Հայաստանում այսօր եղած անհատ մտավորականներից մեկը լեզվաբանության եւ փիլիսոփայության պրոֆեսոր Էդմոն Ավետյանն է, որն իր սեփական մաշկի վրա զգացել է ստալինյան եւ հետստալինյան տարիների ու բանտերի հալածանքները։ Է. Ավետյանը, որը մի քանի գրքերի եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, այժմ էլ ստեղծագործում է, ու չնայած չափազանց վատ տեսողությանը, նա շարունակ կարդում է։ Իր մոտ են գալիս շատերը. նրա դուռը կողպված չէ։ Նա այն քիչ անհատականություններից է, որի շուրջ հավաքվում են մշակույթի մարդիկ՝ ե՛ւ ավագ, ե՛ւ երիտասարդ սերնդի։ Զրույցը սկսվեց իր խոսքերով, որովհետեւ կար ասելիք, որ ուզում էր ասել առանց հարցնելու։
– Սովորաբար ասում են, որ ժամանակը մարդկանց թելադրում է իր կամքը։ Կտրականապես չեմ ընդունում այդ թեզը։ Ով ծնվել է ազատ մարդ, նա երբեք ստրուկ չի դառնա։ Ծայրահեղ դժվարությունը, որ մեկ-մեկ չի կարողանում կամ չէր կարողանում այն ժամանակ անհատը հաղթահարել՝ դա բանտի վախն էր։ Չես ուզում բանտ նստել, չես ուզում հալածվել, բայց ուխտադրուժ չես լինում, չես հրաժարվում քո գաղափարներից։ Հատկապես լավ գրողներ կան, ովքեր կարողանում են իրենց գաղափարներն այնպես արտահայտել, որ հասկացողը հասկանա, իսկ չհասկացողին բղավես էլ՝ չի հասկանա։ Մենք երբեք ստրուկ չենք եղել հին ռեժիմին։ Մեր հոգին միշտ ըմբոստացել է։ Լատիներենով էլ էինք մենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը այդ ռեժիմին։ Մի անգամ մեր 75 հոգանոց կուրսում ասացի՝ խաբուսիկ է մարդկանց դեմքը։ Բայց հետո ասացի՝ միշտ չէ, որ խաբուսիկ է, օրինակ՝ նայեք Բրեժնեւի ռոժին… Գիտե՞ք ինչ իրարանցում եղավ։ Կուրսի կեսը դասամիջոցին գնաց ռեկտորատ՝ ասելու՝ ա՜յ, Ավետյանն ինչ է ասել։ Իսկ մյուս կեսն իմ կողմն էր եւ ռեկտորատ գնացած կեսին ծեծեց։ Եվ չնայած, որ դա ընդամենը կուրսի կեսն էր եւ ոչ ամբողջ կուրսը, բայց ես զգացի, որ մարդկանց սրտում ատելություն կա ռեժիմի, կոմունիստների եւ բոլշեւիկների նկատմամբ։ Ստրուկ չենք եղել երբեք։ Որքան փորձում էին մեզ խեղճացնել, մենք չենք խեղճացել։ Դա է երեւի մեր ամենամեծ պատիվը, արդարությունը մեր անցած կյանքի համար։
– Հիմա այս նոր սերնդի մեջ տեսնո՞ւմ եք նույն ընդվզումը։
– Նոր այս ժամանակաշրջանում ամեն ինչ կարելի է ասել։ Ոչ ոք խոսքի համար մարդուն չի հալածում, չի կալանավորում։ Դա ե՛ւ լավ է, ե՛ւ վատ։ Մարդիկ չեն ուզում խոսել, ալարում են։ Երբ ընտրություն եղավ Դեմիրճյանի եւ Քոչարյանի միջեւ, ինչպես գիտեք, ձայների վաթսուն տոկոսը տվեց Քոչարյանին։ Ես կարծեցի, որ Քոչարյանը (միամիտ մարդ եմ) հացի գինը կիջեցնի 20-40 տոկոսով։ Հետո կարծեցի, որ թոշակները կբարձրացնի 2-3 անգամ։ Նույնիսկ հոդված էի գրել այն մասին, որ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, կաշխատի ժողովրդի աչքը մտնել։ Քոչարյանը ոչինչ չարեց։ Թոշակները չբարձրացրեց, հացի գինը չիջեցրեց, եւ, առհասարակ, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Ոչինչ չեն էլ անի, նրանք իշխանասեր են, նրանց միայն պետք է, որ նստեն աթոռին։ Երբ զգացի մի քանի ամիս անցածը, հասկացա, որ Քոչարյանը Դեմիրճյանից ու Ոսկանյանից լավը չէ, նույնն է, միայն թե նախագահի պաշտոնն ունենա, պաշտո՜նը…
