Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է

Նոյեմբեր 07,1998 00:00
Aleqsandr Agamalyan

Ինչպես Սանտա-Բարբարայում՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Հիշեցնենք, թե ինչպես էր արձագանքել Ռոբերտ Քոչարյանը ՔԽ-ի առաջին եզրակացությանը՝ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու վերաբերյալ. «Մտնել կառավարության ոլորտ, ինչ-որ գնահատականներ տալ սակագների մասին, վաղն էլ ոռոգման ջրի եւ այլն, անթույլատրելի է որեւէ քաղաքական մարմնի համար։ Կա կառավարություն, կա գործադիր իշխանություն, կա էներգետիկայի հանձնաժողով, որը մասնագիտորեն այդ հաշվարկները պետք է անի։ Սա մի ոլորտ է, որտեղ քաղաքական կազմակերպությունն անելու բան չունի»։

ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանի հետ զրույցից պարզեցինք, որ էլեկտրաէներգիան նրանց միայն «առաջին ծիծեռնակն» է, հերթի մեջ են, իրոք, ջրի սակագնի վերանայման, հացի գնի վերահաշվարկման, ավանդների փոխհատուցման մեխանիզմների, կենսաթոշակային հիմնադրամի գործունեության վերլուծությունը, Հայաստանի տնտեսության վերականգնման եւ զարգացման համալիր հայեցակարգի հիմնադրույթների եւ արդյունաբերության վերականգնման ծրագրի մշակումը։

«Հուսով եմ, որ սա թյուրիմացություն է»

«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ մեր առաջարկները ոչ միայն չեն հակասում, այլ ուղղակի բխում են ՀՀ նախագահի՝ հունիսի 19-ի հրամանագրով հաստատված ՔԽ-ի կանոնակարգի առնվազն երեք կետերից»,- պրն Աղամալյանն այսպես արձագանքեց նախագահի խոսնակի այն հայտարարությանը, թե ՔԽ-ն քննարկելիք հարցերի «իր շրջանակն ու կանոնադրությունն ունի, եւ յուրաքանչյուր մարմին պիտի իր լիազորությունների շրջանակում գործի»։ ՔԽ-ի վերջին նիստում պայմանավորվել էին. «Քանի դեռ այս կանոնակարգը փոխված չէ՝ շարունակելու ենք դրանով ղեկավարվել, այլ ոչ բանավոր հայտարարություններով։ Իհարկե, պետք է նաեւ հանդիպենք նախագահի հետ, բացատրենք մեր դիրքորոշումը եւ փորձենք հաղթահարել այս, ըստ իս, թյուրիմացությունը։ Միգուցե դրանք պահի ազդեցության տակ ասված խոսքեր էին։ Սակայն կազմակերպությունները պարտավոր չեն լռել, եթե կառավարությունը կամ էներգետիկայի հանձնաժողովը սխալ են գործում»։

Նախագահի կտրուկ գնահատականի համար պրն Աղամալյանը բացատրություններ էր որոնում. «Խնդիրը խիստ կնճռոտ է ու ցավոտ՝ գիտենք, որ նաեւ բազմաթիվ շահերի է առնչվում։ Ընդ որում, որքան տեղյակ եմ՝ այդ արտահայտությունները նախագահն արել էր նախքան մեր փաստաթղթերին ծանոթանալը։ Ես հուսով եմ, որ հետո, տեսնելով այդ փաստաթղթերի մասնագիտական մակարդակը, թե ինչքան խորը վերլուծություններ են արված՝ նախագահը կարող է իր կարծիքը փոխել։ Վերջապես, մենք համոզված ենք, որ նաեւ նախագահի շահերից է բխում խնդրի նման լուծումը։ Քանզի տվյալ դեպքում մեզ թվում է, որ կառավարությունը եւ էներգետիկայի նախարարությունը փորձում են ոչ միայն ժողովրդի, այլեւ նախագահի ու նրան սատարող քաղաքական ուժերի հեղինակության հաշվին՝ իրենց թերի աշխատանքի պատճառով կուտակված բյուջետային խնդիրները լուծել ամենապարզ եղանակով։ Եվ սա՝ ժողովրդի սոցիալական վիճակի սրման գնով»։

Խաղ մեկ դարպասի վրա

«Ըստ էության, ոչ ոք չի առարկում մեր առաջարկներին,- նշեց Ալեքսանդր Աղամալյանը։- Այժմ հեռուստատեսությունը «հեղեղված» է էներգետիկայի նախարարության եւ հանձնաժողովի անդամների ելույթներով, որոնք, ըստ իս, փորձում են ուղղակի հոգեբանական ճնշում գործադրել։ Երկրորդական փաստարկներ են ներկայացվում։ Հիմա էլ, չասենք՝ էժան, բայց պոպուլիստական քայլ են նախաձեռնել. հայտարարում են, թե հանձնաժողովը բաց դռների օր է հայտարարում՝ բոլորը կարող են գալ, վիճել, բանակցել։ Ոչ ԳիԱրՔՄի-ն, ոչ էլ ՔԽ-ի մեր ենթահանձնաժողովն այդ բաց դռներով նորից մտնելու կարիքը չունեն։ Շուրջ 2 ամիս բանակցել ենք էներգետիկայի հանձնաժողովի հետ եւ նրանց բոլոր փաստարկներն արդեն իսկ հաշվի ենք առել մեր առաջարկներում, էլ նոր իմանալու բաներ չունենք։ Իսկ եթե խոսքն այն մասին է, որ մի քանի թոշակառու պիտի գան ու փորձեն մասնագիտական լեզվով ինչ-ինչ կեղծ բացատրություններ տալ եւ հետո հեռուստատեսությամբ հայտարարել, թե ահա մենք բացատրեցինք եւ խնդիրը լուծված է՝ սա, իհարկե, քայլ չէ։ Եթե իսկապես ցանկանում են բանավիճել՝ թող բարի լինեն հեռուստաեթերում նույնքան ժամանակ տրամադրել մեզ՝ բանավիճող հակադիր կողմին, որ կարողանանք մեր կարծիքը հայտնել հավասար պայմաններում։

