Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆ

Նոյեմբեր 06,1998 00:00
elda grin

Հարցազրույց հոգեբան Էլդա Գրինի հետ

Բանակ եւ ինքնասպանություն

Է. Գ. – Հատկապես նրանք, ովքեր հոգեպես ավելի թույլ են կամ չեն դիմանում ֆիզիկական բռնություններին, խստությանը՝ դիմում են ինքնասպանության։ Սեփական անհաջողությունները եւ այլոց բռնությունները՝ ստորացում, վիրավորանք, մղում են թույլ անհատին խիստ դատավճիռ կայացնել սեփական անձի նկատմամբ։ Անհատի բարոյական չափանիշներն ու պահանջները հակասում են որոշակի միջավայրին, ինչն էլ տխուր հետեւանքների է հանգեցնում։ Կյանքի նկատմամբ ռոմանտիկ պատկերացում ունեցող տղաները բախվում են դաժան իրականության օրենքներին։ 18-19 տարեկան տղաներից շատերը մարդկային հարաբերությունների «մութ» կողմերը լավ չեն պատկերացնում։

Սեր մինչեւ մահ

Է. Գ. – Սիրո հողի վրա ինքնասպանություններ շատ են տեղի ունենում։Տարիներ առաջ համալսարանում մի այսպիսի բան կատարվեց։ Տղան սիրում էր իր համակուրսեցի մի աղջկա, նա էլ մերժել էր եւ ամուսնացել մեկ ուրիշի հետ։ Տղան չկարողացավ հանդուրժել եւ վերջ տվեց իր կյանքին։ Մարդու մեջ եղած ագրեսիվությունը երբեմն շրջվում է հենց իր դեմ։ Այդ դեպքում ներքին համաձայնության գալը շատ դժվար է։ Կյանքի իմաստը կորցնելուց հետո՝ ապրելը դժվար է։ Երիտասարդի համար ինքնասպանության դիմելը ոչ թե փրկություն է, այլ ողբերգություն։ Ա՛յ, միջին հասակում, մարդը իր կոնֆլիկտն է լուծում դրանով։ Ըստ նրա, հավասարակշռությունը միայն այդպես կարելի է պահպանել։ Իսկ ծեր մարդը ինքնասպանությունը համարում է ազատություն ե՛ւ իր համար, ե՛ւ շրջապատի։

Թերարժեքության բարդույթ

Ի դեպ, ինքնասպանության փորձ անողների մեծ մասը, մինչեւ այդ քայլին դիմելը, մտերիմների կամ հարազատների մոտ ասում է, որ մի օր վերջ կտա իր կյանքին։ Պետք է չանտեսել այդ հանգամանքը։ 100-ից 90 տոկոսի մոտ կրկնակի փորձեր են լինում։

Է. Գ. – Ես մի աղջկա գիտեի, որը հաճախ էր ասում. «Ես իմ կյանքին իմ ձեռքով վերջ կտամ»։ Նա ծնվել էր արատով, տգեղ էր եւ կաղում էր։ Շատ ծանր էր տանում եւ ամբողջությամբ կենտրոնացել էր դրա վրա։ Ասում էր, որ Հին Սպարտայում ճիշտ էին վարվում, որ հիվանդ եւ արատով ծնված երեխաներին սպանում էին։ Կյանքի նկատմամբ նրա մեջ կուտակված դաժանությունը ես փորձում էի մեղմացնել, օգնել նրան։ Մեր բաժանումից երեք տարի հետո, ես իմացա, որ նա ինքնասպանություն է գործել։ Իր գոյությունը այս աշխարհի վրա նա չկարողացավ հանդուրժել։ Ընդհանրապես, ինքնասպանության պատճառները պարզաբանելը շատ դժվար է։ Դեպքից հետո մնում է միայն քրեական գործը, որի հիման վրա դժվար է ճիշտ եզրահանգման գալ։ Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել, ի՞նչ հոգեբանական վիճակում Է եղել, միջավայրը որքանո՞վ է նպաստել դեպքի զարգացմանը եւ ուրիշ-ուրիշ բաներ։ Կարող է անգամ տեղի ունեցած լինել ժամանակավոր հոգեկան խանգարում։ Եթե չկա բժշկական մի որեւէ թուղթ, որում նշված լինի, որ նա բուժվել է կամ հաշվառման մեջ է եղել հոգեբուժարանում, ուրեմն չես կարող պնդել նրա հիվանդ լինելը։ Բայց գուցե իրականում եղել է այդպիսի բան, ասենք տարօրինակությունների ի հայտ գալը՝ ուղղակի գործի մեջ չկա։ Հաճախ ինքնասպանություն են կատարում ոչ նորմալ կամ սթափ վիճակում, հիմնականում կարող է տեղի ունենալ պահի ազդեցություն տակ։

