Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՃՇՏՎԱԾ ԺԱՆՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՕՐԱԳԻՐՈՒՄ»

Նոյեմբեր 07,1998 00:00

Թեեւ «Օրագրին» հյուր» ակումբի առաջին հյուր Վանո Սիրադեղյանն ասաց, որ «ասուլիսի առիթ չկա» եւ «ճակատագրական ոչ մի բան տեղի չի ունեցել», բայց դրանից լրագրողների՝ այս հանդիպման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը չէր պակասել։ Պատճառը գուցե այն էր, որ ՀՀՇ նախագահը «շատ վաղուց պրես-կոնֆերանսների չի մասնացել»։ Իսկ երեկվա իր ներկայությունը «Օրագիր» օրաթերթի նախաձեռնած ամենշաբաթյա հանդիպումներից առաջինին պրն Սիրադեղյանը համարեց թերթին «բարոյական նեցուկ լինելու մի փորձ, մանավանդ ֆինանսական դժվարություններ ունեն»։

«Օրագիրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը տանտիրոջ իրավունքով նախ տվեց իրենց հետաքրքրող հարցերը։ Օրինական ընտրությունների հույսի եւ երաշխիքի հնարավորության մասին հարցին պատասխանելիս բացահայտվեց պրն Սիրադեղյանի լավատեսությունը. «Ես կարծում եմ, որ չհավատալով երաշխիք չի լինի»։ Նա համոզված է նաեւ, որ «լավ, արդար ընտրությունների համար պետք է իշխանության լծակներ ունենալ», չնայած դեռ «մի փոքր հնարավորություն կա» այս օրերին ԱԺ-ում քննարկվող ընտրական օրենսգիրքը «մի քիչ մարդկային տեսքի բերել»։

Այն հարցին, թե «այն ժամանակ», երբ պրն Սիրադեղյանը «իշխանություն էր», հնարավո՞ր էր արդար ընտրություններ կազմակերպել, վերջինս պատասխանեց բավական թափանցիկ (կամ «անթափանց»). «Գործադիր իշխանությունը կարող է արդար ընտրություն անցկացնել (եւ մի քիչ մտածելուց հետո- Ա. Գ.), եթե ուզենա»։ Եվ չնայած իր աշխատանքի «ուժային բնույթին» (իսկ գուցե, այնուամենայնիվ, շնոհի՞վ -Ա. Գ.), իրեն հաջողվել է «ջարդել ընտրությունների խայտառակ ընթացքը»։ Ճիշտ է, «կազմակերպության էլիտայի մեջ հսկայական դիմադրություն կա որեւէ ձեւով քննադատելու նախորդ տարիներին իշխանության եւ կազմակերպության քաղաքականությունը», սակայն «դիմադրությունը թուլանում է», եւ առաջիկա համագումարում ՀՀՇ-ն կտա նախորդ իշխանությունների իր գնահատականը, թեեւ պրն Սիրադեղյանն էլ է գտնում, որ փոխվել է ոչ թե իշխանությունը, այլ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը «մեկ էլ» ինքը։ «Հավանաբար այդ գնահատականը կտեղափոխվի ՀՀՇ-ի վրա, որովհետեւ իշխանությանը ձեռք չի տալիս» այն։ Պրն Սիրադեղյանը ոչ մի կերպ չի վերաբերվում (բայց դա էլ վերաբերմունք է- Ա. Գ.) ՀՅԴ-ի վերջին հանրահավաքին. «Չստացվեց միտինգը»։ Այդ միտինգին իր անունը չէր տրվել, սակայն ՀՀՇ ղեկավարը չի կարծում, թե «իշխանության մեջ» եւ ընդհանրապես չկա այնպիսի մարդ, որի մասին հնարավոր չլինի «ամբոխահաչ մի բան չասել»։

Իսկ իր եկամուտների մասին հայտարարագիր տալ՝ նա միշտ պատրաստ է։ Արա Սահակյանի համար բավական հուսադրող կարող է լինել Վանո Սիրադեղյանի խորհուրդը ՀՀՇ շարքերում վերականգնվելու հարցում. «Թող փորձի»։ Ընդդիմության մեջ, պրն Սիրադեղյանի կարծիքով, լավ է առողջության համար (չնայած նրան ինչ-որ չենք հիշում, իշխանության մեջ եղած ժամանակ առողջությունից բողոքելիս- Ա. Գ.)։ Երկու լուրջ ասպարեզ կա, որոնք ՀՀՇ-ն ժամանակին «անտերության է մատնել»՝ կրթությունը եւ սեփականաշնորհումը։ Վանո Սիրադեղյանը բառացիորեն չի ասել, թե Ղարաբաղի հարցը կհանգեցնի նախագահական նոր ընտրությունների, բայց «լավ տեղերը մի քանի անգամ կրկնելու» սկզբունքով հայտնեց. «Ռոբերտ Քոչարյանը պատերազմի չի գնա, «դաշինք էլ չի կնքի», այդ դեպքում (պրն Սիրադեղյանը մեզ հարցրեց) «ի՞նչ կանի»։ Հետո ինքն էլ պատասխանեց, որ գուցե ստեղծվի պետական խորհուրդ, որն ընտրությունները կհետաձգի 1-1,5 տարով։

Կառավարության փոփոխությունն էլ առանձնապես ՀՀՇ նախագահի սրտով չէ։ «Կլինեն նոր անհամություններ, նոր բարեկամներ, նոր խնամիներ»։ Բացի այդ «Եթե Արմեն Դարբինյանի նման եւս մեկը պիտի լինի, ավելի լավ է՝ Արմենը լինի»՝ «չարյաց փոքրագույնների մասին» բանաձեւում արժեքների այսպիսի տեղադրում կատարեց Վանո Սիրադեղյանը։ Լրագրողները փորձեցին պարզել, թե 96-ի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, քանի տոկոս ձայն է հավաքել։ Պատասխանը թվերից կոնկրետ էր. «Իրականում Վազգենն էլ չի անցել»։ «Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկատարեց հրաժարականից 3 ամիս հետո խոսելու իր խոստումը» հարցը Վանո Սիրադեղյանի համար բացահայտեց լրագրողների (գուցե նաեւ ողջ հայ ժողովրդի- Ա. Գ.) միամտությունը. «Դուք էլ հավատացե՞լ եք»։

ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունն իր իսկ առանձնասենյակում ՆԳ նախկին նախարարը համարեց այնքան անհեթեթ, որ այդտեղ նույնիսկ օրինաչափություն չի ուզում տեսնել։ Այդ եւ մի քանի այլ սպանություններ, որոնք ընդունված է՝ քաղաքական որակել, ՀՀՇ ղեկավարի համար այդպիսին չեն։ Դրանք, ըստ նրա, կապված են Ռուսաստանից Բուլղարիայով ԱՄՆ տարվող մշակութային արժեքների հետ, որի «գործի տեր» 10-ից 8-ն արդեն սպանված են։ Պրն Սիրադեղյանը լրագրողներին կոչ արեց զբաղվել այդ հարցերի հետաքննությամբ, բայց դե ո՞վ է գլխից ձեռ քաշել որ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30