Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի դեսպանատունը կարող է խայտառակել Հայաստանը

Նոյեմբեր 06,1998 00:00
despanutyun

Որ դիվանագիտությունը պետության դեմքն է մի այլ պետությունում, կարծում եմ, հանրահայտ է: Որ այն կարեւորագույն օղակ է արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ նույնպես: Հետեւաբար, չեմ ցանկանում այսքանից ավելի ծավալվել նյութի շուրջ: Ավելի ճիշտ կլինի առարկայական խոսակցությունը: Մոսկվայում գործող Հայաստանի դեսպանատունը խիստ յուրահատուկ, կարելի է ասել, բացառիկ դեր ունի մեր երկրի քաղաքականության մեջ, եւ դրանով իսկ առանձնանում է մեր մյուս դեսպանատներից: Սակայն, միայն դրանով չէ, որ այն առանձնանում է: Ինչպես ասում են, ամեն ինչ չէ, որ կարգին է Մոսկվայի Հայկական տանը: Այնտեղ առկա են իրողություններ, որոնք ամենայն լրջությամբ ստվերում են պետության պատիվն ու արժանապատվությունը՝ սպառնալով վերածվել իսկական խայտառակության, եւ եթե ժամանակին ու կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, շատ շուտով լիակատար խայտառակությունը իսկապես կկայանա: Որպեսզի ասվածը պարապ խոսքի տպավորություն չստեղծի, խոսեմ կոնկրետ օրինակներով:

Դեսպանատան գլխավոր դեմքը՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանը, մի զարմանալի հատկություն ունի. դեսպանի մեքենայով Մոսկվայում շրջում է առանց դրոշակի: Չիմացողը կարող է չզարմանալ, սակայն իմացողի համար ակնհայտ է, որ դրանով կոպիտ կերպով խախտվում է միջազգայնորեն ընդունված նորմը՝ ոտնահարելով պետության արժանապատվությունը: Խախտվում է այնքան հաճախ, որ դրա մասին արդեն խոսում են ոչ միայն դեսպանատանը: Դեսպանի այս «յուրահատկության» մասին տեղյակ են շատերը: Դեսպանատան հաջորդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ Մոսկվայում բազմաթիվ մարդիկ, որ ոչ մի առնչություն չունեն դեսպանատան գործունեությանը, շրջում են դեսպանատան հատուկ համարանիշներով: Հաճախ Մոսկվա գնացողները երեւի գիտեն մեր դեսպանատան մեքենաների համարները՝ 138D: Ահա, այդ համարանիշով դեսպանատունը սպասարկող մեքենաների առավելագույն թիվը 15 է, բայց Մոսկվայում կարելի է հանդիպել 138D079 համարանիշով մեքենայի: Հարց, որտեղի՞ց են ձեռք բերվել այդ համարանիշները, եթե հայտնի է, որ դրանք տալիս է մոսկովյան ՊԱՏ-ը՝ դեսպանի գրությամբ:

Ի դեպ, նշված համարանիշներով երկու մեքենա հասել են Երեւան, այնինչ, դրանց ետ հանձնելը պարտադիր է: Նույնն է վիճակը վկայականների հարցում, որոնք տալիս է ՌԴ ԱՆ-ը նույնպես միայն դեսպանի գրավոր դիմումի հիման վրա: Այս տարվա հունվարին ինչ-որ մեկի մեքենան պայթեցնելու փորձը մեծ աղմուկ հանեց զուտ այն պատճառով, որ այդ մեկը, ըստ ներկայացրած փաստաթղթի, մեր դեսպանի խորհրդականն էր: Դիվանագիտական քարտեր բաժանելը բիզնեսի յուրահատուկ ժանր է դարձել: Մոսկվայում ծաղկող բիզնեսի մյուս տեսակը դիվանագետների կողմից մասնավոր բիզնեսին մասնակցությունն է: Օրինակ, VISA concord ավիաընկերության ներսում գործունեությունը: Մինչդեռ, դիվանագետներին խստիվ արգելված է նշանակման երկրում առեւտրական եւ այլ մասնավոր գործունեությունը: Երեւի, նորմը հայ դիվանագետների համար չէ: Մի քանի խոսք ներսում տիրող բարքերի մասին:

Վաղուց արդեն ոչ ոք չի զարմանում, որ հայ դիվանագետները շենքի ներսում ոչ միայն թունդ վիճաբանություններ են ունենում, այլեւ հարաբերություններ են պարզում հակադիվանագիտական մեթոդով՝ ձեռնակռիվներով: Դա արդեն սովորական է դարձել: Իսկ աղմուկը լսելի է նաեւ շենքից դուրս: Շենք կարող են թափանցել կողմնակի մարդիկ, օրինակ, հայաստանյան անկախ լրատվական գործակալության թղթակիցը, որը ազատ մուտք ունի դեսպանատան համակարգչային ցանց: Մարդը որեւէ կերպ ձեւակերպված չէ այնտեղ, բայց գրեթե ամեն օր շենքում է: Դրանով իսկ խախտված է դիվանագիտական առաքելության գործունեության գաղտնիության դրույթը: Հիշեցնե՞լ, թե ինչ է նշանակում մեզ համար Մոսկվայի դեսպանատունը, թե՞ ինքներդ գլխի ընկաք:

Այս տարվա օգոստոսին մոսկովյան հեռուստաալիքները, առիթով եւ առանց դրա, բազմիցս եթեր հեռարձակեցին մի քրեական սյուժե, որում պատմվում էր մեր դեսպանատան մի պատանի աշխատակցի «քաջագործության» մասին: Պահակազորի այդ աշխատակիցը արվամոլ էր: Հիմա դրա համար չեն դատում, նրան ձերբակալել էին այլ պատճառով. ծեծել էր իր սեռական ընկերոջը: Իսկ դեսպանատունը հանգիստ վերաբերվեց՝ առանց կրքերի; Եվ մի քիչ թվաբանություն: Դեսպանը Մոսկվա գնաց իր թիմով, վարորդով, գործերի կառավարիչով եւ այլն: Միայն վարորդի ամսական մոտ 700 դոլար աշխատավարձ ստանալն արդեն թանկ հաճույք է: Նա դեռ չի սովորել Մոսկվայում երթեւեկել: Եվ ապրում է դեսպանատան հյուրանոցում, որտեղ մեկ գիշերը արժե 30 դոլար: Ընդհանուր գումարը առաջարկում եմ հաշվել ինքնուրույն:

Լրացուցիչ տեղեկության կարգով նշենք միայն, որ, օրինակ, Մինսկում Հայաստանի դեսպանության ծախսերը կազմում են մոտ 1500 դոլար ամսական: Այդ գումարները վճարվում են հայաստանցի հարկատուի գրպանից: Արդյո՞ք մեծ ճոխություն չէ հայտնի ֆինանսական հնարավորություններ ունեցող մեր երկրի համար: Թիմի կարկառուն դեմքերից է գործերի կառավարիչը, որը կարծես Մոսկվա է մեկնել ոչ թե գործերը կառավարելու, այլ ժամանակը ռեստորաններում անցկացնելու: Նա ավելին է, քան պարզապես գործերի կառավարիչ: Ցավոք, այս ամենը իրողություն է, ավելի ճիշտ՝ իրողության մի մասը միայն, որը շարունակվում է: Եվ սպասում են լուծման: Բոլոր հարցերը պատասխաններ ունեն, եւ այդ պատասխանները Հայաստանում են: Եթե դրանք ժամանակին եւ ուղիղ չտրվեն, խայտառակությունն անխուսափելի կլինի:

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30