Կարդացեք նաև
– Ի՞նչ տարբերություն եք տեսնում ձեր եւ նոր սերնդի միջեւ։
– Մեր սերունդն ահաբեկված էր, վախենում էր խոսել։ Նոր սերունդն ահաբեկված չէ, բայց գիտեն, որ ինչ էլ որ ասում են՝ ուշադրություն դարձնող չկա։ Ինչքան ուզում ես հաչի՝ «հՏոՈՍՈ սՈպՑ, ՉպՑպՐ ՊցպՑ»։ Ուրիշ տարբերություն չեմ տեսնում. ով եղել է մտածող՝ մնացել է մտածող։ Ինձ համար կարեւոր չէ քաղաքական իրավակարգը, այլ կարեւոր է, թե մարդը փիլիսոփայական ինչ գաղափարներ է դավանում, ինչպես է ուղեղն աշխատում։ Մի փիլիսոփայություն կա. այն շերտը, որը կոչվում է մետաֆիզիկա, այսինքն՝ ֆիզիկայից, աշխարհից դուրս։ Մարդը կարող է ցիտատներ բերել, հայտնի գրողների անուններ տալ, բայց խորք չկա, սիրտը չի բաբախում։ Եթե խորք չկա, ուրեմն ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի։ Մարդը պիտի միշտ վերանա սեփական աշխարհի սահմաններին։ Այդ ժամանակ զգում ես, որ մարդը անցողիկ արժեք ունի։
– Ի՞նչ եք անում, գրո՞ւմ եք։
– Ես գրում եմ միայն այն պահերին, երբ չեմ կարողանում չգրել։ Միշտ էլ կարող եմ գրել, բայց գիտեմ, որ դա սուտ բան է։ Հնագույն գրողների մոտ կա պրոֆեսիոնալիզմը։ Երբ էլ ուզես՝ կարող ես գրել, բայց ես գրում եմ այն պահին, երբ արդեն չեմ կարող չգրել, տողերը ստացվում են ավելի ռիթմիկ, տառերը՝ ավելի գեղեցիկ, արբեցնող։ Ես քիչ եմ գրում, որովհետեւ միայն այդ պահերին եմ սպասում։ Մեկ-մեկ օրական մի քանի տասնյակ գրքեր եմ փորձում կարդալ։ Իմ ընկերներից մեկն ասաց՝ Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունը» կարդա, կտեսնես, որ այնքան քեզ դուր չի գա, ինչպես պատանեկան հասակում։ Հիմա կարդում եմ։ Իհարկե, անշուշտ, դուր չի գալիս, բայց նա պատերազմը լավ է ներկայացնում՝ հակառակ Վիկտոր Հյուգոյի, որ կարդացի վերջին անգամ։ Հյուգոն սուտ գրող է, ոչ մի տող էլ չեմ կարդա։ Հյուգոյին, Դիքենսին տանել չեմ կարողանում։ Բայց Տոլստոյը, որ աշխարհն է ներկայացնում, ասում ես՝ լավ, էլի, միշտ դրանց հետ բամբասում էիր, շփվում էիր, սակայն պատերազմը Լյովան լավ ա ցույց տալիս։ Ուղղակի թիթիզ ա, մեկ-մեկ սկսում է բացատրել՝ ինչո՞ւ պարտվեցին, ինչո՞ւ վազեցին. գրողը նման բան չպետք է անի։ Հոտառությունը դավաճանեց 35 տարեկան հասակում, իսկ կյանքի վերջում Տոլստոյը դարձավ մի խայտառակ բան։ Իր կրոնափիլիսոփայական աշխատությունը կարդում եմ՝ կարմրում եմ, ամաչում եմ, չի կարելի այդքան վատ գրել։ Չգիտեմ՝ ինչու է վեպի անունը «Պատերազմ եւ խաղաղություն» դրել, խաղաղության մասին չէ, այլ աշխարհի մասին բամբասանք է։ Իմ ամենասիրած գրողը Ուիլյամ Ֆոլքներն է։ Նրա «Մենատուն» վեպը ես կարդացել եմ 3 անգամ։ Շատ եմ սիրում Սոլժենիցինի «Գուլագ Արխիպելագը»։
