Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ, որ մամուլի համար չէին նախատեսված

Նոյեմբեր 10,1998 00:00
Armen Darbinyan

Անցած շաբաթ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն անընդհատ հաղորդագրություններ էր տարածում վարչապետի եւ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների միջեւ կայացած հանդիպումների մասին։

Հանրապետության պաշտոնական մամուլում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նոյեմբերի 5-ին եւ 6-ին վարչապետը հանդիպել է «Հայրենիք», «Շամիրամ» եւ ԱԺՄ խմբակցությունների հետ։ «Հանրապետություն» պատգամավորական խմբակցության անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի 6-ին վարչապետը հանդիպել է նաեւ իրենց հետ։ Ըստ պատգամավորի՝ չի կարելի ասել, թե հանդիպումն անցել է «ջերմ, բարեկամական մթնոլորտում»։ Վարչապետը ներկայացրել է հանրապետության տնտեսական վիճակը, խոսել 1999 թ. բյուջեի մասին։ Հանդիպման մասին պատմող պատգամավորը նշեց, որ վարչապետը 1999 թ. բնութագրել է որպես ճգնաժամային։ (Հավանաբար, պատճառն այն է, որ եկող տարվանից ավելի մեծ գումար ենք վերադարձնելու հին պարտքերի դիմաց, քան՝ ստանալու ենք նոր պարտքերի տեսքով- Ա. Գ.)։

Ասվել է, որ 1998 թվականին հարկային մուտքերը 97-ի հետ համեմատած աճել են 41%-ով։ Հարկային մուտքերի նման աճ հնարավոր է եղել միայն վարչական մթոդների կատարելագործմամբ։ Այս ցուցանիշը եւս վարչապետը սահմանային է գնահատել։ Եվ, ըստ նրա, այլեւս անհնար է վարչարարության կատարելագործմամբ ավելացնել բյուջետային մուտքերը։ Վարչապետը նշել է նաեւ, որ տնտեսական աճի հիմքեր կարող են ստեղծվել միայն 2002 թվականից հետո։ (Հիշեցնենք, որ արտաքին պարտքերի մարման ամենամեծ գումարը Հայաստանը վճարելու է 2001 թվականին- Ա. Գ.)։ Խոսվել է նաեւ նախկինում կնքված պայմանագրի մասին։ Իրանից գազի ներմուծումը՝ գազամուղի անցկացմամբ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարության շարունակումը իմաստ կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունն արտահանի էլեկտրաէներգիա։ Այս դեպքում արդեն կարեւորվում է նաեւ Թուրքիայի հետ տնտեսական կապերի հաստատումը։

Փաստորեն, վարվող տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցված չի արտաքին քաղաքական կուրսի հետ։ Հանդիպման մասին պատմող պատգամավորը նշեց, որ վարչապետի խոսքից հետո նրան որեւէ հարց չի տրվել։ Իսկ հանդիպումից հետո «Հանրապետություն» խմբակցության անդամները որոշել են չհրապարակել մանրամասներ հանդիպման մասին։

Ա. Գ.

Հ. Գ. Վերը նշվածը ճշտելու համար «Առավոտի» թղթակիցը դիմեց պատգամավոր Շահեն Պետրոսյանին։ Նա չցանկացավ հաստատել կամ հերքել մեր ունեցած տեղեկությունները, բայց, ինչպես միշտ, խիստ յուրօրինակ պատասխան տվեց. «Իշխանությունները ձեռքներից եկած ամեն ինչ անում են, որ ժողովուրդը եկող տարվա ընտրություններում նորից մեզ ընտրի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30