Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

Նոյեմբեր 06,1998 00:00
Astghik Avetisyan

Հոկտեմբերի 25-31-ը Մինսկում անցկացվեց միջազգային սեմինար՝ «Կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ» թեմայով։ Սեմինարը «Միջազգային քաղաքացիական ծառայության» հետ միասին կազմակերպել էր Բելառուսի «Նոր խումբ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունը։ Վերջինս ACI կազմակերպության պաշտոնական գործընկերն է հանդիսանում Բելառուսում եւ կազմակերպելով միջազգային կամավորական աշխատանքային ճամբարներ, սեմինարներ, ուսուցողական այցելություններ, հնարավորություններ է ստեղծում տարբեր ազգերի եւ տարիքի սոցիալական, մշակութային մակարդակի մարդկանց համար հարաբերակցվել, կարծիքներ փոխանակել, քննարկել միջազգային հիմնահարցեր։

Սեմինարին մասնակցում էին 15 երկրների 38 մասնակիցներ՝ մերձբալթյան երկրներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Կովկասից եւ այլն։ Հայաստանից մասնակցում էր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ, Ուսանողական միության տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

– Քանի որ սեմինարի թեման կանանց վերաբերող խնդիրներն էին՝ միայն կանա՞յք էին մասնակցում։

– Չգիտես ինչու թյուրըմբռնում կար, որ միայն կանայք պետք է լինեն։ Բայց նման միջոցառումներին անպայմանորեն տղամարդիկ էլ պետք է մասնակցեն, որպեսզի քննարկումներն ու կարծիքների փոխանակումն ավելի հավասարակշիռ լինեն։ Կազմակերպչական առումով կարելի է ասել, որ սեմինարը համապատասխանում էր միջազգային չափանիշներին։ Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ խնդիրը կարող են այդպես խորացնել եւ քննարկումների միջոցով հանգել ինչ-որ եզրակացությունների։ Առաջին օրը հատկանշական էր նրանով, որ նյութերի փոխանակումից հետո կազմակերպվեց «ծանոթության խաղ», որը հնարավորություն ստեղծեց առաջին իսկ օրից ճանաչելու միմյանց։ Խաղի իմաստն այն էր, որ յուրաքանչյուրը պետք է ներկայացներ մի շարժում, որը պետք է բնորոշեր իրեն։ Հանդիպեցինք գենդերային հետազոտության կենտրոնի տնօրենի հետ, որը ներկայացնում էր ընդհանուր համայնապատկեր՝ «Գենդերային հիմնահարցերը ժամանակակից հասարակության մեջ» թեմայով։ Այցելեցինք Մինսկի «Էնվիլա» կանանց ինստիտուտ, որտեղ հանդիպեցինք ուսանողուհիների հետ։ Խնդիրն այն էր, որ միտում կա վերականգնել իգական դպրոցները։ Իհարկե, սեմինարի մասնակիցներն այդ հարցին քննադատաբար մոտեցան՝ դիտելով այն որպես մարդու իրավունքների ոտնահարում, կնոջ ազատության սահմանափակում։

– Ո՞րն էր սեմինարի նպատակը, ի՞նչ հարցեր քննարկվեցին։

– Նպատակը ինֆորմացիայի փոխանակումն էր գլոբալ հիմնահարցերի շուրջ, որոնք գոյություն ունեն տվյալ երկրում։ Յուրաքանչյուրը ներկայացնում էր իր երկրի քաղաքական, տնտեսական իրավիճակը, վիճակագրական տվյալներ տալիս կանանց վերաբերյալ. կինը բիզնեսում, պառլամենտում, հասարակական կյանքում, տարվում էր գործազուրկ եւ կիրթ ու մշտական աշխատանք ունեցող կին զուգահեռը։ Տալիս էինք նաեւ այնպիսի ինֆորմացիաներ, ինչպիսիք են ամուսնությունը եւ ամուսնալուծությունը, տղամարդկանց եւ կանանց հատուկ մասնագիտությունը, ընտանիքում երեխայի ծնունդի քանակն ու աբորտը եւ այլն։ Այս ամենի մասին պատրաստում էինք գրավոր նյութեր, որոնք քննարկվում էին կլոր սեղանի շուրջ։

– Հայ կինը ինչպիսի՞ չափանիշներով ներկայացվեց միջազգային հանրությանը։

– Չնայած սեռերի իրավահավասարության ասպարեզում խորհրդային ժամանակներից եկող հաջողություններին, հայ հասարակությունը դեռեւս մնում է ընդգծված տղամարդկային հասարակություն։ Տղամարդն առաջին հերթին կրում է պարտավորություն «ընտանիքի արտաքին հարաբերությունների» ոլորտում, իսկ կինը՝ ներքին ոլորտի։ Ըստ անցյալ տարվա տվյալների, Հայաստանում գրանցված են 300.000 գործազուրկ, որոնց 73%-ը կանայք են։ Հայ կինը ներկայացվեց այնպես, ինչպես իրականում կա. օջախի կին, մայր, կրթված, բայց հիմնականում՝ չաշխատող, եւ իր գիտելիքներով երեխայի ճիշտ դաստիարակությանը նպաստող։ Մասնագիտությամբ հիմնականում բժշկուհի, ուսուցչուհի, վաճառողուհի, դաստիարակ, շատ քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործող, ամուսնության տարիքը 18-25 եւ այլն։ Ներկայացվեց նաեւ հայ կնոջ ամենաբնորոշ հատկանիշը՝ առաքինությունն ու կուսության պահպանումը մինչեւ ամուսնություն։

– Եվ ինչպե՞ս ընդունվեց կնոջ այդ սիմվոլը օտարերկրացիների կողմից։

– Որոշ բաներ շատ նորմալ, իսկ այնպիսի հարցեր, ինչպիսիք էին ամուսնական տարիքն ու կուսությունը՝ շատ զարմանքով ու քննադատաբար։ Մասնակիցները գտնում էին, որ կույս լինելը կնոջը սահմանափակումների մեջ է դնում, եւ նպաստում այլընտրանքային սեքսի աճին։

– Ի վերջո, ի՞նչ տվեց այդ սեմինարը, հասա՞ք որոշակի արդյունքների։

– Ես կարծում եմ, որ նման միջոցառումներ հաճախակի պետք է լինեն եւ կնոջ տեղն ու դերը հասարակության մեջ իսկապես պետք է ճշգրտվի, որ կնոջն ընդունեն ոչ միայն որպես տնային տնտեսուհի, այլեւ հասարակական գործունեության ասպարեզի լիիրավ անդամ։

Հարցազրույցը վարեց ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30