Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 5.

Նոյեմբեր 07,1998 00:00
Armen Shekoyan

Յուրաքանչյուր հեղափոխության գլխավոր շարժիչը

Բանն է, այսինքն՝ Խոսքը։ Եվ քանզի մնացած բոլոր գործողությունները հաջորդում են Խոսքին, ուստիեւ պարտադիր ու հարկավոր է, որ Խոսքը լինի համոզիչ, հարուստ, արտիստիկ, անմիջական, ազդեցիկ, գրավիչ, զգացմունքային, խրոխտ եւ այլն։ Մի խոսքով՝ հեղափոխությունը ժանրային առումով շատ մոտ է թատրոնին ընդհանրապես եւ հնագույն թատրոնին առանձնապես, քանզի ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի աչքի առաջ՝ մարդաշատ բացօթյա հրապարակում։ Եվ այս մեծ ու իրապատում թատրոնի հաջողությունը սովորաբար այնքան մեծ է լինում, որ ժամանակավորապես ու տեւականորեն դատարկվում են տեղական բոլոր թատրոնների դահլիճները, եւ այստեղ անպայման կարեւոր նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ այս մեծ թատրոնը, իր անմիջականությամբ ու թեմայի հրատապությամբ ակնհայտորեն գերազանցելով սովորական թատրոնին, նաեւ անտոմս ու ձրի է։

Մեծ թատրոնին ու նրա ռեժիսոր-դերասաններին նվիրված իմ այս մանրակրկիտ թատերախոսություններն արդյունք են այս խառը ժամանակների հետ կապված իմ իրատեսական տագնապի, քանզի, պարզվում է, այս տասը տարիների ընթացքում ո՛չ մեր բացօթյա թատրոնի դերասանների մակարդակն է բարձրացել եւ ո՛չ էլ մանավանդ հանդիսատեսինը։ Եվ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր համարում են, թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամները տասը տարի առաջ ավելի նիհար ու լավն էին։ Սա ցածրաճաշակ հանդիսատեսին բնորոշ վերաբերմունք-գնահատական է, եւ այս դեպքում էլ գավառական հանդիսատեսը կասկածի տակ է առնում ամեն ինչ, բացի իր ճաշակից ու մակարդակից։ Այնուամենայնիվ, ըստ որոշ հանդիսատեսների դիտարկումների, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1988-ի այն մեծ թատերաշրջանում շատ ավելի մեծամիտ, անհանդուրժողական, լկտի ու արկածախնդիր էին, քան հետագայում եղան։ Բայց, ինչպես հայտնի է, հեղափոխությունը էլիտար թատրոն չէ, եւ այստեղ գլխավորը ոչ թե որոշ հանդիսատեսների կարծիքն է, այլ՝ մեծամասնության։

Եվ «Ղարաբաղ» կոմիտեն, ինչպես որ մեծամասնության պահանջով եկել էր, այդպես էլ մեծամասնության պահանջով գնաց, եւ չարաչար սխալվում են նաեւ նրանք, ովքեր կարծում են, թե «Ղարաբաղ» կոմիտեն գահընկեց եղավ այս տարվա փետրվարին. այդպես կարծողները, հավանաբար, մոռացել են, որ 1991-ին այդ նույն կոմիտեն գրեթե հիսուն տոկոսով պաշտոնանկ արվեց նախկին նախագահի թեթեւ ձեռքով, եւ դարձյալ՝ «մեծամասնության» պահանջով։

Ի տարբերություն իրենց հանդիսատեսի՝ մեր մեծ թատրոնի գործիչ-դերասաններն ամենեւին էլ անճաշակ չեն։ Ավելին՝ նրանք Ազնավուրի ու Սպիվակովի երեւանյան ելույթները բաց չեն թողնում, ճաշակով օբյեկտներ են կառուցում, ջազի միջազգային փառատոներ են կազմակերպում եւ այլն, բայց երբ երգելու իրենց հերթն է գալիս, նրանք օդուջրի պես են զգում գավառական ու մեծաքանակ հանդիսատեսի կարիքը, քանզի ոչ միայն իրենք են ցածրակարգ երգիչներ, այլեւ՝ իրենց խաղացանկն է հնացած, ծեծված, բազմիցս չարչրկված ու կրկնված։ Եվ ինչքան էլ մեր գործիչներն ու կուսակցությունները փոփոխեն իրենց երգելաոճը, միեւնույն է, նրանց երգերի մշտական թեման ազգային ժողովրդավարությունն է, քանզի պատվիրատուն վերստին զանգվածն է՝ այն զանգվածը, որն առավել ժամանակակից այլ երգ չի լսել ու չգիտի։