– Արդի հայ փիլիսոփաներից ո՞ւմ եք հավանում։
– Չկան, փիլիսոփայում են, բայց փիլիսոփաներ չկան։ Գիտակներ կան, բայց ոչ փիլիսոփաներ, որ սիրտը տրոփի, ասես՝ ա՜յ քեզ… ծնված՝ երկնքում կամ անդունդում… չկան… Մենք դեռ նախապատրաստում ենք, բայց դեռ չկան։ Մտածում ենք, որ 2-3 սերնդից հետո կծնվի հայոց մտավորականությունը եւ հայոց փիլիսոփան։
– Հայաստանում մտավորականություն, որպես շերտ, կա՞։
– Մտավորականները լինում են անհատներ՝ իրենց տանը նստած մտածում են։ Ամենագեղեցիկ բանն է, որ երբեք մտավորականը չի մտածում իրեն հիշելու կամ ճանաչելու մասին։ Ով անընդհատ վեր-վեր է թռնում, օրինակ՝ նախկին լուսավորության մինիստր Հայրյանն է անընդհատ վեր-վեր թռնում, իրենք մտավորականներ չեն։ Մտավորական մարդը պիտի մտածի, գրի, որը հետմահու կարող է պատահի եւ հրապարակվի, բայց երբեք չասի՝ էս եմ արել, էն եմ արել… Ինտելիգենցիա բառը նշանակում է արանքում կարդացող, բայց Շելլինգն ասում էր՝ բնությունը մարմնավորված ինտելիգենցիա է, այսինքն՝ մարմնավորված մտածողություն։ Եթե մենք կարողանում ենք մտածել, ինտելիգենտ լինել, ապա դա գալիս է բնությունից։ Ում բնությունն իր ազդանշանները չի հասցնում, ուղղում հոգուն, նա ինտելիգենտ չի կարող լինել, եթե նույնիսկ հազար եւ մեկ գիրք կարդա։
– Հայ մշակույթի մասին ի՞նչ կարծիքի եք։
– Չէի ասի, որ Հայաստանը չի տվել լավ երաժիշտներ՝ Արամ Խաչատրյանից սկսած բազմաթիվ այլ երաժիշտների։ Մեկ-մեկ ասում եմ՝ դե՛, Հայաստանին Մոցարտից, Բեթհովենից, Գլյուկից հետո ի՞նչ կարող է… Մշակույթից ամենավերը երաժշտությունն է՝ Մոցարտի, Բեթհովենի աննման սիմֆոնիաները, հետո՝ պոեզիան։ Եթե էս երկու բանը մնա, ուրեմն մարդկությունն իրավունք ունի ապրելու։ Ուրիշ բան էլ չլիներ, Մոցարտի 20-րդ կոնցերտը (դաշնամուրի համար) եւ Բեթհովենի 8-րդը արդեն արդարացնում են մեր գոյությունը։ Բայց մենք ունենք լավ երաժիշտներ, լավ պոետներ։ Եթե չենք կարող բարձրանալ Բեթհովենի, Մոցարտի բարձունքին, ապա մի օր կբարձրանանք։ Էդմոն Ավետյանը համոզված է, որ 50 տարվա ընթացքում Հայաստանը դառնալու է վերածնունդի ասպարեզ. «Տեսնում եմ, որ Հայաստանը ոչ միայն արվեստի, այլեւ մտքի համաշխարհային վերածնունդ է ունենալու։ Ես այդ խելառ միտքն արտահայտել եմ մոտ 40 տարի առաջ»։ Է. Ավետյանն, իր ասելով, արդեն մահվանն է սպասում։ Նա ինձ հրավիրեց իր սեփական թաղմանը. «Մատոռս էլ չի աշխատում»,- ասաց։ Մատոռ ասելիս՝ ձեռքը տարավ սրտին։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