Խոստովանեց ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը։ Այս դեպքում ռումբերն ինքնաշեն են։
Նախագահին առընթեր Քաղաքական խորհուրդը թերեւս ստիպված է լինելու հայտնագործել այն վաղեմի ճշմարտությունը, թե խորհուրդների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ ոք դրանց չի հետեւում։ Եվ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ բացառություն չէ՝ ապացույցը էլեկտրաէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ ՔԽ-ի առաջին եզրակացության նկատմամբ նրա վերաբերմունքն է։ «Սա անթույլատրելի է։ Սա մի ոլորտ է, որտեղ քաղաքական որեւէ կազմակերպություն անելիք չունի»,- ասել էր նա «Ազգին»։ Արդեն պարզ է նաեւ, որ նախագահի վերապահ վերաբերմունքին է արժանացել ՔԽ-ի երկրորդ նախաձեռնությունը նախորդ իշխանությունների վարած ուղեգծին գնահատական տալու վերաբերյալ։
Սակայն ՔԽ-ն աներեր շարունակում է այս հարցերի շուրջ իր քննարկումները։ «Մի ավանդույթ ենք հիմնադրել, որ կազմակերպչական դժվարությունները՝ ինչպիսի բնույթ էլ դրանք ունենան՝ չպիտի անդրադառնան մեր աշխատանքների, գործի էության վրա։ Եվ այսօր ասեմ, որ այդ ավանդույթին մենք մնացինք հավատարիմ՝ Քաղաքական խորհրդի բոլոր ծրագրային աշխատանքներն ընթանում են նախապես որոշված ժամկետներին համապատասխան»,- այս յուրօրինակ զեկույցը երեկ ճեպազրույցում լրագրողներին կարդաց Հրանտ Խաչատրյանը։ Նրան չէր ընկճել նաեւ այն, որ ձախողվեց ՔԽ-ը որպես ազգային (թեկուզ մասնակի) համաձայնության մարմին ձեւավորելու գաղափարը։
ՔԽ-ում մնացած կազմակերպություններից միայն երեքը չեն դեռ գնահատել նախկիններին՝ դեմկուսը, որն այս հարցի նախաձեռնողն է, երիտասարդների միությունը եւ ՀՍՈՒՄ-ը։ Մինչեւ երեքշաբթի կներկայացվեն բոլոր նախագծերը, եւ երեւի կիրականանա Հրանտ Խաչատրյանի ցանկությունը՝ մինչեւ նոյեմբերի 15-ը տալ այդ ամփոփ գնահատականը։ ՔԽ-ի երեկվա նիստում քննարկվել էին այն սկզբունքները, որոնք պիտի նկատի առնվեին միասնական նախագծի տեքստի համար։
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, նախագահի ոչ խանդավառ վերաբերմունքը ՔԽ-ի ներկա հիմնական նախաձեռնություններին՝ բացատրությունների կարոտ էր։ «Այստեղ հավանաբար թյուրիմացություն կա»,- նախագահի կտրուկ գնահատականների վերաբերյալ հույս հայտնեց Հրանտ Խաչատրյանը, որը փորձելու է նախագահի հետ հանդիպման ժամանակ ճշտել այդ հարցերը։ Սակագների վերանայման վերաբերյալ ՔԽ-ի լիազորությունների վերազանցման հայտարարությունը հետեւյալ հակափաստարկին արժանացավ, «թե ՔԽ-ի կանոնադրության մեջ (որը խարսխված է հիմնականում նախագահի առաջարկների վրա), հստակ նշված է, որ այս խորհուրդը ստեղծվում է «հասարակական նշանակության հարցերի քննարկման, վերլուծման եւ համապատասխան եզրակացությունների ձեւավորման համար, որոնք պիտի ներկայացվեն հանրապետության նախագահին»։ Եվ որեւէ մեկը չի կարող վիճարկել, թե էլեկտրաէներգիայի սակագների հարցը հասարակական նշանակություն չի ներկայացնում։ Իսկապես, եթե էներգետիկայի «անկախ» հանձնաժողովին կառավարությունը հանձնարարականներ է տալիս, ինչո՞ւ պիտի ՔԽ-ն էլ չփորձի (նախագահի միջոցով) եզրակացություններ ներկայացնել։
«Չենք պատրաստվում այդ հարցը որեւէ պետական օղակի հետ շատ սրել»,- հայտարարեց Հրանտ Խաչատրյանը։ Մինչդեռ անտարակույս համընդհանուր բարօրության համար ՔԽ-ը մեծ գործ արած կլիներ, եթե սակագների վերանայման հարցը չխուսափեր «սրել»։
