Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակի ինքնագնահատական

Նոյեմբեր 06,1998 00:00
hhk

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ նախորդ իշխանությունների օրոք «Հանրապետություն» միավորման անդամ էր եւ դրա շնորհիվ պատգամավորական տեղեր ստացավ խորհրդարանում, այժմ նախագահին առընթեր Քաղաքական խորհրդին է ներկայացրել հետեւյալ նախագիծը.

ՀՀ նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի գնահատականը

Մեր պատմության հետխորհրդային ժամանակահատվածի՝ 1991-1997 թվականներն ընդգրկող շրջանի առաջին կեսի արդյունքներն հուսադրող էին ու աննախադեպ։ Վերականգնվեց պետականությունը, դրվեցին տնտեսական բարեփոխումների հիմքերը, ստեղծվեց ամրակուռ բանակ, կերտվեց վերջին հարյուրամյակների մեր մեծագույն հաղթանակը՝ ազատագրվեց Արցախը, հակառակորդին պարտադրվեց խաղաղություն։ Դա պատիվ կբերեր պատերազմում գտնվող, տնտեսակարգի փոփոխության հետ կապված բարդ հիմնախնդիրների լուծման առջեւ կանգնած ցանկացած պետությանը։ Թվում էր, թե խաղաղության հաստատումը նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի լուրջ քայլեր արվեն տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, քաղաքական կառույցների զարգացման, ազգային կարող ուժերի համախմբման ուղղությամբ, եւ երկիրը կբռնի զարգացման ու հզորացման ուղին։

Սակայն արվեցին միայն որոշ քայլեր, որոնք տրամաբանական ավարտի չհասցվեցին, քանզի հետեւեցին մի շարք կոպիտ սխալներ կադրային քաղաքականության հարցում, խաթարվեց տնտեսական բարեփոխումների ընթացքը, դրանց առանցքը կազմող սեփականաշնորհման գործընթացը շատ հաճախ դարձավ ինքնանպատակ, ծաղկեց կաշառակերությունն ու բյուրոկրատիան, խորացավ անհանդուրժողականությունը քաղաքական ուժերի միջեւ, ինքնահոսի մատնվեց կրթական համակարգի վերակառուցումը, ամլացավ մշակույթը, գերիշխող դարձան հատվածական շահերը։ Ակնհայտ նահանջողական դիրքորոշում որդեգրվեց Արցախի հարցում։ Արդյունքում տնտեսության քայքայված վիճակը, համընդհանուր գործազրկությունը, բնակչության ճնշող մեծամասնության ծանր սոցիալական դրությունը, անմխիթար բարոյահոգեբանական վիճակը լուրջ վտանգ դարձան ոչ միայն Արցախի, այլեւ Հայոց պետականության ապագայի համար։ Ճգնաժամը դարձավ համընդգրկուն, քաղաքական հանգուցալուծումները՝ անխուսափելի։

Իշխանության փոփոխությունը նախադրյալներ է ստեղծել իրավիճակի շտկման համար։ Հայաստանի հանրապետական կուսակցության ջանքերն ուղղվելու են ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, կայուն ժողովրդավարության հաստատմանը, արդար խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քաղաքական կառույցների զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, քանզի միայն դա կարող է վերջին տարիների սխալներից խուսափելու երաշխիք ստեղծել ու ապահովել ազատ, հզոր, բարեկեցիկ ու ապահով Հայրենիքի կերտում։

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհուրդ

2 նոյեմբերի 1998 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30