Ուրբաթը Եղիան էր, իսկ Ռոբինզո՞նը…
ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության կոնֆերանսին մասնակցում էին 77 ընտրվածներից 71 պատվիրակ։ Մինչդեռ հասարակական պատկերացումներում դեռ հիմա էլ իշխում է այն կարծիքը, որ հնչակները համարյա թե տիեզերագնացների քանակն ունեն։ Հնչեց Հայաստանի հիմնը (կենդանի կատարմամբ), իսկ հիմնից էլ ավելի երկար՝ հնչակյանների օրհներգը… Ընտրվեց նախագահություն (3 հնչակից բաղկացած), 5 հնչականոց քարտուղարություն, խմբկոլ, մանդատային հանձնաժողով։ Լավագույն հյուրընկալողի պատրաստակամությամբ հնչակները մինչեւ կոնֆերանսի «բուն բովանդակությանն» անցնելը, ողջույնի համար ձայներ տրամադրեցին նախ Հայկոմկուսի առաջնորդ Ս. Բադալյանին, Հայդեմկուսի փոխառաջնորդ Ա. Հովսեփյանին, ՀՖՇ՝ Հայ ֆերմերային շարժման պատասխանատու Ս. Սեդրակյանին, ակադեմիկոս Գ. Ղարիբջանյանին…
Ս. Բադալյանը հիշեցրեց, որ իրենք «քույր-կազմակերպություններ» են, որի հետ ունեն ընդհանուր արմատներ եւ ընդհանուր ապագա։ Ա. Հովսեփյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը միակ երկիրն է «ազատ շուկայի դիմաց մոմ վառող» եւ որ իրենց համար էլ անընդունելի է, երբ քաղաքական «բանկրոտ» կուսակցությունները աջից ձախ են տեղափոխվում, ձախից աջ, «կոմիկական փորձ անելով սոցիալ-դեմոկրատ» երեւալ, կամ վերոնշյալ երեւույթի փիլոնն իրենց ուսերին գցել…
Հնչակյան «շեֆերից» Վահրիճ Ջերեջյանը շնորհակալություն հայտնեց «բազմահազար մարմիններու» կողմից, որ իրենց կոնֆերանսը «առաջին եւ երկրորդ դեմքերով պատվեցին», ցույց տալով զորակցություն։ Առավել նաճարյանական էր Հայաստանի ՍԴՀԿ Վարիչ մարմնի ատենապետ, ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի հաշվետվությունը։
Կարդացեք նաև
«Դանդաղ գործողության ռումբն» էլ էր Եղիա կոչվում
Ըստ ատենապետի, անցյալ ժամանակահատվածում ոտնահարված է եղել ներկուսակցական դեմոկրատիան, որն հանգեցրել է «հաստատուն քայլերով սեփական վարկաբեկմանը»։ Ու դա շնորհիվ 1991-ի, երբ «դանդաղ գործողության կործանարար ռումբը՝ Եղիա Նաճարյանը» կուսակցություն ներմուծվեց՝ «փայլուն կատարելով իր գործը, պնակալեզությունից իշխանություններին, մինչեւ կուսակցության դրոշի, սենյակների, ավտոմեքենաների վաճառքը, ընկերներին դավաճանելը, որի գագաթնակետն էր Հայաստանից գլուխը կորցրած փախչելը»։
Նշվեց նաեւ, որ առեւանգվել է կուսակցության արխիվը։ Նաճարյանական դարաշրջանի մասին բնորոշումները սահման չէին ճանաչում, երբ խոսվում էր «Մուրադ» ջոկատի հրամանատարության եւ ցկյանս նախագահի, երիտասարդ հնչակների եւ ցկյանս առաջնորդի փոխհարաբերությունների մասին։ «Պնակալեզությունն իշխանությունների նկատմամբ այն աստիճանի էր հասել, որ անգամ տհաճ վիճակի մեջ էին հայտնվում իրենք՝ իշխանություն կրողները», սա գնահատականն էր իշխանություն-կուսակցություն փոխհարաբերությունների։ է. Սողոմոնյանից տեղեկացանք նաեւ, որ իր ներկայությամբ «բազմիցս Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Կարամանուկյանը խնդրում էին մեր նախկին «առաջնորդին» զուսպ լինել գնահատականներում, չվերածել «Հնչակ Հայաստանի» թերթը զավեշտական մի օրգանի»։ Սակայն իրողությունն այն էր, որ կուսակցությունն այնքան էր վարկաբեկվել, որ «փչացել էր նաեւ նախկին տերերի համար»։ Վախի մթնոլորտի մասին հիշատակելով, նա ասաց, որ «հները», որոնք ընդամենը 3-4-ն են, չեն ընդունում Հայաստանի հնչակյանության ներկա ղեկավարությանը, «փորձում են նենգ ճանապարհով խանգարել կուսակցության առաջընթացը»։
