Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Նոյեմբեր 07,1998 00:00
Vardan Harutyunyan

Մեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակաթուրքիզմ, եւ ամենահայրենասեր հայը ամենահակաթուրքն է։ Ընդհանրապես՝ հակաթուրքությունը եւ հայրենասիրությունը հայի համար ուղիղ համեմատական են։ Մեր ողջ սովետահայ գրականությունը, արվեստը, ողջ մշակույթը կրում է հակաթուրքիզմի կնիքը, լցված է մասիսների, սիփանների, ղարսերի, էրզրումների եւ չգիտես էլ ինչերի ողբալից, արցունքաբեր, տառապալից պահանջով, եւ մեր բազմադարյա, հաղթական, շռնդալից անցյալի ներկայացմամբ։ Անցյալ, որն սկսվում եւ ավարտվում է պարտություններով (չհաշված բարոյական հաղթանակները), ներկայացնում ենք հաղթական գունազարդումներով, գրականության եւ արվեստի բնագավառի մեր իրական արժեքավոր նվաճումները ներկայացնելու փոխարեն։

Մեր այս վերջին ունեցվածքը մեր սահմանների եւ մեր աշխարհընկալման փոքր չափերի մեջ զոռով խցկելով այնքան ենք սեղմել եւ նվազեցրել, այնքան չենք կարողացել աշխարհին ներկայացնել, կամ այնքան վատ ենք ներկայացրել, որ խամրած է երեւում կամ չի երեւում, փոխարենը ամպագոռգոռ եւ սնամեջ կեցվածքով մեր տարիքի եւ մեր կորցրածի մասին ենք խոսում, կորուստների պատճառները մեր հարեւանների եւ աշխարհի մեջ փնտրել եւ գտնելով։ Եվրոպան ներկայանում է որպես մեր շահերի դավաճանի, մեր հարեւանները՝ թշնամիների։ Ոչ մի բարեկամ, ոչ մի զինակից, մենք եւ աշխարհը՝ իրար դեմ։ Կարծես աշխարհի մյուս ժողովուրդները եւ պետությունները միայն բարեկամներ ունեին։ Կարծես մենակ մեր բախտը չի բերել։ Ողջ վերոգրյալը դրված է մեր վերջին տասնամյակների մշակույթի, ասել է թե՝ դաստիարակության հիմքում։

Աշխարհից եւ հարեւաններից վիրավորված՝ պահանջում ենք ու պահանջում։ Պահանջատեր ենք եւ ուրիշ ոչինչ, եւ ապրում ենք հանուն այդ պահանջատիրության։ Երբ խորհրդային բռնատիրության տակ գտնվող բոլոր երկրները՝ սկսած Բալթիկայից մինչեւ Հեռավոր Արեւելք, ստեղծված հնարավորություններից ոգեւորված, սկսեցին անկախություն եւ ինքնավարություն պահանջել, այսինքն՝ ինքնորոշվել, մենք սկսեցինք, պետականություն պահանջելու փոխարեն, Ղարաբաղ պահանջել եւ հակադրվել մեր հարեւանին, առանց մտածելու, որ հարեւանի հետ վեճը կարելի է հետաձգել, թողնելով ապագային՝ խաղաղ լուծման հույսով, որպես երկու անկախ եւ ինքնիշխան պետությունների վեճ։ Փոխարենը այդ հարցը մեր երկու պետությունների դեմ ուղղված զենք է մեր մրցակիցների եւ հակառակորդների ձեռքին եւ դրանով է, որ արգելակում են մեր տնտեսական զարգացումը։

