«Ամբողջ «Ջերմուկ» ՔԽ-ը խմել՝ մեզ ոչինչ չի թողել»,- «Առավոտի» ծարավ թղթակցի այս տրտունջին ի պատասխան ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն ասաց. «Ես ենթատեքստը հասկանում եմ։ Դուք հարցնում եք, թե պատահակա՞ն է արդյոք, որ ՔԽ-ի նիստերը դռանն ավելի մոտ են անցկացվում եւ ավելի անպատրաստ։ Չէ, որեւէ բան չկա։ Ուղղակի այսօր ե՛ւ Հայրիկյանը, ե՛ւ Հովհաննիսյանը իրենց հանձնաժողովների նիստերն էին անցկացնում։ ՔԽ-ն իր առանձին կուսակցություններին միշտ էլ զիջում է տեխնիկական հարցերում»։
Այս անհասկանալի արձագանքի պատճառը կամ այն էր, որ նախագահի նստավայրի ընդունարանին մերձ այդ սենյակում ՔԽ-ի 3 ժամանոց նիստի ընթացքում շատ էին ծխել, կամ այն, որ Հրանտ Խաչատրյանն ավելի ծարավ էր, քան մենք, կամ էլ իրեն առիթ էր պետք այդ ամենն ասելու համար։
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՈՒՅՐՆ ԻՆՉ ԱՍԵՍ ԱՐԺԵ
Երեկ «Առավոտ» զանգահարեց «Արարատ Լադա» ընկերության նախագահ Անդրանիկ Մանուկյանը եւ նախորդ համարում հրապարակված մի լուրի առնչությամբ հայտնեց, որ ինքը, ճիշտ է, թանկարժեք օծանելիքներ է օգտագործում, բայց ոչ այդ գնի եւ մեր նշած ֆիրմայի։ Նրա շնորհիվ բավական ընդլայնեցինք տղամարդկանց օծանելիքների վերաբերյալ մեր մտահորիզոնը։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, տղամարդու 700 դոլարանոց օծանելիք չկա՝ «D & G» ֆիրմայի «туалетная вода»-ն (հայերեն թարգմանությամբ անհարմար բան էր ստացվում) 80 դոլար արժե։ Այն, ի գիտություն ԱԺ գործավարուհիների, պրն Մանուկյանն անցած տարի էր օգտագործում, իսկ այժմ օծվում է Գուչչիի եւ Ժան Ֆրանկո Ֆերրեի 100 դոլար արժողությամբ արտադրանքով։ «Եթե օծանելիքը 700 դոլար են գնահատում՝ ձեռքիս ժամացույցն էլ այդ համեմատությամբ՝ երեւի 70 հազա՞ր դոլար է»,- զարմացել էր պատգամավորը։
Ի դեպ, Անդրանիկ Մանուկյանը Բրինցալովի ժամացույցից է կրում։ Վերջինիս ժամացույցը, որքան հիշում ենք, 18 հազար դոլար արժեր։