Արդեն միանշանակ է, որ մեր բոլոր կուսակցությունները հիվանդ են գաղափարական մաքսիմալիզմ հիվանդությամբ, եւ այդ իսկ պատճառով էլ նրանց բոլորի Երգ Երգոցը, ինչպես նշեցինք, ազգային ժողովրդավարությունն է։ Եվ նրանք բոլորն էլ (ներառյալ Կոմկուսը, «Նոր ուղին» ու 4-5 հոգանոց կուսակցությունները) ազգային են, որովհետեւ նրանցից եւ ոչ մեկի ծրագրում նշված չէ, որ Ղարաբաղը պիտի վերադարձվի Ադրբեջանին։ Եվ նրանք բոլորն էլ (ներառյալ Կոմկուսը, ՀՅԴ-ն ու 4-5 հոգանոց խմբերը) ժողովրդավարական են, որովհետեւ նրանցից ոչ մեկն իր ծրագրում սեւով սպիտակի վրա չի գրել, թե ինքը դիկտատուրան է նախընտրում։ Այսօրվա մեր քաղաքական խմբավորումները, բնականաբար, չէին կարող ազգային չլինել, որովհետեւ Արցախի հարցը մշտապես կա եւ լինելու է, եւ կա ու մշտապես լինելու է նաեւ հանդիսատեսի խնդիրը։ Եվ որ մեր հանդիսատեսն Արցախի հարցում առանձնապես է զգայուն՝ կյանքը բազմիցս ցույց է տվել եւ էլի է ցույց տալու։ Մեր հանդիսատեսը ժողովրդավարության իմաստը դեռեւս ողջ խորությամբ չի ընկալում, բայց լավ գիտե, որ ողջ մոլորակի առաջադեմ մարդկությունն է դրան ձգտում։ Եվ եթե ժողովրդավարության թեմայով որեւէ ճառ չասես, ոչ նախագահ կդառնաս եւ ոչ էլ՝ դեպուտատ։

Ընտրազանգվածին արդեն հայտնի է դա։ Ընտրազանգված. ինչ էլ ճշգրիտ անունը գտել են։ Երբ ասում ես զանգված՝ շատերը վիրավորվում են, իսկ երբ ընտրազանգված ես անվանում՝ ոչ ոք չի նեղվում ու չի նեղանում։ Մեր խորքային էությամբ մենք, գաղտնիք չէ, բոլորս էլ պահանջատեր ենք։ Եվ պահանջատեր ենք ոչ միայն ազգային-հողահավաքային իմաստով, այլեւ՝ փողահավաքային իմաստով։ Եվ արդեն ավելի քան պարզ է, որ առաջիկա հարյուրամյակում Հայաստանում նախագահ են դառնալու միմիայն նրանք, ովքեր մեր ընտրազանգվածին առավել համոզիչ կհամոզեն, որ, պահանջատեր մնալով հանդերձ, հնարավոր է նաեւ շատ լավ ապրել։ Բայց, մյուս կողմից էլ, ընտրազանգվածին հայտնի է, որ ազատ շուկայական հասարակարգում վատ (նույնիսկ շատ վատ) ապրողներ էլ պարտադիր պիտի գոյություն ունենան։ Եթե ավելի անկեղծանանք՝ մենք բոլորս էլ, ըստ էության, նաեւ ժողովրդավար ենք էն գլխից. քրիստոնեությունը, ճիշտ է, առաջինը մենք ենք պետականորեն ընդունել, բայց հայոց աշխարհում հավատքի հարցում առանձնապես խստություն չի եղել. ուզում ես հավատա, չես ուզում՝ մի հավատա։

Այսինքն՝ էն գլխից ազատական ենք, ու մեզ համար պետականը երբեք էլ չափանիշ չի եղել, եւ եթե քրիստոնեությունը պետական կրոն դարձրած չլինեինք, հավանաբար մեր շարքերում այսօր ճշմարիտ քրիստոնյաներն անհամեմատ շատ կլինեին։ Մեր ազգային ժողովրդավարականությամբ հանդերձ, մենք նաեւ ճարպիկ քաղաքագետներ ենք, եւ բան է՝ եթե հյուսիսում կամ այլուր իշխանությունների գլխներին հայտնվեն սոցիալիստները, ապա մենք առանձնապես հանկարծակիի չենք գա, որովհետեւ դաշնակցական ու կոմունիստական երկու սոցիալիզմները մեր մեջ հիմնավոր նստվածք ունեն։ Ինչքան էլ Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Շահնազարյանը մեզնից տարանջատվելու նպատակով իրենց կուսակցություններն անվանեն ազգային ժողովրդավարական եւ ժողովրդավարական ազգային, միեւնույն է, իրենց չեն կարող զատել մեզանից, որովհետեւ մենք բոլորս էլ մեր առողջ կեսով ազգային ժողովրդավարներ ենք։ Ու նաեւ՝ որքան էլ երդում տված դաշնակցականներն ու երդվյալ կոմունիստներն իրենց փակ ժողովներով ու վերամբարձ շրջաբերականներով փորձեն զատվել մեզանից, միեւնույն է՝ չեն կարող, որովհետեւ մենք բոլորս էլ մեր մյուս առողջ կեսով ազգային սոցիալիստներ ենք։

Մի խոսքով՝ քաղաքականության իմաստով մեզ համար անլուծելի կամ անիմանալի հարցեր գոյություն չունեն։ Պարզապես մեր փոխակերպումները (ժողովրդավարից ազգայնական, ազգայնականից սոցիալիստ եւ այլն) երբեմն տեղի են ունենում իրարից անկախ ու ոչ սինքրոն, եւ այդ իսկ պատճառով էլ մեր երկրում իշխանությունից բացի երբեմն նաեւ գոյանում է ընդդիմություն։ Մենք պիտի ձգտենք եւ հասնենք ներդաշնակության ու միասնության այն աստիճանին, որ մեր բոլորի փոխակերպումները զուգադիպեն ու տեղի ունենան միեւնույն պահին։ Եվ միայն այդ դեպքում մեր գզվռտոցները կդադարեն, եւ փողն ու պաշտոններն էլ բորորիս կհերքեն։ Բոլորիս անխտիր։ Հերթով։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30