Մենք խելակորույս եւ ինքնամոռաց Ղարաբաղ էինք պահանջում, անկախության մասին ցանկացած արտահայտություն հրապարակավ պրովոկացիա անվանելով, իսկ անկախականներին ի սկզբանե որպես պրովոկատորներ ընդունելով, քանի որ նրանք Լենին-պարտիա-Գորբաչով եւ վերակառուցում չէին գոռում, քանի որ ժողովրդի (ավելի ճիշտ՝ ամբոխի) ղեկավարումը սովետական կուսակցական ակտիվի եւ իրենց ապագան սովետական բյուրոկրատիայի լաբիրինթոսներում գտնելու երազանքով տոգորված կոմսոմոլի ձեռքում էր։ Մենք ստեղծեցինք «Ղարաբաղ» կոմիտե, որի անդամներից եւ ոչ մեկը երբեւէ քաղաքականությամբ չէր զբաղվել (որոնց մի մասը տարիների հեռվից փորձում են այսօր իրենց քաղաքական կամ գոնե քաղաքականացված անցյալ վերագրել, նենգափոխելով իրենց աղքատիկ կենսագրությունը) եւ նրանցից կուռքեր շինեցինք՝ բացարձակացնելով մեր կուրությունը եւ ժողովրդից ամբոխի վերածվելով, սկսեցինք մեր սրընթաց հետընթացը, որ շարունակվում է ց՛այսօր եւ դեռ կշարունակվի, քանզի ղարաբաղյան կնճիռը դեռ չհարթած, մեր «ազգային» «մտավորականները» իրենց եւ միայն իրենց ստրկական ոգուն բնորոշ ողջ անպատասխանատվությամբ (ստրուկը պատասխանատու չի լինում) պատրաստվում են «Նախիջեւան» կոմիտե հիմնել։

Զարմանալի է եւ սահմռկեցուցիչ։ Սրանցից որեւէ մեկը երբեք չի ասել՝ լծվենք պետության կայացման եւ հզորացման գործին, ծառայեցնենք մեր հնարավորությունները մեզ աշխարհին ներկայացնելու գործին, քարոզենք սեր եւ հարգանք մեր հարեւանների նկատմամբ, ինչպես վարվում էր Թումանյանը, բայց սրանք՝ Արդահան, բայց սրանք՝ Զեյթուն, բայց սրանք՝ Նախիջեւան։ Առանց պետության ներկայի եւ ապագայի, հնարավորությունների մասին մտածելու, առանց հասկանալու, որ լավ է փոքր արժանապատիվ պետություն, քան հարեւանների հետ մշտապես պատերազմի մեջ գտնվող 2,5-3 միլիոնանոց պահանջատեր ժողովուրդ։ Աննպատակ պահանջատիրություն, հայկական (բոլորից տարբեր) հայրենասիրության դրսեւորում՝ ճիչ, լաց, անեծք, հոխորտանք։ Այս պահանջատիրությունը հայկական հասարակական մտքի վերջին 100-130 տարվա զարգացման հիմնական երկու նախապայմաններից մեկն է եղել, իսկ մյուսը՝ եղեռնն է, իր մազոխիստական դրսեւորումներով հանդերձ։ Զարմանալի է, որ բոլոր ժամանակների բռնակալներին ծառայած (մինչեւ վերջ, նվիրվածաբար ծառայած) եւ գովերգած, բոլոր կարգի ազգադավ գաղափարներին եւ կարգախոսներին հավատարմության երդում տված (Լենին, Ստալին, Խրուշչով, Բրեժնեւ, Գորբաչով) «մտավորականը»։

Մեր կյանքը բավականացնել կարող էր միայն այսքանին, հնարավորության դեպքում ցուցակը կերկարեր, չգիտես ինչու հերոսացած, հանկարծ համարձակություն ձեռք բերած, Նախիջեւանի կարոտից նվաղած՝ մեզ դեպի նոր պատերազմ է մղում։ Մեկը լիներ ու հարցներ այս հայրենասեր մտավորականներին ու նրանց համախոհներին.

-Ի՞նչ եք դրել դուք անձամբ հայրենիքի Ազատության զոհասեղանին, ի՞նչ եք զոհաբերել։ Քանի՞ կաթիլ արյուն եւ քանի՞ կաթիլ քրտինք։ Քանի՞ մարտի եք մասնակցել եւ քանի՞ վերք ստացել, քանի՞ քսան տարին չբոլորած եւ մարտադաշտում զոհված որդի եք հողին հանձնել։ Միայն չասեք, որ բոլոր սպանվածները ձերն են։ Նրանք ամեն շաբաթ Եռաբլուր այցելող մայրերինն են, որոնց աչքերի արցունքը չի ցամաքում երբեւէ, ովքեր «Նախիջեւան» կոմիտե ստեղծելով չի, որ զբաղված են այսօր։ Եվ եղե՞լ եք արդյոք եւ, քանի՞ անգամ, Եռաբլուրում։ Կենտրոնական հեռուստատեսությունը հեռարձակում է այս մտավորականների քննարկումը հարեւան պետությունների հաշվին Հայաստանի սահմանների ընդարձակման մասին։ Խոսում են թուրքերի տեղահանության եւ թուրքական պետության լուծարման մասին, առաջարկում են նրանց քշել Ալթայ, եւ այս ամենը լսում ենք մենք, մեր ժողովուրդը (Կոմիտաս լսելու փոխարեն, որ չի հեռարձակվում, Չարենց լսելու փոխարեն, որ չի կարդացվում), մեր երեխաները՝ եւ ոչ ոք չի՞ ծիծաղում։ Այո, այս մտքերը ծիծաղի են արժանի եւ ոչ հերքման։ Եվ խոսքս ավելի շատ ոչ թե «մտավորականների» դեմ է ուղղված (վերջապես յուրաքանչյուրն ուզածն ասելու իրավունք ունի), այլ մեր ժողովրդի դեմ, որ չի ծիծաղում, որ սպանել է իր մեջ Պարոնյանին, Կամսարին, Օտյանին։