Եղիա-ՀՀՇ դարաշրջանն էլ գնահատվեց այսպես. «Կադրային անհեռատես քաղաքականության շնորհիվ ծաղկեց պրոտեկցիոնիզմը, կաշառակերությունը, թալանը»։ Ի՞նչ էր անում կուսակցությունը, ինքնահարցին պատասխանեց. «Կառույցներ չունեցող, տերերի կողմից լքված… անհեթեթ հայտարարություններ՝ միանձնյա գրված այստեղ կամ Բեյրութում։ Եղիան հայտարարեց նաեւ, որ ինքը նախկին նախագահի Ուրբաթն է…»։ Այնուհանդերձ, հնչակյանները, լծվելով «դիվանային աշխատանքի», ցկյանս առաջնորդին զրկեցին շարքային անդամի պարտականություններից… Հաշվետվության մեջ մի մուշտի տրվեց արհեստավարժների կառավարությանը, որ կադրային բանկ չստեղծեց. մի մուշտի էլ՝ ՔԽ-ին, որ «չգիտես ինչու» իրենց չի հրավիրել, ի լուր աշխարհի հնչակյանությանը հավաստելով. «Մենք ձգտելու ենք իշխանության՝ ժողովրդի շրջանում սոցիալ-դեմոկրատական հայացքները տարածելու եղանակով»։ Իսկ ԱԺ ընտրություններին գնալու են ոչ միայն «քաղաքակիրթ», այլ «իրար ֆինանսապես-բարոյապես, քրոջ եւ եղբոր պես օգնելով»։
Կենտրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Եղիկ Ջերմեջյանը մոտավորապես ոչ երանի տվեց այն պատմաբանին, որը կխրունիների կողքին վաղը պիտի հանդիպի Ե. Նաճարյանի անվանը։ Հռետորական հարցն ավելի քան «հուզիչ» էր. «Արդյոք այս բոլորին մեջ մինակ ի՞նքն էր սխալականը» եւ հետեւեց նույն ժամանակ էլ պատասխանը. «Եղիա Նաճարյան երեւույթի դրսեւորման մեջ հանցավոր ենք բոլորս, հանցավոր է կուսակցության գերագույն մարմնից մինչեւ վերջինը…»։ Քննադատեց նաեւ այն ընկերներին, որոնք մինչեւ վերջերս «ավելի թույլատու» էին եւ «կփորձեին փոքր դեղերով այս մեծ վերքը բուժեին»։ Եթե հավելենք, որ այս մեծ վերքին «Կենտրոնական վարչությունը հարյուր հազարավոր դոլարներ է տրամադրել», ապա պատկերացրեք կիրակնօրյա կոնֆերանսի տրագիկոմեդիան…
«Ցավ ի սիրտ, որ նախկին վարչակարգը, որին թեւ եւ թիկունք եղանք, օգնեցին, որ Եղիա Նաճարյանն այդպիսի մեղքերի մեջ իյնա»։ Դատապարտելով «Եղիան եւ իր գործակիցները», մասնավորապես, պրն Ջերեջյանը ասաց, որ արտաքսելուց հետո մնացել է Եղիայի դատավարությունն անել, հիշեցնելով ամենեցուն. «Դավաճաններ եղած են մեր մեջ, որոնք գնդակահարված են»։ Եղիայի տիկը տեսականորեն հանելուց հետո կուսակցության դրսեկ տերերը հիշեցին ընկեր Էռնեստին, որին դիմելով ասացին. «Ընկեր Էռնեստ, մենք քու ուսերու վրա կդնենք շատ ծանր պարտականություն եւ դուն քո միջոցներով պիտի վերականգնես շրջանը», դրանով կանխորոշելով նաեւ ընտրության ելքը։ Պատվիրակներից միայն Երեւանի ատենապետ Յուրի Խալափյանը կուսակցության ամենամեծ լծակներից մեկը համարեց «կուսակցության վերադաս կենտրոնի» հանգրվանը մայր Հայրենիքում…
Մի քանի ելույթներից հետո պատվիրակներին ներկայացվեց որոշման նախագիծը՝ հաշվետվության վերաբերյալ, ուր նաճարյանական շրջանը գնահատվեց անբավարար, էռնեստյան շրջանը՝ բավարար։ Սակայն որոշման նախագծում փորձ արվեց «անցկացնել» Ալեքսան Խաչատրյանի հեռացման հարցը, ինչն արժանացավ «Կենտրոնի» դժգոհությանը. «Ընկերներ, այստեղ ֆորմի հարց կա», որը դահլիճային ձեւակերպում ստացավ այսպես. «մեր հայերենը ձեր հայերենը չի», ինչը, հասկանալի էր, կապ չուներ հնչակյան-արեւելահայերենի եւ հնչակյան-արեւմտահայերենի հետ։ Ձեւակերպում ի վերջո գտնվեց. «Դիմել ՍԴՀԿ կենտրոնական վարչությանը… հեռացնել շարքերից՝ հակակուսակցականության… համար» (Այս հարցի առթիվ է. Սողոմոնյանի միջամտությունն այսպիսին էր. «Չի կարելի սուտ-սուտ բաներ ասել ու չպատժվել»)։ 11 հնչականոց Վարիչ մարմնի եւ Էռնեստ Սողոմոնյանի միաձայն ընտրությամբ կոնֆերանսն ավարտեց աշխատանքը։
Նորընծա ատենապետն «Առավոտին» գոհունակորեն ավետեց. «Այն, ինչ ինձ է վստահվում, հաջող է վերջանում»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