Ինչո՞ւ ենք խուսափում հոգեբաններից

Է. Գ. – Առաջին հերթին պետք է սթափ լինի ծնողը, հետո ուսուցիչը, շրջապատը։ Իսկ ոչ կայուն իրավիճակներում անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը։ Մեզանում, չգիտես ինչու, խուսափում են հոգեբանին դիմելուց։ Շատ անգամ երբ ասում ես, որ քո հարազատը կամ դու հոգեբանի կարիք ունես, պատասխանում են, որ իրենք գիժ չեն, հիվանդ չեն։ Չեն տարբերակում հոգեբանը հոգեբույժից։ Օրինակ, Արեւմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, շատ ընդունված է հոգեբանական ծանր իրավիճակներում դիմել հոգեբանի։ Դեռ ավելին, կան ընտանիքներ, որոնք ունեն իրենց անձնական հոգեբանը, ընտանիքի հոգեբանը։ Այդ հոգեբանի համար հեշտ է աշխատելը, որովհետեւ նա լավ գիտի այդ ընտանիքը, նրա անդամներին, ամեն մեկին առանձին-առանձին՝ իր հոգսերով ու պրոբլեմներով։ Նրան հայտնի է այդ ընտանիքի կենցաղը, ծանոթությունների շրջանակը, որը նույնպես կարեւոր է։ Այնտեղ հոգեբաններն ավելի նեղ մասնագիտացված են։ Ինչպես Բ. Շոուն է նրանց մասին ասում. «Նեղ մասնագետը գիտի ամեն ինչ ոչնչի մասին»։ Այդ նեղ շրջանակից այն կողմ, եթե փորձես զրուցել, կտեսնես, որ շատ սահմանափակ են նրանց գիտելիքները։

Ինչո՞ւ է մեր բնակչությունը խուսափում հոգեբանի օգնությանը դիմելուց։ Դա դեռ գալիս ԽՍՀՄ-ից, օրինակ, ԱՄՆ-ը պրագմատիկ երկիր է, այնտեղ ամեն ինչ էլ խիստ գործնական է։ Իսկ ԽՍՀՄ-ը տալիս էր եւ պահանջում էր ավելի տեսական պոլիտեխնիկ գիտելիքներ։ Եվ դրա համար մասնագետները՝ այս կամ այն բնագավառի, տեսականորեն լինում էին շատ զինված, բայց գործնականում՝ թույլ։ Խզումը՝ բնակչության եւ հոգեբանների, դեռ այնտեղից է գալիս։ Այն մարդիկ, որոնց մոտ նախադրյալներ կան, արտակարգ բարդ իրավիճակները նպաստում են, որ հայտնվի ծանր, անելանելի հոգեվիճակում։ Նման դեպքերում ոչ թե պետք է, այլ ուղղակի անհրաժեշտ է հոգեբանի օգնությունը։ Երկրաշարժից հետո կապ կարծես թե սկսվեց։

Համալսարանի հոգեբանության ամբիոնին կից գործում էր բնակչությանը օգնող հոգեբանական կենտրոն, որտեղ գալիս էին մարդիկ իրենց հոգսերով, խնդիրներով ու պրոբլեմներով։ Հոգեբանական ծանր վիճակում մենք բոլորս կարող ենք հայտնվել։ Հիշեք, արդյոք մեզնից ո՞վ չի կանգնել թվացյալ փակուղու առաջ, անգամ վճռել, որ իր կյանքին վերջ պիտի տա։ Սթափ ու աչալուրջ պետք է լինել։ Եթե բարդ իրավիճակներում կամ կոնֆլիկտի ժամանակ ձեր հարազատը կամ մտերիմը սպառնում է ինքնասպանություն գործել, կամ դուք հասկանում եք, որ նա կարող է այդ ճանապարհին կանգնել, սթափվեք եւ լուրջ մոտեցեք խնդրին։ Դա չի նշանակում, որ դուք չպետք է վերադառնաք ձեր մեջ ծագած կոնֆլիկտին կամ նրա ու շրջապատի միջեւ ծագած կոնֆլիկտին, պարզապես պետք է մոտեցումը փոխել, փորձել այլ ճանապարհներ գտնել, եւ ծայրահեղ դեպքում դիմել հոգեբանի։

Զրուցեց ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30