Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՅՏ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՄԻՆԱՍԸ»

Նոյեմբեր 05,1998 00:00
Minas

Մինաս Ավետիսյանի կնոջ՝ տիկին Գայանեի հետ հանդիպեցի նոյեմբերի 6-ին, Պատկերասրահում բացվելիք անհատական ցուցահանդեսից առաջ։ Կներկայացվեն Մինասից նաեւ այնպիսի ստեղծագործություններ, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ։ «Անհայտ եւ հայտնի Մինասը» խորագրի հեղինակային իրավունքն էլ կազմակերպիչներինն է։

– Տիկին Գայանե, ես կուզեի, որ մենք այսօր ավելի շատ խոսեինք ապրող Մինասի մասին։ Ձեր առաջին հանդիպումը նրա հետ ինչպե՞ս եղավ, ե՞րբ…

– Պատրաստվում էի ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտ (նկարչական ուսումնարանում էի սովորում այդ ժամանակ)։ Պատկերասրահում նկարում էի, երբ դահլիճ մտավ երիտասարդ մի տղամարդ՝ երկար մազերը տեսանելի շարժումով հետ տալով։ Դանդաղեցրեց քայլերը, մոտեցավ ինձ եւ տեսավ, որ նկարում եմ։ Մի քանի անգամ պտտվեց շուրջս, հեռացավ… Հետո հետ եկավ, ու սկսեց ինձ հետ ինչ-որ զրույց։ Ներկայացավ կամաց-կամաց։ Ասաց, որ ինքը Մինասն է։ 1961-ն էր։ Կես ժամ անց նա ինձ ամուսնության առաջարկ արեց։ Ես, իհարկե, իսկույն չէի կարող համաձայնվել, չէի էլ կարող մերժել, քանի որ նրան շատ էի հավանել… Մեկ տարի հետո ամուսնացանք… Ես նկարիչ էի։ Հայրս՝ նկարիչ-գրաֆիկ։ Նա իր արվեստանոցի առաջին հարկը հատկացրեց Մինասին, որը բավական երկար աշխատեց այնտեղ (Քոչարի թանգարանի մոտ)։ Մեր տունը մտավորականության յուրահատուկ հավաքատեղի էր։ Կարծես հնարավոր էլ չէր ուրիշ բաներով զբաղվել. ընդունելություններ, հանդիպումներ, եւ Մինասը չափազանց սիրով ընդունում էր…

– Որոշ հուշերում Մինասը մարդախույզ է ներկայացվում…

– Մինասը չափազանց մարդամոտ էր, չափազանց հետաքրքիր եւ յուրօրինակ… Իր բնույթով, կերպարով, տեսակով գրավում էր բոլորին։ Ինքը շատ գեղեցիկ մարդ էր՝ իր ողջ էությամբ։

– Ինչպես էր վերաբերվում, օրինակ, Ձեր նկարչությանը։

– Շատ էր ուզում, որ նկարեմ։ Գտնում էր, որ ես ունեմ օժտվածություն։ Ցավոք, երեխաներս փոքր էին եւ նկարելն անհնար բան էր։ Երբ ինձ համար էսքիզներ էի անում, սրտանց ուրախանում էր, ափսոսում… Ես գերադասեցի (գիտակցաբար) ամուսնուս եւ երեխաներիս։

– Մինասի մասին բազմաթիվ հուշեր-հիշողություններ կան։ Ձեր կարծիքով որտե՞ղ է ավելի շատ Մինասը…

– Գիտեք, ամեն մեկն իր ձեւով է տեսնում Մինասին, իր հետ կապված իրադրություններում, հուշերում։ Ինչպես ասեմ. շատ ժամանակ միակողմանի է գրված։ Սակայն լավ կլիներ, որ Մինասն ամբողջության մեջ երեւար։ Ես Մինասի մասին գիրք եմ գրում…