Այն փաստը, որ մեզ եթեր չի տրամադրվում եւ մենք ստիպված ենք միայն անհամեմատ փոքր լսարան ունեցող թերթերով մեր փաստարկները ներկայացնել՝ վկայություն է, որ նրանք ուղղակի վախենում են այդ բանավեճից, եւ հակափաստարկներ չունեն»։ Հնարավոր հուսախաբությանն ընդառաջ «Իսկ եթե պարզվի, որ Դուք եք թյուրիմացության մեջ ընկել, եւ նախագահ Քոչարյանն իր տեսակետը ոչ թե պահի տակ է արտահայտել, այլ այն վերջնական է եւ վերանայման ենթակա չէ՞… Ո՞րը կլինի Ձեր դիրքորոշումը, ի՞նչ եք անելու այդժամ»,- այս հարցերին Ալեքսանդր Աղամալյանը պատասխանեց. «Նախագահն այստեղ յուրօրինակ «կշեռք» է եւ պիտի ճիշտ որոշում կայացնի։ Դեռ հուսով ենք, որ մեր այս ահազանգը, որ շարունակելու ենք անկախ հակադրումներից հետեւողականորեն հնչեցնել՝ միգուցե ստիպի նախագահին մի փոքր խորանալ այս խնդրում։ Համոզված ենք նաեւ, որ տեղեկատվությունն այս հարցում միակողմանի է եւ թելադրված, միգուցե, վարչապետի կամ էներգետիկայի նախարարի կողմից։ Դեռ հավասարակշռությունը վերականգնված չէ՝ ընդամենը մի փաստաթուղթ ենք ներկայացրել, որ շատ քիչ է։ Երբ կշեռքի նժարները հավասարվեն՝ նոր պիտի նախագահի ճիշտ որոշման մասին խոսենք։ Իսկ եթե այդ ժամանակ սխալ որոշում ընդունվի՝ կկողմնորոշվենք, կանդրադառնանք մեր աշխատանքի նպատակահարմարությանը եւ այլն։ Բայց դա այսօրվա հարց չէ, համոզված եմ, դեռ անցնելու ճանապարհ կա»։

Վաղվա կանխորոշված մեկնաբանություն

Էլեկտրաէներգիայի սակագին, ավանդների փոխհատուցման մեխանիզմներ, ոռոգման ջրի, հացի գնի վերանայում՝ այս բառակապակցություններին վերջերս միշտ հետեւում են «մոտալուտ խորհրդարանական ընտրություններ», «քաղաքական շահարկումներ», «վարկանիշը բարձրացնելու, հեղինակությունը փրկելու փորձեր» եւ նման արտահայտություններ։ Վստահ ենք, որ այս դեպքն էլ բացառություն չի լինի։ Ի՞նչ պատասխան ունի Ալեքսանդր Աղամալյանն այդ խիստ հնարավոր մեկնաբանություններին. «Ես կասեմ, որ ընտրությունները դեռ կես տարի հետո են լինելու, իսկ պատասխանատվության խնդիրն արդեն այսօր կա։ Իսկապես, մենք սատարել ենք Ռոբերտ Քոչարյանին, նրա ծրագրին եւ նրա հետ կիսում ենք պատասխանատվությունը նաեւ սխալների համար։ Այսօր այդ սխալների մասին չասել ու ճիշտ հիմնավորված վերլուծություն չներկայացնել մենք չենք կարող։

Ի վերջո, մեր արծարծած շատ հարցեր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրում կան։ Իսկ կառավարության ծրագիրն ամբողջությամբ չէ համահունչ նախագահի ծրագրին։ Ասենք, սեփականաշնորհման մասին նախընտրական ելույթներում արտահայտված կարծիքները լրիվ չեն համապատասխանում ընթացիկ գործընթացներին։ Այնպես որ, այո, մենք քաղաքական խնդիրներ ունենք, բայց ունենք այսօ՛ր։ Մենք նախագահի անձին կամ կառավարությանը չենք սատարել, այլ ծրագիրը եւ պիտի հետեւողական լինենք ու հսկենք, որ այն կատարվի։ Սա ընտրություններից անկախ մեր քաղաքական վարկի խնդիրն է»։ Թերահավատ ենք, թե պրն Աղամալյանը կհաջողի իր նախաձեռնություններն իրականացնել, սակայն մի դրական արդյունք այս ամենն արդեն իսկ ունի՝ վերջապես հայտնաբերվեց Քոչարյանին աջակցած մի քաղաքական ուժ, որը չի խուսափում պատասխանատվությունից։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտի» հաջորդ համարում Ալեքսանդր Աղամալյանը վերաշարադրում է նախագահին ներկայացված իրենց առաջարկների էությունը եւ պատասխանում դրանց վերաբերյալ դիտողություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30