Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ» ՃԻՇՏ Է. «ԱԿՈՒՄԲ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ»

Նոյեմբեր 06,1998 00:00
lurer

Խիստ տհաճ է գիտակցել, որ ակամա ներքաշվում ենք Երեւանի մամուլի ակումբի ինքնագովազդարշավի մեջ եւ առիթ ընձեռում, որ այս խմբակի բուռն գործունեության պատրանք ստեղծվի գրանտատու կազմակերպությունների համար։ «Սրբապիղծ զրպարտություն եւ ճղճիմ ստորություններ» որակումները, կարծում ենք, լավագույն վկայությունն են, որ ԵՄԱ դիտարկող խումբը փաստերի սովի պատճառով ստիպված է հայհոյել։ Ուստի, միայն հավելյալ նշենք, թե որքանով է արդարացի «Դիտարկման դիտարկումը» («Առավոտ», 24-ը հոկտեմբերի) հրապարակման մասով ԵՄԱ-ի «աղավաղումներ եւ անհիմն դատողություններ» մեղադրանքը։ ԵՄԱ նոյեմբերի 2-ի հայտարարության հավելվածում նշված է, թե իրենց դիտարկման մեջ «իրականում» մեկնաբանություններ են եղել նաեւ «ՀՀ», «ՌԱ», «ԳԱ» եւ մյուս թերթերին նվիրված բաժիններում։ Զուտ տեղ խնայելու նպատակով անդրադառնանք միայն թերթերից երկուսին։

«ՀՀ»-ի վերաբերյալ դիտարկման առաջին պարբերության մեջ նշված են թերթի առաջատար թեմաները՝ տոկոսներով եւ համեմատություն է արված, թե նախորդ երկամսյակի համեմատ այդ տոկոսները որքանով են աճել կամ նվազել։ Երկրորդ պարբերության մեջ զուսպ վերաշարադրանք է՝ ինչին է ավելի շատ անդրադառնում թերթը՝ ինչ նյութերով եւ այլն։ Երրորդ պարբերությունը քաղաքական գործիչների հիշատակման տոկոսներն են։ Չորրորդ պարբերությունը գործիչների կարծիքներին տրամադրված մակերեսների չափման արդյունքներն են՝ քառ. սմ-երով։ Վերջին պարբերության մեջ թերեւս կա մի տող, որ կարելի է մեկնաբանության տեղ «սաղացնել». «Ընդհանուր առմամբ ռուսական մամուլից, հատկապես Ռուսաստանի ներքաղաքական կյանքի մասին նյութերն ամբողջական արտատպելը բնորոշ են «ՀՀ»-ին»։

«ՌԱ»-ի դիտարկման պատկերը նույնն է՝ թեմաների տոկոսներ, հիշատակումների հաճախականություն, դրանց բնույթի վերաբերյալ դատողություններ, մակերեսների չափում եւ այլն։ Ոչ այս, ոչ էլ այլ թերթերի դիտարկումներն անգամ խիստ հեռավոր նմանություն չունեն «Հայոց աշխարհի» եւ մանավանդ «Առավոտի» վերաբերյալ մեկնաբանություններին։ Ակնհայտ է, կրկնենք, որ մեր թերթը «դիտարկելիս» խախտվել են անաչառ ուսումնասիրության տարրական սկզբունքները եւ, ըստ ամենայնի, պատճառը ԵՄԱ-ի հասցեին մեր քննադատությունն է։ Եվ դարձյալ ուժի մեջ է մնում մեր այն գնահատականը, որ դիտարկողները սուբյեկտիվ ու վիճելի պնդումներ են արել, թե «Առավոտում» արդեն ոճ է դառնում» բանավոր խոսքն առանց խմբագրման ներկայացնելու միտումը։ Կամ, որ Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող «հանձնաժողովի գործունեության մասին ռեպորտաժներն այն մտքին են հանգեցնում, որ թերթի հիմնական նպատակը տեղի ունեցողի անհեթեթությունը ցուցադրելն է»։

Վերջինիս վերաբերյալ արդեն ասվածին հավելենք, որ մեր ռեպորտաժներում չի գրվել որեւէ բան, որ հանձնաժողովի նիստերում արված կամ ասված չլիներ։ Բայց դե այս մասին որտեղի՞ց պիտի իմանար ԵՄԱ-ի ղեկավարությունը, որի մի մասը գործնական լրատվության հետ վաղուց առնչություն չունի։ Պետք է նաեւ նշել, որ տվյալ անձի նկարագիրը առավելագույնս ճշգրիտ փոխանցելու համար նրանց բանավոր խոսքն առանց խմբագրման ներկայացնելու հնարքը «Առավոտի» 1-2 աշխատակից են օգտագործել՝ ամենաշատը 3-4 անգամ։ Այս պայմաններում ինչպե՞ս է դիտարկող խումբն իր եզրակացությունը տարածում 16 էջանոց թերթի մի քանի տասնյակ թղթակիցների վրա։ Եվ դեռ անիրագործելի խոստում են տալիս, որ կարող են «համոզիչ կերպով հիմնավորել» այս ընդհանրական պնդումը։ Ծիծաղելի է, թե միայն «Առավոտում» եղած վրիպումներն էին առավել լուրջ՝ դրա համար էլ դրանք են նշվել»։ Շա՜տ լուրջ վրիպում է, ասենք, ԱԺ մի հանձնաժողովի փոխնախագահին նախագահ ներկայացնելը։ Իսկ ո՞ր թերթերում են վրիպակները բացառված։