– Գիրքն ինչպե՞ս եք տեսնում…

– Կսկսեմ Մինասի մանկությունից։ Ես ամեն տարի Մինասի հետ գնացել եմ Ջաջուռ, բոլորին ծանոթ ու հարազատ եմ։ Մինասի մահից հետո էլ երեխաներիս հետ շարունակել եմ գնալ, մինչեւ օրս։ Հավաքել եմ հուշեր, հիշողություններ նրանցից, ովքեր գիտեին, շփվել են Մինասի հետ։ Գրքում կլինի պատանեկության շրջանը, նրա ստեղծագործական սկիզբը, մուտքը, Լենինգրադում սովորելու տարիները, այն, որ միասին ենք ապրել։ Կուզեի բազմակողմանի ներկայացնել, եթե, իհարկե, հաջողվի…

– 1972 թ. արվեստանոցի հրկիզման եւ 1974 թ. վրաերթի հետեւանքով նրա մահվան հետ կապված ՆԳ նախկին նախարարը մի քանի անգամ ասել է, որ քննչական նոր խումբ է ստեղծվել այդ գործերի քննության, ճշմարտությունը ջրի երես հանելու համար։ Դուք տեղյա՞կ եք, ի՞նչ արվեց…

– 1972-ին Մինասը ողջ էր, երբ եղավ հրդեհը։ Թե ինչու, ինչպես, ինչ պատճառով, մեզ պարզ չդարձավ մինչեւ օրս։ Նա, գիտեք, չէր սիրում փորփրել, խառնվել, ասաց՝ ուզում եմ հանգիստ աշխատել, ժամանակ չունեմ, նյարդերս չեմ ուզում փչացնել…

– Մինասն ունե՞ր անհանգստություն, վախ…

– Նա վախկոտ մարդ չէր։ Լինելով ջաջուռցի՝ ուժեղ կամքի տեր անձնավորություն էր եւ այդպիսի բաներին պարզապես ուշադրություն չէր դարձնում։ Քննչական խմբի հետ կապված միշտ էլ եկել են։ Փաստորեն, ինչ-որ հայտնի է հանրությանը, հայտնի է եւ մեզ… վրաերթը մեզ համար էլ մնաց անհասկանալի հանելուկ։

– Անցել է 24 տարի։ Իմ սերնդին փոխանցվեց նաեւ այն, որ Մինասի նկատմամբ կար ընդգծված «ուշադրություն»։ Ժամանակները եկել են նաեւ ասելու, խոսելու. ինչպե՞ս էր դրսեւորվում այդ «ուշադրությունը»։

– Մինասը սովորական նկարիչ չէր։ Այն ժամանակ, գիտեք, սոցռեալիզմն էր իշխում, ինչում ինքը չկար։ Նրա արվեստը պետպատվերային չէր, համապատասխան չէր «պետական» արվեստին։ Թեեւ ասեմ, որ ինքը ասում էր, որ եթե ուզում են իրենից «ռեալիստական» գործ ստանալ, կարող են… Հիմա էլ ցուցահանդեսում կա մի գործ, որը կոչվում է «Ճակնդեղ հավաքողները», որի համար գնաց Ջաջուռ, բազմաթիվ գծանկարներ արեց։ Ինչ խոսք, հակադրումներ կային, օրինակ, մշակույթի այն ժամանակվա նախարար Պարսամյանի հետ։ Վերջինս մի քիչ զգուշավոր մարդ էր եւ չէր ուզում սկզբից ընդունել Մինասի ամենավառ գործերը («Ջաջուռ», «Ծնողք»…), կոպիտ էր վերաբերվել, նույնիսկ ոտքով էր հրել, ասելով` էս նկարները ինչի՞ են բերել, ո՞վ է հեղինակը, հանե՛ք իսկույն դուրս… Բայց քանի որ շատ տաղանդավոր էր, ոչ ոք չէր կարող այլեւս տհաճ ձեւով վերցնել-շպրտել այդ գործերը։ Իրենք՝ երիտասարդ նկարիչներով կարողացան միմյանց ձեռք մեկնել… շատերը… ասենք Ռոբերտ Էլիբեկյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Լավինյան… Մինասը նրանց ոգեշնչողն էր։ Ստեղծագործական մթնոլորտն այնպիսին էր, որ բոլորը միասին մրցակցության մեջ էին ու հրաշալի էր այդ մրցակցությունը…

