Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ուռին ու բարդին…»՝ «հարկայինն» էլ իր դարդին

Նոյեմբեր 05,1998 00:00

Լոռու մարզի, իսկ առավելապես Վանաձորի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններին մարզպետարանում հավաքելու նպատակն այդ անգամ նրանց հարկային ահռելի պարտքերն էին։ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ «հարկայինի» ներկայացուցիչը, որը «սեւ ցուցակից» անուն առ անուն կարդում էր, թե որ գործարանը ինչքան է պարտք, որից հետո տնօրենները կանգնում եւ փորձում էին պարզաբանել, թե «ինչո՞ւ», իսկ «ինչու»-ների պատճառը հիմնականում այն չարչրկված թեման էր, որ արդյունաբերությունը լրիվ կարողությամբ չի աշխատում, ապրանքը չի իրացվում, վարկեր չեն տրվում։

Մի քանի գործարանների նկատմամբ հարկային տեսչության հայցի համաձայն դատական վճիռներ են կայացվել՝ համապատասխան գումարի բռնագանձման որոշումով, մի քանիսը կանգնել են սնանկ ճանաչվելու եզրին։ Պետք է ասել՝ սնանկ ճանաչելն այնքան էլ մարզպետ Հենրիկ Քոչինյանի «սրտով չէր», քանի որ նշեց. «Դա նշանակում է էժան գներով պետության ունեցվածքը քամուն տալ»՝ նկատի ունենալով այն, որ սնանկ ճանաչելուն էլ հաջորդում է գույքի վաճառքը։ Մի ձեռնարկատեր նշեց, թե պարտքի դիմաց հանձնել է գործարանին պատկանող ճաշարանի շենքը, մեկ ուրիշն էլ թե՝ «Մնում ա սիրտս հանեմ՝ տամ»։ Խոստովանվեց, որ պարտքերի դիմաց ավելի հաճախ առաջարկում են այն գույքը, որը չի վաճառվում (ի դեպ, համանման թեմաներով գործեր կան դատարանում բանկերի կողմից. ժամանակին վարկ տրամադրելիս համաձայնել են տվյալ գրավին, սակայն, երբ վարկը մարելու պարտքը չի վերադարձվել, արդեն իրենք էլ իրենց հերթին հրաժարվել են տվյալ գրավն ընդունելուց եւ փոխարենը այլ՝ առավել պահանջարկ ունեցող ապրանք են ուզում)։

Տնօրեններից մեկը նշեց, որ իր պարտքը գալիս է «Դվին» կոնցեռնի՝ իրենց հանդեպ ունեցած պարտքից. Թուրքմենիայից ստացվող գազի դիմաց տվել են ապրանք, որի գումարը դեռ չի ստացվել։ Մեկ այլ տնօրեն ապրանքի իրացման դժվարությունները կապեց Ռուսաստանի քաղաքական իրավիճակի հետ, ասելով. «Ռուսաստանի ճգնաժամը մեր վրա խոր ձեւով է ազդում», ու հանդես եկավ ոչ պատգամավորական հարցադրմամբ. «Հլա տենանք Ելցինն ի՞նչ կասի»։ Քանի որ հարկերի չափը որոշվում է գործարանների ապրանքաշրջանառության ծավալներով, ուստի մի ձեռնարկատեր կասկած հայտնեց «հարկայինի» ստուգման արդյունքների վերաբերյալ, նշելով. «Մենք էդքան շրջանառություն չենք ունեցել»։

Խորհրդակցության ընթացքում որոշվեց ձեռնարկությունների առողջացման ծրագրեր մշակել եւ ներկայացնել համապատասխան վերադաս մարմիններին։ Իսկ «հարկայինին», բնականաբար, հետաքրքրում էին ոչ թե առողջացման ծրագրերը, այլ այն, որ պարտքերը վերադարձվեն, քանի որ. «Մենք հիմի ֆինանսական տարի ենք փակում»։ Այստեղ են ասել՝ «Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մեկն իրեն դարդին»։ «Հարկայինից» բացի, խորհրդակցությանը ներկա էր նաեւ մեկ այլ պահանջատեր՝ էլեկտրացանցի ներկայացուցիչը, որը տեղեկացրեց, թե գործարաններից մեկի էներգիան արդեն անջատել են՝ մինչեւ պարտքը չվճարվի։ Խորհրդակցությանը, բնականաբար, ներկա չէին միայն «շարքային» պահանջատերերը՝ ամիսներով աշխատավարձ չստացող բանվորները, որոնք առայժմ «ըմբռնումով» են վերաբերվում երեւույթին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30