«Հեղինակը չգիտես թե ինչի հիման վրա ենթադրել է, որ դիտարկող խումբը Քլինթոն-Լեւինսկի սիրային պատմությանը հայ մամուլի անուշադրությունը թերություն է համարել»,- նշված է ԵՄԱ հայտարարության հավելվածում։ Այդ «չգիտես ինչը» ԵՄԱ տեղեկագրի 6-րդ համարում հրապարակված այս դիտարկման հաշվետվությունն է։ Որոշ մեջբերումներ անենք. «Քլինթոն-Լեւինսկի պատմությունը, որ թիվ 1 նորությունն է մնում Արեւմուտքում, մեր մամուլի էջերում ու եթերում շատ քիչ տեղ գտավ։ Այսպես, ՀԱՀ գլխավոր տեղեկատվական ծրագիրը միայն մի սյուժե է նվիրել այդ թեմային»։

«Համաշխարհային մամուլով լայնորեն լուսաբանվող օգոստոսյան մյուս սենսացիան՝ Քլինթոն- Լեւինսկի աղմկոտ գործի հանգուցալուծումը, փաստորեն չի լուսաբանվել թերթում» («ՌԱ»-ում- Ա. Ի.)։ «Մյուսներից ավելի հաճախ է «Ազգն» անդրադարձել նաեւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի շուրջ բարձրացրած աղմուկին (5 անգամ)»։ «Երկիրը» միայն մեկ անգամ է անդրադարձել ԱՄՆ նախագահի շուրջ բարձրացրած մեծ աղմուկին» (ըստ ամենայնի, այդ պատճառով է այս թերթն այդքան գորշ եւ անհետաքրքիր- Ա. Ի.)։ «Քլինթոն-Լեւինսկի գործի քննությանը «Գոլոս Արմենիին» մյուս ռուսալեզու թերթի՝ «ՌԱ»-ի համեմատ ավելի հաճախ է անդրադարձել, սակայն միայն այլ աղբյուրների փոքր լուրերի միջոցով» եւ այլն։ Պարզվում է, որ սեփական աղբյուրների մեծ հրապարակումներով պիտի լուսաբանվեր այդ պատմության «քաղաքական-իրավական տեսանկյունը»։ Այս ուղղումն է արվել ԵՄԱ հայտարարության հավելվածում՝ նշումով, թե «զարգացման ուղիներ փնտրող մեր հասարակությանը», իրենց կարծիքով, դա է հետաքրքրում…

Ի դեպ, ԵՄԱ հայտարարության հավելվածի հեղինակները նաեւ չքմեղացել են, թե հաշվետվության մեջ «տող անգամ չկա», որ հիմք կտար եզրակացնել, որ իրենք Կոնյակի գործարանի թեման ձանձրալի են համարում։ Կարճ հիշողություն ունեցողների համար մեջբերենք, որ դիտարկման նախաբանում, որտեղ դիտողություններ կան, թե քանի թեմաների նկատմամբ ԶԼՄ-ները հետաքրքրություն չեն դրսեւորել, առկա են այս տողերը. «Մինչդեռ Կոնյակի գործարանի վաճառքի եւ ՀՀ նախագահին Բաքու հրավիրելու հարցերն, ընդհակառակը, մանրակրկիտ քննարկվեցին ամենաանսպասելի կողմերից։ Միանգամայն որոշակի բովանդակային խնդիրների հատիկներն աննկատ մնացին քաղաքական-պատմական-հոգեբանական հարդի մեջ»։ Կարելի էր մեջբերումները շարունակել, բայց, կարծում ենք, այսքանն էլ բավական է ապացուցելու համար, որ ԵՄԱ-ն լիովին վաստակել է, որ բումերանգի պես իրեն վերադառնան «զրպարտագիր գրողի» եւ իր մնացած որակումները ու պարզ դառնա, թե նրանք որքանով կապ ունեն պատասխանատու լրագրության հետ։

Ընթերցողներն իսկապես պիտի իմանան, թե ինչի հետ գործ ունեն։ Տվյալ դեպքում, գործ ունենք ոչ մի կերպ չարդարացված հավակնության հետ, թե իրենք կարող են «դիտարկման» անվան տակ անձնական խնդիրներ լուծել, իսկ մենք չպիտի համարձակվենք այդ մասին հիշեցնել, այլապես ԵՄԱ-ն հայտարարություն կանի եւ մամուլի ասուլիս կհրավիրի։ Եթե էլ բան ու գործ չունեն՝ կարելի է նրանց առաջարկել լրացնել նվաստ գրչակներիս բացթողումը եւ զարգացման ուղենիշներ փնտրող մեր հասարակության համար հանգամանալից լուսաբանել ամերիկյան սեռական սկանդալները՝ քաղաքական տեսանկյունից։ Իսկ մեզ մնում է միայն ափսոսալ իրենց հատկացված այս ծավալի համար, որի քառ. սմ-ն եւ տոկոսը հաշվելու մեջ է ԵՄԱ-ն, թերեւս, անգերազանցելի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, որպես ապացույց, որ ընթերցողներն իրոք գիտեն, թե ինչի հետ գործ ունեն՝ նշենք, որ «Առավոտի» տպաքանակը 6 հազար է (մեզ օրաթերթերից գերազանցում է միայն «ՀՀ»-ն՝ իր 6500 օրինակով), իսկ վաճառքից վերադարձի տոկոսները բոլոր թերթերի մեջ ամենափոքրն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30