– Ովքե՞ր էին գալիս ձեր տուն, ինչպես Մինասի օրոք, այնպես էլ 24 տարի հետո։

– Մինասի վախճանից հետո արդեն այցելությունների հոսքը դադարեց։ Դե, շատ ծանր տարիներ էին, եւ յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով։ Դա օրինաչափ բան էր։ Նրա մոտիկ ընկերներից գալիս-գնում են Շահեն Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանը, Ռոբերտ Էլիբեկյանը…

– Իր նկարներում, այնուամենայնիվ, կա ներքին տխրություն («Ինքնանկար բերետով», «Սպասում», «Անդորր»)։ Տիկին Գայանե, երբեւիցե հարցրե՞լ եք, ինչո՞ւ են այդքան տխուր իր նկարները։

– Մինասն ինքն իր էությամբ ոնց որ հավաքածու լիներ։ Ժողովրդի անցյալը, ներկան, զարմանալի բան էր, ինչպես կարող էր այդքան շատ լինել նրա մեջ։ Նա խորապես էր ընդունում այդ ամենը. ինչպես սեփական մաշկի վրա։ Հոյակապ գիտեր հայ ժողովրդի պատմություն, մեր մտավորականներին։ Տխրությունը գալիս էր նաեւ նրանից, որ 1915 թ. քրոջն ու եղբորը սպանել էին, տատիկին այրել… Ճիշտ է, ինքը չէր տեսել այդ ամենը, բայց հիշողությամբ գենետիկորեն փոխանցվել էր։ Նա ուրիշ տեսակի էր. մտածելակերպը, քայլելը, խոսելը, ամեն ինչ ուրիշ տեսակի էր… Դուրս էր եկել Ջաջուռից, պատկերացրեք գնալ-սովորել Լենինգրադում, երբ տնից ոչ մի կոպեկ չկար։ Նա գիշերներն աշխատում էր կաթսայատանը, որ գումար հայթայթի ոչ միայն սնվելու, այլ՝ ներկերի համար։ Գերզգայուն էր… Երբ ամուսնացանք, ասում էր, որ երկար չի ապրելու։ Հետո-հետո հասկացա։ Իր վախճանից երկու տարի առաջ կանչեց, ասաց՝ քեզ մի բան եմ ուզում ցույց տալ, հանեց մի գործ (հրդեհից հետո նկարած), ինքն է, իր վերջին րոպեները, ես կռացած իր վրա… ցնցված էի։ Եվ տեղս չէի գտնում։ Ասաց՝ այդպես պիտի լինի…