Փոխարենը նրանք առավելագույն սկզբունքայնություն նախընտրում են ցուցաբերել նախորդ իշխանություններին գնահատելիս։ Իսկ դրա անհստակությունների մասին նախագահի խոսնակի հայտարարություններից մեկը երեկ Հրանտ Խաչատրյանն ըստ էության հաստատեց, նշելով, որ 8-9 կազմակերպություններն էլ գնահատականի տարբեր ժամանակահատվածներ են նշում։ Վարկանիշային ուսումնասիրությամբ են որոշելու՝ ամբողջ նախորդ 10-ամյա՞կը գնահատել, թե՞ առանձին տարիներ։ Ասենք, ՍԻՄ-ն առաջարկում է մինչեւ 1988-ը «հասարակության վիճակի բնութագիրը» տալ, 1988-1998-ն էլ առանձին փուլերով գործընթացների գնահատականները եւ այլն։
«Առավոտի» հարցը վերաբերում էր ներկա իշխանությունների գնահատականին՝ Բաքվի հայտարարագրին Հայաստանի առանց վերապահումների միանալու խնդրի առնչությամբ։ Ի վերջո, խախտո՞ւմ է դա, թե ոչ։ Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց Արամ Սարգսյանի ղեկավարած փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի «անփութություն եւ թյուրիմացություն է» առկա։ Ըստ ամենայնի ՔԽ-ի հաջորդ նիստին այս խնդրի վերաբերյալ էլ որոշում կընդունվի։ Իսկ մինչ այդ Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց իրենց նախագծից որոշ հատվածներ. «Համաժողովում ընդունված փաստաթղթի 3-րդ կետը սուր հակադրության մեջ չէ Հայաստանի Հանրապետության օրենքի տառի՝ այդ թվում՝ ՀՀ ԳԽ-ի 1992-ի հուլիսի 8-ի «ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին» որոշման 2-րդ կետի բովանդակությանը, այն է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված լինի Ադրբեջանի կազմում», քանի որ բուն համաձայնագրում Արցախի կարգավիճակի մասին ուղղակիորեն որեւէ պնդում չկա։
Միեւնույն ժամանակ, այդ կետը որոշակիորեն չի համապատասխանում վերոհիշյալ որոշման ոգուն, քանի որ ժամանակին Հայաստանի կողմից համապատասխան գնահատականի չարժանացած ՄԱԿ-ի 822 եւ 852 բանաձեւերում ԼՂՀ-ն նշված է եղել որպես Ադրբեջանի տարածք, եւ դրա հետեւանքով՝ համաձայնագրի ստորագրումն առանց վերապահումների անուղղակիորեն կարող էր դիտվել որպես այդ բանաձեւի դրույթների վերահաստատում»։
Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց նաեւ որոշման ամենակարեւոր հատվածը. «ՔԽ-ն գալիս է եզրակացության, որ այդ համաձայնագրի ստորագրումն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որեւէ պարտավորություն չի նշանակում Հայաստանի կողմից, բայց ՔԽ-ը նախագահի ուշադրությունն է հրավիրում, որ այսուհետեւ նման միջազգային համաձայնագրեր ստորագրելիս ԱԳՆ-ն եւ Հայաստանի կառավարությունն ավելի պատրաստ եւ նախապես վերապահումները քննարկած պիտի ներկայանան»։
Հանճարեղ է։ Մեր նախկին ընդդիմադիրները դանդաղ, բայց հաստատուն կատարելության են հասցնում «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին խփելու» արհեստը։ Տեսնես, եթե նախկին իշխանությունները խախտած լինեին 1992-ի որոշումը, արդյոք ՔԽ-ն այդքան մեծահոգի՞ կլիներ արդարացումներ փնտրելու համար եւ արդյոք կգտնեի՞ն միաժամանակ ամեն ինչ եւ ոչինչ չասող այս ձեւակերպումը. «Համապատասխանում է օրենքի տառին, բայց հակասում է ոգուն»։ Հազիվ թե։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