Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դուն էն գլխեն

Նոյեմբեր 10,1998 00:00
Aram Abrahamyan

Վարչապետ Արմեն Դարբինյանը՝ պետականության գլխավոր երաշխավոր

Ուրբաթ, հանդիպելով խորհրդարանի «Շամիրամ» խմբակցության հետ, վարչապետ Արմեն Դարբինյանը նշեց, որ պայքարելու է այն բոլոր գործիչների դեմ, ովքեր կասկածի տակ են դնելու նախագահի լեգիտիմությունը: Վարչապետը նաեւ հավելեց, որ 1999 թվականի բյուջեն իր համար նախագահի լեգիտիմության նման մի բան է, եւ նա անխնա պայքար է ծավալելու նաեւ բյուջեի որեւէ կետին չհամաձայնողների հետ: «Ինչպե՞ս եք պայքարելու»,- հարցրին հետաքրքրասեր կանայք: «Նաեւ տնտեսական մեթոդներով», – պատասխանեց պրն Դարբինյանը: Այսպիսով, վարչապետը հասցրեց տարվա բյուջեի հարցը սահմանադրական կարգի եւ պետականության մակարդակին՝ տնտեսական պատժամիջոցներով սպառնալով բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ կասկածում են իր՝ Արմեն Դարբինյանի, հանճարին եւ իր կազմած բյուջեին:

Բյուջեն, մի խոսքով, քննադատել չի կարելի: Կարելի է միայն գովերգել վարչապետի իմաստությունը: Բարեբախտաբար, դրա համար առկա են համապատասխան աշուղներ: Իրոք, կան որոշ հարցեր, որոնց քննարկումն արդեն իսկ պետական հանցագործություն է եւ որտեղ պետք են պրն Դարբինյանի նման անխոնջ մարտիկներ: Վերցնենք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրը: Պաշտոնական աղբյուրները դրա համար գտնում են տասնյակ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգեբանական հիմնավորումներ: Մնում է միայն, որ գների բարձրացումն արդարացնեն Հեգելի դիալեկտիկայով եւ Ֆրեյդի հոգեվերլուծությամբ: Մինչդեռ ամեն ինչ պարզ է. մենք կատարում ենք Միջազգային արժութային հիմնադրամի պահանջները, որն, ի թիվս այլ փաստաթղթերի, մեզ է ներկայացրել էլեկտրաէներգիայի գների բարձրացման գրաֆիկը՝ ընդհուպ մինչեւ «միջազգայնորեն ընդունված նորմերը», որը մենք սրբորեն կատարում ենք: Չկատարենք՝ փող չեն տա: Եվ ոչ մի հիմնավորում էլ պետք չէ. պայքար է պետք ծավալել գների հարցը բարձրացնողների դեմ՝ նաեւ տնտեսական մեթոդներով:

Կիրակի «Օրակարգ» ծրագրով «Երկրապահի» ընտրական օրենսգիրքը ներկայացրեց պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանը: Նրա ելույթն այնքան բովանդակալից էր եւ ինֆորմացիայով հագեցած, որ առավել հաջող դրվագները նույնիսկ կրկնվում էին երկու անգամ: Չպարզաբանված մնաց 2-3 փոքրիկ հարց. որն է «Երկրապահի» տարբերակի էությունը, ինչով է այն տարբերվում ընդդիմադիր կուսակցությունների նախագծից եւ ինչու պետք է ընդունվի հենց այդ տարբերակը: Դրանք, սակայն, անկարեւոր դետալներ են: «Երկրապահի» տարբերակին պետք է վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես նախագահի լեգիտիմությանն ու բյուջեին եւ, բնականաբար, տնտեսական պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց հանդեպ, ովքեր դեմ են այդ տարբերակին: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը կատակ չէ:

ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունն իր փող վաստակելու օրինական, կիսաօրինական եւ անօրինական միջոցներով այնպիսի ամուր թելերով է կապված գործադիր իշխանության հետ, որ վերջինս հեշտությամբ կարող է կտրել պատգամավորների «թթվածինը», եթե նրանք նշված /եւ մի շարք այլ հարցերում/ կամակորություն ցուցաբերեն: Պատգամավորների «բիզնեսն» ամբողջությամբ կառավարության ձեռքին է, այդ բիզնեսը ջարդելը նրա համար 10 րոպեի գործ է: Կառավարությունն իսկապես հնարավորություն ունի /եւ 7 տարի ուներ/ տնտեսական մեթոդներով պայքարելու գրեթե ցանկացած քաղաքական գործունեության դեմ: Այնպես որ միայն Բուրկինա Ֆասոյի քաղաքագետները կարող են ենթադրել, թե բյուջեն կամ «Երկրապահների» ընտրական օրենսգիրքը չեն ընդունվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30