-Պրն Սիրադեղյան, Ազգային ժողովը նոյեմբերի 9-ին անդրադարձավ ԱԱ եւ ՆԳ նախարարության տրոհման հարցը օրակարգում ընդգրկելու խնդրին։ Որպես ներքին գործոց նախկին նախարար ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։
-Ասեմ, որ իմիջիայլոց նոր խնդիր չէ դա։ Իմ կարծիքը հստակ էր ինչպես երկու-երեք տարի առաջ, այնպես էլ հիմա։ Իրենց ֆունկցիաներով մեկը մյուսին հակասող են այդ կառույցները ու միայն այն չէ, որ մեկը մյուսին չեն լրացնում։ Պետական անվտանգության համակարգն ազգային անվտանգության խնդիրները լուծելիս գործում է միջոցների միջեւ խտրություն չդնելով։ Համարյա այդպես։ Այդ կառույցը հանցագործություն չի կարող բացահայտել։ Որպես տիպիկ սովետական անվտանգության ծառայություն, ինչը մինչեւ հիմա մեզանում գոյություն ունի, այդ կառույցը, փաստորեն, հանցագործներին ու հանցագործությունը օգտագործում է, «վերբովկա» է անում եւ ոչ թե բացահայտում է դրանք։ Այդ դեպքում նույնիսկ հնարավոր է, որ խանգարվի հանցագործություն բացահայտող կառույցների աշխատանքը, որովհետեւ Ազգային անվտանգության համակարգի համար միջին կարգի մի հանցագործի, որի համար 4-5 տարի ազատազրկում է նախատեսվում, կարող է այնպես պատահել, որ ավելի ճիշտ լինի օգտագործելը՝ ելնելով պետական անվտանգության շահերից։
Զգո՞ւմ եք, չէ՞, տարբերությունը։ Այսինքն հանցագործությունը կարող է չբացահայտվել եւ նույն գերատեսչության մի ստորաբաժանումը կարող է նույնիսկ խանգարել, որպեսզի բացահայտվի հանցագործությունը՝ էլի նորմալ նպատակով։ Իսկ, ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարության հիմնական ֆունկցիան հանցագործություն բացահայտելն է։ ԱԱ-ն եւ ՆԳ-ն միմյանց հակասող բաներ են, աշխարհում բոլորը գիտեն եւ նախկին Սովետական Միությունում էլ հասկանում էին, թե որն է խնդիրը։ Նույնիսկ Ռուսաստանում առանձնացրին հեռախոսները լսելու մասը, որը նույնպես Ազգային անվտանգության համակարգի ֆունկցիան չէ։ Ավելի լավ է այդ ոլորտը նախագահը տնօրինի։ Չի կարելի, որ այդ կառույցները մի մարդ ղեկավարի, եւ պետության մեջ ընդամենը մեկ տեղից տեղեկատվություն փոխանցվի նախագահին։ Այն ժամանակ, երբ գոնե երկու տեղեկատու աղբյուր կա, միմյանցից անկախ ինֆորմացիա կարող է տեղ հասցվել։
-Պրն Սիրադեղյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ ժամանակին ՆԳ-ն եւ ԱԱ-ն միացվեցին, որպեսզի դուք չնեղանաք ուժային լծակներից հեռացվելու համար։ Ասում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսով, պարզապես ձիու քայլ արեց։
Կարդացեք նաև
-Չէ՛, իմ գնալու հարցը լրիվ ավտոնոմ գոյություն ուներ, իսկ միացնելը, իմ համոզմամբ, տեղի ունեցավ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգիտեր, թե ազգային անվտանգության ծառայությունը ինչ է անելու այս երկրում։ Նա ազգային անվտանգության կոնցեպցիա չուներ. վերացնել՝ նորը կազմավորել, բարեփոխումներ անցկացնել, թե ինչ՝ ինքը չէր պատկերացնում։ Դրանք միացրեց, կարծելով թե ժամանակին մի բան կմտածի։
-Իսկ ի՞նչ է նշանակում ձեր այն ակնարկը, թե ձեր գնալու հարցը ավտոնոմ գոյություն ուներ։ Խնդրում եմ բացել այդ ավտոնոմիայի գաղափարը։
-Չէ։ Դրա մասին չենք խոսում։
-Երբ ՆԳ-ն ու ԱԱ-ն միացվեցին իրար, ժամկետ սահմանվեց, որ մինչեւ 6 ամսվա ընթացքում պետք է ստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն։ Մինչդեռ, մինչեւ օրս նման մարմին չկա։ Ո՞րն է ձեր գնահատականը։
-Ինձ թվում է այդ բոլորը միմյանց կապված են՝ եւ միացնելը եւ հետագայում չբաժանել-չառանձնացնելը։ Հենց այդ ժամանակներից էլ, իմ համոզմամբ, Տեր-Պետրոսյանը մտածում էր ղարաբաղյան քաղաքական էլիտայի՝ Հայաստանում իշխանության գլուխ անցնելու հնարավոր տարբերակի մասին։ Իսկ այդ պայմաններում օգնող հանգամանք էր, որ պետական անվտանգությունն ու Ներքին գործերը Սերժը գլխավորեր։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