Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ

Նոյեմբեր 06,1998 00:00
vardan oskanyan

Երեկ երեկոյան ԱԳՆ շենքում տեղի ունեցավ արարողություն, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՌԴ նորընծա փոխարտգործնախարար Վ. Սրետինը փոխանակեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է «Հրովարտակ Հայ- Ռուսական պայմանագիրը վավերացնելու մասին»:

Ստորագրումից հետո կողմերը բաժակ բարձրացրին եւ շնորհավորեցին միմյանց, ինչը ներկաների կողմից ընդունվեց ծափահարություններով: Արարողությանը ներկա էր՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտած Անդրեյ Ուռնովը: Մի քանի ոչինչ չասող նախադասությունից հետո կողմերը հրաժեշտ տվին լրագրողներին, որից հետո, սակայն, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասուլիս տվեց, որի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր հարցեր եւ ոչ պակաս հետաքրքիր պատասխաններ հնչեցին: Օրինակ, ինչու՞ եւ ինչպես էր պատահել, որ պրն Օսկանյանն իր միջնոդ առաքելությունն էր առաջարկել Իրանին եւ Իսրայելին: Պատասխանը ավելի քան բովանդակալից էր. «Ես նման առաջարկ չեմ արել: Ինձ հարց են տվել թղթակիցները եւ ես պատասխանել եմ, որ եթե մեզ դիմեն, Հայաստանը կընդառաջի: Բոլոր խնդիրներում Հայաստանը պատրաստ է լինել կամրջի դերում, եւ դա մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիայի հիմքում է»:

Ընդհանրապես, հարցերից ոչ մեկը, որքան էլ զարմանալի թվա, չէր առնչվում հենց նոր ստորագրված փաստաթղթին: Հայ լրագրողներին առավել հետաքրքրում էին հարցեր, որոնք առաջացել են վերջին շաբաթներին մեր դիվանագիտության ջանքերի շնորհիվ: Օրինակ, թեկուզ այն, թե ինչ նոր առաջարկներով է Մինսկի խումբը տարածաշրջան այցելելու: Նախարարի պատասխանը պարզից էլ պարզ էր. «Նոր առաջարկությունների մասին տեղեկություն չունի, բայց կարծում է, որ դրանք խիստ թարմացված կլինեն եւ կլինի փաթեթային»:

Քրդական շարժումներից մեկի առաջնորդ Աբդուլլա Օջալանի՝ Հայաստանում գտնված լինելու մասին հարցին նախարարը պատասխանեց. «Թուրքիան հիմք չունի Օջալանին Հայաստանում փնտրելու, եւ մենք իսկապես մտահոգ ենք այդ երկրի հայտարարություններով: Դա նորից ցույց է տալիս, որ Թուրքիան այս տարածաշրջանում մնում է լարվածության օջախ եւ չի նպաստում Հայաստան- Թուրքիա երկխոսության հետագա ընթացքին»:

Հարց եղավ նաեւ այն մասին, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանին առաջադրվել են լրացուցիչ պայմաններ, այն է, անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ: Օսկանյանը պատասխանեց, որ հարկ չկա սպասել նման լրացուցիչ առաջարկի եւ ավելի նպատակահարմար է իսկապես արդար ընտրություններ անցկացնել, ինչին Եվրոպայում լրջագույն ուշադրություն են դարձնում:

Ասուլիսում պարզաբանվեց նաեւ արտաքին քաղաքական դոկտրինի հարցը, որը կոչվում է Օրակարգ: Այն գրեթե պատրաստ է եւ կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին: Առայժմ պարզ չէ, թե երբ նախագահը նպատակահարմար կգտնի հարցն այնտեղ ներկայացնել:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30