Ով եք դուք մարդիկ, մահկանացուներ
Սակայն Ձեր մեջ կան անկուշտ բութ դեմքեր… Քանզի Ձեր մեջ կան արյունոտ ձեռքեր, Սրիկաներ ու թալանչիներ, Որոնց միջոցով՝ սուտ խոստումներով, կեղծավորությամբ, Հանվել են նույնիսկ վերջին շապիկներ. Իսկ դիակների վրա դղյակներ շինվել ի տես բոլորի։ Սակայն տզրուկներ, դուք լավ իմացեք, Դրանք դղյակներ չեն, տեսքն է խաբուսիկ, Այլ հուշաքարեր մեր հիշատակի ու տառապանքի… Այն ամբողջությամբ արյամբ է ներկված։ Ժողովրդին խաբելով հարթակ ելաք ճառելով… Մեկը մեծ-մեծ գոռում էր անկապ՝ Միացեք մարդիկ… Բայց ում միանանք, հարցնող լիներ… Փողի քսակին, թե մեռելներին։ Մեկը իրեն գրող էր կարծում՝ Գրողի տարած, թալանով զբաղված, Անկուշտ պաշտոնյա… Եվ նմանները իրենց տեսակի, Պաշտոններ ստացան, Բայց ոչ մեր ցավը հոգալու համար, Այլ մեծ պատառին տիրելու համար։ Ես հիշում եմ ձեր նիհարած դեմքերը, Որ այժմ ուռել, փքվել ու կլորել է։ Դա ձեր խաղն էր մեծ բեմում, Ու դիմակ էր երկփեղկված Որ հագել էիք ձեր անգութ դեմքին, Իսկությունը ծածկելու, Ժողովրդին խաբելու, թալանելու, ծաղրելու…
Այո, սցենարը լավն էր, խոսք չկա, Սակայն պարոնայք դուք սխալվում եք Ոչխարը դուք եք, ձեր վերջն էլ կգա, Պահը հատուցման եւ արդարության… Ես հավատում եմ գալիք այդ օրվան Որ դուք ձեր բտված դեմքերով բիրտ, Պատասխան կտաք՝ Այն մարդկանց առջեւ ում թալանել եք, Այն մարդկանց առջեւ ով այժմ չկա, Կամ ձեր զոհն էր նա… Ում արյունը առնետի նման ծծել եք արդեն… Որ մեկին թվեմ, չգիտեմ նույնիսկ։ Եվ եթե կյանքում այդպես չլինի, Եվ ձեզնից հետո եթեներ էլ գան, Ես չեմ ցանկանում հավատալ դրան, Նորից դիմակներ, նորից նույն գույնով, Նոր ձեւով ներկված՝ Ձեր նմանները կլինեն նրանք… Եվ դուք կփրկվեք այդ գույնով ներկված, Ես չեմ ցանկանում հավատալ դրան։ Սակայն ձեր ճամփան միակն է՝ Ընտրյալ… Դժոխքի ճամփան, Գոնե դրանից պրծում դուք չունեք, Դա է խարանված ձեր ճակատներին, Դա է դրոշմված ձեր բիրտ դեմքերին՝ Գոնե այս անգամ, Ես չեմ ցանկանում չհավատալ դրան։ 1996 թ.
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