– Հավատո՞ւմ էր կանխատեսումներին, կանխազգացումներ ունե՞ր։

– Չէ։ Պարզապես գերզգայուն էր եւ մարդկանց մտքերը լրիվ կարդում էր։

– Վերադառնանք հրդեհի պատմությանը։ Չի՞ կանխազգացել։

– Գնացինք Ջաջուռ, որպեսզի Նոր տարին այնտեղ անցկացնենք։ Հիշում եմ, գիշերը չէր կարողանում քնել։ Պետք է ասեմ, որ Երեւանից էլ 10 հոգի ընկեր էին եկել՝ իրենց ընտանիքներով։ Շատ տխուր էր։ Տան կատուն սարսափելի ճչում էր։ Այնպես տարօրինակ էր։ Ջաջուռի ձյունը, մետրը քիչ է ասել, ավելի էր։ Այդ տարի սարսափելի ցուրտ էր։ Կեսգիշեր էր, ասաց՝ չեմ կարող քնել։ Վեր կացավ, պատկերացնո՞ւմ եք, գնաց մոտ գերեզմանը (2 կմ կլիներ տնից)։ Ձյան միջով, գիշերով։ Շատ ուշ եկավ։ Գույնը գցած, անսովոր։ Մի կերպ գիշեր լուսացրեց։ Նոր տարի էր, սեղաններ գցեցինք. ինքը նստած էր, չէր խոսում։ Հեռախոսային կապ չկար Երեւանի հետ… Ինչ-որ մեկը զանգում էր, հա կտրվում էր, հա չէր լսվում։ Վերջը ստացվեց. մի ձայն գոռում էր՝ «Եկեք»։ Մերուժանը՝ Մինասի եղբայրը, հարցրեց՝ «Ինչ է պատահել», լսվեց. «Այրվել է արվեստանոցը»։ Մեքենաներով, բոլորով, խելակորույս, ինքը, ընկերները… Դե՛, հիմա ասե՛ք, կանխազգացո՞ւմ էր դա, թե՞… Եկա՜վ Մինասը, նիհարա՜ծ, տխո՜ւր, լուրջ… Նա իրեն կորցրել էր։ Խոսում էր շատ քիչ։ Այդ մասին չէր խոսում։ Ես էլ չէի խոսում։

– Գրե՞լ են այդ օրերի թերթերը, անդրադարձե՞լ են…

– Չէ՛։ Ուրիշ ժամանակ էր։ Ընկերներից շատերն իրենց մոտ գտնվող նկարներից բերեցին, որ դատարկություն չլինի պատերին, որ Մինասը իր գործերը տեսնի-ոգեւորվի։ Արամ Իլյիչն էլ եկավ… Ինքը վերադարձավ ստեղծագործական կյանք, նույնիսկ մի քանի գործեր կրկնօրինակեց, որը եւ նման էր, եւ նման չէր։

– Տիկին Գայանե, այնուամենայնիվ, այսպիսի մի հարց էլ տամ (փոքր-ինչ դաժան)։ Երազում Մինասը ձեզ այցելո՞ւմ է։ Ինչպիսի՞ն է նա ձեր երազներում…

– Իրոք։ Ինձ ոչ ոք այդպիսի հարց չի տվել (հուզվեց պատասխանելիս… -Ռ. Մ.)։ Բայց ես տեսել եմ քանի՜-քանի անգամ։ Շա՜տ հետաքրքիր էր։ Ինքը եկավ, խառը վիճակ էր քաղաքում։ Բոլորը ինչ-որ տեղ էին բարձրացել, տեղ էին գնում։ Եկավ, ինձ ու տղաներիս՝ Նարեկին ու Արմանին էսպես բռնեց, ինչ-որ տեղ տարավ։ Ժխորի միջով, մարդկանց միջով տարավ-տարավ խաղաղ տեղ։ Ինքը գնաց… Շատ է եղել։ Ինքը տուն է գալիս, իսկ ես երազիս մեջ մտածում եմ, թե ինչպես է մտքովս անցել, թե ինքը չկա։ Մտածում եմ. «ուրեմն վատ երազ եմ տեսել»։ Մինասը միշտ էլ գալիս է։ Չի խոսում։ Անընդհատ ինչ-որ արվեստանոցում ենք գտնվում, որը մեր արվեստանոցը չէ։ Եվ Մինասը նկարում է…

– Կարո՞ղ եք հիշել 1965-ի հանրահայտ ցույցը։ Մինասը մասնակցե՞լ է։

– Մինասն այնտեղ է եղել։ Ինքը ոգեշնչված էր եւ հավատացած, որ շարունակություն պիտի լինի։

– Չի՞ գրել բանաստեղծություններ, չի՞ պահել օրագիր…

– Անշուշտ։ Գրել է արվեստի մասին, որը դարձյալ հրդեհի ճարակ դարձավ, ոչնչացավ։ Բանաստեղծություններ փորձել է… ինձ նվիրել…

– Չե՞ք կարդա…

– Հավանաբար այն իմ գրքում տպագրվի։

– Ի՞նչ է պակասում Մինասին…

– Մի մեծ թանգարան։

Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30