«Մոլորակ» թերթը փակվելուց հետո, կարդում եմ նաեւ ձեր խմբագրած թերթը, որպեսզի ծանոթ լինեմ մեզանում տիրող կարծիքների բազմազանությանը։ Սակայն, անկեղծ ասած, մինչ այժմ չեմ հասկացել, որն է ձեր դավանանքը, ինչ եք ուզում ասել։ Որովհետեւ կարդալով թերթը, ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե դուք նպատակ եք դրել փնովել բոլորին եւ ամեն ինչ։ Միանգամից գրեմ, որ թերթի (31.10.98 թ.) թիվ 210 համարում, «Հայ ազգային մտավորականները» խորագրի տակ տպագրված Սիլվա Կապուտիկյանի «լացակումած նկարը ինձ անչափ զայրացրեց»։
Հարգելի Արամ Աբրահամյան, ես չգիտեմ դուք որ գրողներին եք համարել կամ համարում հարգանքի արժանի մտավորական կամ ինչպես եք դաստիարակում ձեր երեխաներին, բայց գրեմ, որ ինքս դաստիարակվել եմ Սիլվա Կապուտիկյանի «դրոշի ներքո» եւ հպարտ եմ դրանով, քանզի մարդկային շատ դրական (ըստ ինձ) հատկանիշներ, հայրենասիրություն, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, չափի զգացումը, հարգանքը դեպի ավագը, մտավորականը, ձեռք եմ բերել դրա շնորհիվ։ Կարելի է չհամաձայնել այս կամ այն լուրջ քաղաքական գործչի, մտավորականի տեսակետների հետ, բայց նրանց մասին խոսելիս պետք է մտածել նաեւ ապագա սերնդի մասին։ Եթե «հները» իրենց «դարն» ապրել են (ըստ ձեզ), խոսեք նորերի մասին։ Իսկ եթե նորերը դեռ չկան, հներին էլ «հեղինակազրկում» եք… Թերությունների մասին, իհարկե, գրեք, բայց լավի, դրականի մասին էլ մի մոռացեք։ Գոնե Սիլվա Կապուտիկյանի մասին գրելիս աշխատեք պարկեշտության սահմաններում մնալ։
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱՆՂՅԱՆ
տնտեսագետ,
Կարդացեք նաև
ք. Էջմիածին
ՄԵՆՔ ՀԱՐՈՒՍՏ ԵՆՔ
Հարգելի գլխավոր խմբագիր.
Նախապես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ եւ ձեր գլխավորությամբ «Առավոտ» օրաթերթին եւ ամբողջ՝ իրենց գործում գիտակ անձնակազմին։ Այս շնորհակալական պատգամը գալիս է առ այն, որ գտնում եմ՝ «Առավոտ» օրաթերթն այսօր միակն է, համենայնդեպս այսօր ՀՀ-ում, որը անկախ բոլոր անօրինական դժվարություններից եւ որոշ ապօրինի բարդություններից՝ կարողանում է հաղթահարել, մնալով հավատարիմ սեփական համոզմունքներին, գաղափարներին, եւ միայնակ պատերազմելով «անկախության, ազատության եւ դեմոկրատիայի» պատրվակով, բազմերանգ մութ գույներով հարուստ վարագույրով քողարկված մի հոծ՝ «միայն սեւ ձկնկիթ ճաշակող», բանակի դիմաց, օգտագործելով միայն մի զենք, ԽՈՍՔ եւ ԲԱՌԱՊԱՇԱՐ։ Ես բարի նախանձով եմ նայում ձեր հարստությանը, քանի որ դա Աստծո պարգեւն է, եւ տրված է ձեզ, ձեր անձնակազմին, որը դատավորի պաշտոն չէ, որը կարելի է գնել 150.000-200.000 դոլար կամ մոտավոր նույն գինն ունեցող ՀՀ Ազգային ժողովի «Մեծարգո Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան պետական դեմոկրատական թատրոնի» դերասանական ժամանակավոր դիպլոմը։
Բարի ցանկություններով՝ ԿԱՐԵՆ (Kevin) ԳՐԻԳՈՐՅԱՆ,
ԱՄՆ