Լրահոս
Օրվա լրահոսը

… «Գաղտնաթախիծ» ասուլիս

Նոյեմբեր 06,1998 00:00
Tigran Levonyan

Օպերայի թատրոնում երեկ ասուլիս էր կազմակերպվել, որի առիթը նոյեմբերի 7-ին ներկայացվելիք Ժ. Բիզեի եւ Ռ. Շչեդրինի «Կարմեն» բալետի պրեմիերան էր։ Տիգրան Լեւոնյանն էր վարում ասուլիսը։ Նա շատ չոր եւ հակիրճ ներկայացրեց հավաքվելու նպատակը եւ «Կարմենի» ստեղծագործական խմբին։ Ըստ Լեւոնյանի, պրեմիերայի հովանավորը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է։ Ասուլիսն ընթանում էր շատ դանդաղ ու տխուր ոճով, թեեւ հակառակը պետք է լիներ. չէ՞ որ նոր ներկայացման պրեմիերայի մասին էր խոսքը։

-Առհասարակ ամեն թատրոնի կյանքում պրեմիերան իրադարձություն է, առավել եւս՝ այսօրվա մեր իրականության մեջ այնքան քիչ են պրեմիերաները եւ այնքան քիչ է հովանավորական նպաստը եւ հովանավորությունը։ Պիտի, որպես շատ երջանիկ բացառություն, ասել, որ դեսպանությունը հովանավորում է ոչ միայն մեկ ներկայացում, այլ ամբողջ մի թատերախումբ, որ այսքան ամիսներ շարունակ ապրեց երջանիկ այդ պատեհությամբ, աշխատեց, պատրաստեց այդ պրեմիերան,- ասաց Լեւոնյանը։ Նա նշեց, որ բալետային բեմադրության բեմադրիչը խորեոգրաֆ, բալետի առաջավոր մենակատար Արմեն Գրիգորյանն է, որը միաժամանակ նաեւ ներկայացման գլխավոր դերակատարն է։ Գլխավոր դերերում հանդես են գալու Զավեն Հարությունյանը, Մարինա Միհրանյանը եւ ուրիշներ։ Գլխավոր դիրիժորը Յուրի Դավթյանն է (որին մեր ընթերցողը «ճանաչում» է նաեւ օպերային թատրոնի մասին մեր հրապարակումներից)։

Ներկայացման մասին Լեւոնյանն այլեւս կարծես ասելիք չուներ, եւ այդ իսկ պատճառով, նա խոսեց առհասարակ մշակույթի նշանակության մասին. – … Մեր հանրապետության բոլոր ասպարեզների զարգացման համար, մեր մշակույթի մարդկանց կարծիքով, անչափ անհրաժեշտ է եւ քաղաքակրթության զարգացման գործում անգնահատելի է մշակույթի դերը, որն ունի կառուցողիկ ծրագրեր, ունի հսկայական ներուժ, եւ շատ հաճելի է, որ ֆրանսիական դեսպանությունը այդ բացառիկ գիտակցությամբ է, որ վերջերս ձեռնամուխ է եղել թատրոնների հովանավորությանը։ … Գաղտնաթախիծ մի հույս ենք փայփայում, որ օպերային թատրոնում սա սկիզբն է եւ կունենա իր շարունակությունը։

Ասուլիսին ներկա էր Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի կցորդ Ռենե Մենդոլյանը։ Շնորհավորելով ներկայացման դերասանական խմբին, նա ընդգծեց, որ «Կարմենը» մեծ նշանակություն ունի ֆրանսիական մշակույթում եւ խորհրդանիշի դեր է կատարում։ Ներկայացման գաղափարը երկու արվեստագետներինն է, որոնք պարի դասընթացներ էին անցկացնում դեսպանության 2 աշխատակիցների հետ։ Ռ. Մենդոլյանը, բուն ասելիքն ավարտելուց հետո, Կարմենի դերակատարուհուն հարցրեց, թե ինչպես է պատկերացնում եւ զգում Կարմենի դերը. «Չգիտեմ, կպարեմ, հետո լրիվ կպատմեմ»,- ծիծաղելով պատասխանեց դերակատարուհին։ Մշակույթի կցորդը խոսքի վերջում հույս հայտնեց, որ բալետը դուր կգա ե՛ւ հայ ժողովրդին, ե՛ւ հայկական կառավարությանը, որոնք հրավիրված են։ Լրագրողներից մեկը Տ. Լեւոնյանին հարցրեց, թե որքան գումար է տրամադրվել եւ ծախսվել բալետի համար։ -6000 դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ ներկայացման համար, որը մեկ գործողությամբ բալետ է։ Իսկ ներկայացման մեջ ներգրավված են 24 հոգի։ «Կարմենի» համար դա շատ լավ գումար է, հսկայական դեկորներ չկան։ Եթե «Դոն Քիշոտը» անենք, որ 3 գործողությամբ բալետ է, դեկորներով հանդերձ մոտ 15.000 դոլար կպահանջվի, իսկ օպերային որեւէ ներկայացման համար՝ 35-50.000 դոլար,- պատմեց նա։

Թվերը, ինչ խոսք զվարճություն պատճառեցին տխուր ասուլիսի մասնակից լրագրողներին։ Ասուլիսի երկարաձիգ դադարները, լրագրողների լռակյացությունը եւ Լեւոնյանի ոչ շռայլ խոսքը ծանր մթնոլորտ էին ստեղծում ասուլիսում։ Հրավիրող երկու կողմերի խոսելը կարծես չգար։ Լեւոնյանն ընդհանրապես մեծ ոգեւորություններով ու գերադրական աստիճանի ածականներ կիրառելով է ելույթներ ունենում եւ իր ներկայացումների կամ թատրոնի աշխատանքների մասին խոսում։ Բայց այս անգամ իր ներկայացման պրեմիերան չէր, այլ Արմեն Գրիգորյանինն էր… այդ պատճառով էլ պրեմիերան համապատասխան մակարդակով չներկայացվեց…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30