«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը այսպես անվանեց Եգորյանի տարբերակը երեկ հրավիրած իր ճեպազրույցում՝ ընտրական օրենսգրքին առնչվող քննարկումների եւ ներկայացված նախագծերի վերաբերյալ «Երկրապահի» դիրքորոշումը ներկայացնելով։
Քննարկումները փաստորեն սկսվել են 97-ի դեկտեմբերից եւ երկրորդ փուլով շարունակվել նախագահական ընտրություններից հետո, երբ ներկայացվեց երեք տարբերակ՝ Կոմկուսի, Եգորյանի եւ Վիգեն Խաչատրյանի։ Վերջինը, հիշեցնենք, Խորհրդարանում «հենց ոտքի վրա փոխվեց». եթե սկզբում ներկայացրել էր 90 մեծամասնական, 40 համամասնական տարբերակը, ապա գարնանը այն փոխվեց հակառակի։ Երեք հեղինակներից եւ ոչ մեկը չընդունեց «Երկրապահի» առաջարկը՝ փորձել մեկ համաձայնողական տարբերակ ներկայացնել Ազգային ժողովի դատին։
Ավելի հստակեցնելով դիրքորոշումը, պրն Այվազյանը մեջբերեց խմբի տեսակետը ներկայացնող իր ելույթը, որում մասնավորապես շեշտվում էր, թե նախագծերը քննարկելի կհամարվեին այն ժամանակ, եթե դրանցից հանվեին հանձնաժողովների կազմավորման եւ մեծամասնական-համամասնական ընտրական համակարգերի մասին հոդվածները եւ առանց դրանց նախագծերը դրվեին քվեարկության՝ համատեղ աշխատանք սկսելու հնարավորություն ստեղծելով։ Եվ քանի որ արդյունքում ոչ մի նախագիծ հիմք չընդունվեց, «Երկրապահ» պատգամավորական խումբը, «գիտակցելով պառլամենտական մեծամասնության ողջ պատասխանատվությունը, ձեռնամուխ եղավ նոր նախագծի ստեղծման»։
Իսկ որ ԻՄ-ի առաջադրած տարբերակը միացվելու էր Եգորյանի (միասնական) տարբերակին, պրն Այվազյանի հավաստմամբ, բոլորը նախապես գիտեին։ Իսկ Վիկտոր Դալլաքյանի պարզաբանումներից հետո, որոնք վերաբերում էին «Երկրապահի» տարբերակին, բացի այն, որ «դահլիճում հարցեր տալու տրամադրություն չկար», «միասնական տարբերակի կողմնակիցներն սկսեցին տատանվել…»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ «հակառակորդն» իր դիրքորոշումը կոշտացրեց։ «Փաստորեն գարնանը մենք կողմ էինք 91 մեծամասնականի, 40 համամասնականի, իսկ այսօրվա միասնական տարբերակի կողմնակիցները՝ 80 համամասնականի եւ 50 մեծամասնականի։ Մենք որոշեցինք, որ այս խնդրում պետք է գնալ կոմպրոմիսի, եւ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն տեղի ունեցավ. մենք գնացինք 80 մեծամասնականի եւ 51 համամասնականի։ Մյուս կողմը, ընդհակառակը, գնաց դիրքորոշման կոշտացման. 80 համամասնականի փոխարեն ընդունեցին 101 համամասնական եւ 30 մեծամասնական»։
«Երկրապահը» պատրաստվում է եւս մեկ անգամ մեծահոգաբար գնալ փոխհամաձայնության՝ հատկապես միասնական տարբերակի կողմնակից բոլոր կուսակցություններին առաջարկելով այսօր, ժամը 2-ին կազմակերպել քաղաքական քննարկումներ, որի ընթացքում «փորձելու ենք գտնել մաքսիմում համաձայնություններ՝ մեկ տարբերակով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։ Մենք այս քայլն անում ենք, որպես քաղաքական մեծամասնություն՝ Ազգային ժողովում, միեւնույն ժամանակ գիտակցելով եւ ունենալով պատասխանատվություն՝ երկրի զարգացման գործում եւ ընդհանրապես ընտրություններում համաձայնողական մթնոլորտի հասնելու համար»։
Մյուս տարբերակին Սմբատ Այվազյանը չցանկացավ խիստ մոտենալ երկու պատճառով. նախ, որ այն արդեն քննարկվել է ԱԺ-ում եւ երկրորդ՝ որ պարոն Եգորյանի ծննդյան օրն էր։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