Ակնհայտ էր, որ մեծ դժվարությամբ հավաքվեցին ՀՀ նախագահին կից ստեղծված Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամները երեկվա իրենց աշխատանքային նիստին։ Բացակայում էին Շավարշ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանը, Աիդա Թոփուզյանը, Էդվարդ Եգորյանը, Ֆրունզե Խառատյանը։ Վերջին երկուսի հարցում նույնիսկ գրավոր նամակ էր ուղարկվել, որ «իրենք դուրս գրվեն հանձնաժողովի կազմից»։ Այս մասին տեղեկացնելով՝ Միքայել Գրիգորյանը, Պարույր Հայրիկյանից «ստանալով» նախագահողի «կարգավիճակ», 25 րոպե ուշացումով սկսեց նիստը՝ համոզվելով, որ լրացուցիչ ներկաներ չեն հայտնվի։
Նրանք սկսեցին իրենց եւ մեզ բաժանված «Ամփոփագրի» վերջին հարցից. Սահմանադրության 55 հոդվածի 14 կետի վերաբերյալ Ռուբեն Հակոբյանի առաջարկի քննարկումից։ Առաջարկի իմաստն այն էր, որ ԱԺ-ն գումարի «հատուկ նիստ» (սահմանադրական կարգի հետ կապված…) արտակարգ իրավիճակների համար, որովհետեւ, ըստ առաջարկի հեղինակի, առաջարկը՝ ամբողջ պատասխանատվությունը թողնել ՀՀ նախագահի վրա, ճիշտ չէ՝ այլ՝ ԱԺ-ի, որն էլ կդառնա պատասխանատու՝ «նիստի գաղափարը ճիշտ է, որպես հակակշիռ»։
Նախնական քվեարկությամբ պարզվեց, որ կողմ էին այս առաջարկին 12-ը, դեմ՝ ՀՀՇ ներկայացուցիչ Սեդրակ Հովհաննիսյանը։ Սակայն Մ. Գրիգորյանը «հատիկ-հատիկ» հաշվելով ձայները, պարզեց, որ կողմ էին… 14-ը։ Աթոռներից ոմանք, հավանաբար, մասնակցել էին քվեարկությանը։ Ինչեւէ։ Այս առաջարկն ընդունվեց։
Անդրադառնալով 55 հոդվածի 7-րդ կետին՝ հանձնաժողովն առաջարկում էր «Ստորագրում է ԱԺ վավերացրած պայմանագրերը եւ վավերացնում միջկառավարական պայմանագրերը» հանել եւ ավելացնել «ԱԺ վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր»։ Սա ԱԳՆ իրավաբանական ծառայության պատասխանատու Շահեն Ավագյանի առաջարկն էր, որը հանդիպեց Ալվինա Գյուլումյանի դիմադրությանը «ո՞վ է ստորագրելու առաջինը»։ Գագիկ Ջհանգիրյանը կարծեմ պատասխանեց՝ «ԱԺ նախագահը»։ Սակայն Շ. Ավագյանը վերջնականապես առաջարկեց «ԱԺ վավերացմանն է ներկայացվում միջազգային պայմանագրեր, ստորագրում դրանց վավերագրերն ու հայտարարագրերը»…
Կարդացեք նաև
Բայց հանձնաժողովը, դեռ 2-րդ հարցը չամփոփած, «հոգնեց», եւ հայտարարվեց կարճ ընդմիջում։ Մենք չկարողացանք մասնակցել 58 հոդվածում առաջարկվող փոփոխության քննարկմանը, այն է՝ «ՀՀ նախագահը իր հրաժարականն անձամբ հրապարակում է ԱԺ նիստին։ ԱԺ-ն հանրապետության նախագահի հրաժարականն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», ինչպես նաեւ 59 հոդվածում առաջարկին, որը պիտի «քննարկվեր կառավարության գլխի հետ համատեղ»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