Դարասկզբի Փանջունուն բերեցինք եւ առոք-փառոք հասցրինք դարավերջ, մեր ուսերին դրած, մեր ձեռքերի վրա, ամբողջ 70 տարի մի հսկա կայսրության կաթով սնված այդ Փանջունին այսօր մեզ մարտի է տանում։ Այո, պատահական չէր, որ խորհրդային տարիներին մեզ թույլատրված էր պահանջատիրական եւ հակաթուրքական քարոզչությամբ զբաղվել, դա համահունչ էր մեզ պետականությունից զրկած, մեզ նվաճած Կայսրության (որին ծառայում էին «Նախիջեւան» կոմիտեի անդամները) ցանկություններին ու ծրագրերին։ Այ, պետականության վերականգնման, անկախ պետականության մասին որեւէ խոսք, նույնիսկ՝ միտք, դատապարտելի էր եւ ոչ մի «ազգային» գործիչ, ոչ մի բանաստեղծ, ոչ մի պատմաբան այդ ուղղությամբ չէր էլ մտածում, չէր էլ ցանկանում մտածել, չէր էլ կարող մտածել։

Ընդհակառակը՝ նրանք դեմ էին անկախությանը, նրանք դա չէին ուզում (կարծես նրանց ուզելով է), նրանք ամեն վայրկյան իրենց տերերին հավատարմության երդում տալով, Մոսկվա գնալու յուրաքանչյուր հնարավորություն բարձրագույն շնորհ համարելով, եղբայրական ընտանիքի եւ սիրելի կուսակցության ճիշտ ուղու մասին շատախոսելով, մի երկու տող էին գրում Վանի, Մասիսի, Անիի ավերակների մասին, դրանով կատարված համարելով իրենց հայրենասիրական պարտքը՝ ծափահարություններ, շքանշաններ եւ բարեկեցություն էին կորզում։ Մեր ապագան անցյալում փնտրող, մեր հայրերի եւ պապերի հետ դրական առումով չմրցող, անցյալին կարոտով եւ նախանձով նայող, ապագայի նկատմամբ հավատ չունեցող հայրենասիրությունը մեզ միշտ էլ վնասել է։ Այսպես, մեր պապերը սիրել են արդեն այս երկիրը եւ այդ սիրո արդյունքում մենք փոքրացել եւ մի փոքրիկ կետ ենք դարձել աշխարհի քարտեզի վրա։ Սա արդեն եղել է։

Մայրասպանությունը եւ հայրասպանությունը բոլորովին էլ հայրենասիրություն չեն։ Եկեք դատապարտենք Սամվելին, ինչպես կանեինք, եթե նա լիներ մեր հարեւանը, եւ գնանք առաջ, թող մեր երեխաները ազատորեն, քննադատաբար, ինչո՞ւ չէ, նաեւ հեգնանքով նայեն մեզ եւ մեր պապերին, թող ծիծաղեն մեր պապերի եւ մեր այս սերնդի «չարոխային» հայրենասիրության վրա, ձերբազատվեն եւ կերտեն մեր պետությունն՝ իրենց եւ ոչ Րաֆֆու, Կապուտիկյանի կամ «Նախիջեւան» կոմիտեի որեւէ անդամի պատկերացումներով։ Դրա համար, բոլորովին չսահմանափակելով մարդու իրավունքները, կարելի է, որ մեր մամուլը եւ հեռուստատեսությունը ռեւանշիստական գաղափարներ քարոզողի քարոզչությամբ չզբաղվեն եւ երեխաների մեջ ատելություն չսերմանեն ո՛չ հարեւան ժողովուրդների եւ ո՛չ էլ դասակարգերի նկատմամբ։

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30