հիշողություն՝ երեկվա ու այսօրվա գրածների, որոնց համադրումից առնվազն տարօրինակ պատկեր պիտի ստացվի, եթե ոչ սոսկ պատվեր կատարելու պատրաստակամություն։ Որովհետեւ անհնար է, որ կայուն համոզմունքներ ունեցող նույն մարդը երեկ փրփուրն ի բերան պաշտպաներ մի գաղափար՝ հանուն ժողովրդի, այսօր՝ տրամագծորեն հակառակը՝ հանուն ժողովրդի։

Ինչքա՞ն ու մինչեւ ե՞րբ պիտի ոտնահարվի ճշմարիտ ու անկողմնակալ լրատվություն ստանալու մարդկանց իրավունքը։ Եվ ոչ ոք, ոչ ոք չի մտահոգվում՝ հոսանքի բերանն ընկած տաշեղների կարգավիճակով ալիքի կատարին հայտնվելիս ցնծում են, ալիքի տակ՝ նվում։ Մտածելու դեպքում գոնե մեկը կկարողանար հասկանալ, որ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը կոչված են ոչ միայն հասարակական կարծիք արտահայտել, այլեւ ձեւավորել։ Ի՞նչ ենք ընդունում իբրեւ իդեալ՝ մազփետոցի՞ն ու կուրծքծեծոցի՞ն, ավելիի ընդունակ չե՞նք արդեն։ Այլ խնդիրներ չկա՞ն։ Քարոզչական-տեղեկատվական այս քաղաքականությունը վարող պետությանը չեմ հավատալու։ Ոչ ընտրություններից առաջ, ոչ ընթացքում, ոչ հետո։ Ու չեմ հավատալու ընտրությանը, որ վերածվում է նշանակման։

Պետությունը չի կարելի նույնացնել պետական պաշտոնյաների հետ, որոնք որոշակի ժամանակով ընտրված կամ նշանակված են պետության խնդիրները լուծելու համար։ Աքսիոմաները չվերածենք թեորեմաների, ապարդյուն ապացուցման չնվիրենք մեզ, որ հետո չասենք՝ մեզ չհասկացան։ Ես, որ ընթերցող եմ, չեմ ուզում, որ «հանուն ինձ» ինձ անվերջ մոլորեցնեն, ընդհանրապես որեւէ թերթ չկարդալու եւ գրածներին չհավատալու բոլոր իրավունքները տալով։ Իսկ նրանք, որ կոչված են ինձ՝ ընթերցողիս, տեղեկատվություն տալու, հասարակական կարծիք արտացոլելու, իրավունք չունեն ինձ հետ այդպես վարվելու։ Այլապես դառնում են ինքնանպատակ եւ անցնում են ինքնասպասարկման։ Մինչդեռ ջատագովում են պետություն-հասարակություն կապի ու վստահության վերականգնման անհրաժեշտությունը։ Ես չեմ հավատալու, երբ իմ ընթերցողական ու ունկնդրային շահերը «պաշտպանելով», թերթերից ու եթերից ինձ են դիմում «Դուք ի՞նչ գիտեք, մենք ամեն ինչ գիտենք, լսել ենք, տեսել ենք, հասկացել ենք» «ներողամիտ» հեգնանքով։ Ամենագետ «մենք»-ի ու անգետ «դուք»-ի անջրպետը հնարովի պատնեշ է, որ որքան էլ մեկնաբանման ինքնատիպության կամ անհատական մոտեցման հնարքներով «բացատրես», չի արդարացվում։

Դեմագոգիայի չվերածենք ժողովրդավարության ու անձի իրավունքների պաշտպանությունը, քանի դեռ այնքան չենք հասունացել, որ մեզ զատենք պետությունից ու պետականությունից։ Չափանիշներ չունենալը եւ արժեքային ու արժանիքային սանդղակի թյուրըմբռնումը միշտ էլ կոտրած տաշտակի է հանգեցնում։ Կանգ առնելու ու մտածելու կոչ չէ։ Ցավ է։ Անպարագիծ ափսոսանք, որ օրվա լույսն ու ուժը սպառում ենք հայտնի չէ ինչի վրա։ Մեզ պետք են օրընթաց հաղթանակներ, թեկուզ Պյուռոսյան, մենք վաղվա օր չունենք, Ռուբիկոնն անցած՝ մենք վերադարձ չունենք դեպի մեզ, որովհետեւ ոչ մեկս չի կարող ասել՝ հաղթեցի։ Ի՞նչ հաղթանակ։ Ո՞ւմ դեմ։ Այսպես էլ ապրում ենք, որովհետեւ ԽՆԴԻՐ չունենք, լուծում ենք հարցեր՝ մեզ հասու ու անհասանելի, վայել ու անվայել ճանապարհներով։ Քավ լիցի, քարոզներից կուշտ-կուշտ ենք, յուրաքանչյուրս առաջնակարգ քարոզչի հավակնություններով լիքն ենք։ Բայց հասկանանք՝ ի՞նչ ու ինչո՞ւ։ Հասկանանք, որ երկիրը ինքն իր առանցքի, ոչ մեր շուրջն է պտտվում, բայց պատասխանատու ենք, որ պտույտի առանցքն ավելի չշեղվի։ Ծովը փոթորկվելիս իսկ չի կորցնում ինքնամաքրման ընդունակությունը։ Ոչ ոք հավերժական չէ։ Ոչ մի տեղ։ Հավերժականը կյանքի ճշմարտությունն է, որտեղ իշխանություն-ընդդիմություն դերերը, նաեւ դերակատարները, հերթագայում են։ Համենայնդեպս՝ ժողովրդավարական երկրներում։

… Ամենակարեւորը՝ բոլորս Սոկրատես ենք։ Ցիկուտա չկա։

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30