Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ

Նոյեմբեր 10,1998 00:00
Paruyr Hayrikyan

Մինչ այժմ՝ նախնական ու բանավո՞ր արձագանքներ

Օգոստոսի 26-ին հրավիրված ասուլիսում Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե հասարակությանը հայտնի կուսակցությունների հետ Սահմանադիր ժողովի միջոցով նոր Սահմանադրություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են սկսում։ Նաեւ խոստացել էր, որ առաջիկա 10 օրում այդ մասին ընդհանրական հայտարարագիր եւ նախաձեռնողների մամուլի ասուլիս է լինելու։

Երկու ամսից ավելի է անցել, սակայն ոչ նման հայտարարագիր է հրապարակվել, ոչ էլ ասուլիս է հրավիրվել։ Պատճառները պարզելու համար դիմեցինք նախագահի խորհրդական, Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին. «ԻՄ-ը հայտարարություն արեց Սահմանադրական դաշինք ստեղծելու մասին, նամակներ ուղղեց բոլոր կազմակերպություններին՝ բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են Սահմանադրությունն արմատապես բարեփոխելու հարցում։ Մենք կոչ արեցինք համատեղ աշխատել՝ ժամանակացույց մշակելու եւ այդ ուղղությամբ աշխատանքների համակարգը պատկերացնելու համար։ Բոլորն էլ արձագանքեցին։ Մեր ժամանակացույցը բավական մեծ ժամանակահատված է ընդգրկում՝ շուրջ 1,5-2 տարի։ Եվ նախնական, բանավոր արձագանքը դա է եղել։

Դրանից հետո սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովում գոնե սպառվեց այն մոտեցումը, թե նոր Սահմանադրություն ստեղծելն ավելի սկզբունքային է, քան ներկա Սահմանադրությունը բարեփոխելը։ Այս մոտեցումը բացասաբար էր անդրադառնում աշխատանքների ոգու վրա։ Մեր այդ քայլով ցույց տվեցինք, որ դրանք իրար չեն հակասում, ու նոր Սահմանադրություն ստեղծելու գաղափարը կարող է համատեղվել հինը բարեփոխելու աշխատանքների հետ։ Եվ եթե մենք առկա Սահմանադրությունը բարեփոխելուն մասնակցում եւ գլխավորում ենք՝ դա չի նշանակում, թե անընդունելի ենք համարում նորը ստեղծելու նախաձեռնությունները»։ Հավելենք, որ ինչպես եւ 2 ամիս առաջ հրավիրված մամուլի ասուլիսում էր, այս զրույցի ընթացքում եւս Պարույր Հայրիկյանը չասաց, թե որ կազմակերպությունների հետ են նախաձեռնել նոր Սահմանադրության ստեղծման գործընթացը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30