Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության ճգնաժամը Հայաստանում խորանում է

Նոյեմբեր 05,1998 00:00
chgnajam

Բոլոր ժամանակներում քաղաքական համակարգերը, մասնավորապես իշխանությունը, հիմնվել են սեփական քաղաքական կուրսի եւ զանգվածների վստահության քվեի վրա: Մնացյալը՝ անվտանգության ուժեր, պատժիչ օղակներ եւ այլն, լրացնում են վերոհիշյալը: Երբ առաջին երկուսը չկան, համակարգն արագորեն քայքայվում է, որքան էլ դիմի իր պատժիչ օղակների օգնությանը: Այս օրինաչափությունը առանց բացառության գործում է բոլոր ժողովուրդների ու հասարակարգերի օրոք: Իշխանության գալու սկզբին նախկին վարչակարգը ուներ թե հստակ ձեւակերպված քաղաքական կուրս, թե զանգվածների վստահության քվեն: Սակայն ներքին խնդիրների հանդեպ անտարբերությունը, տնտեսական չարաշահումները, կեղծիքներով ուղեկցվող ընտրությունները պատճառ դարձան զանգվածների վստահության կորստի, ինչն էլ իրականում խարխլեց անխոցելի թվացող իշխանության շենքը:Վերջին տարիների իրողությունները Հայաստանում խորացրին վստահության ճգնաժամը. մարդիկ դադարեցին հավատալ որեւէ գաղափարի կամ կազմակերպության: Որո՞նք են պատճառները:

Մեկ քայլ ետ

Իշխանության վերնախավի փոփոխությունը չլուծեց այս խնդիրը: Ավելին, ճգնաժամը շարունակում է խորանալ ոչ միայն «արտաքին» պատճառներով, այսինքն երբ վարկաբեկվում ու արժեզրկվում են նախկինում ընդդիմադիր ուժերը, անձինք, գաղափարները, որոնք զանգվածների շրջանում ինչ-ինչ համարում ունեին (նախկինում ժողովրդի պաշտպանները իշխանություն են եւ այլեւս չեն հետաքրքրվում նրանով, իսկ վերջիններիս տեղում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց արդեն դրսեւորել են ամենաբացասական կողմերով): Շատ ավելի էական է «ներքին» պատճառը՝ այժմյան համակարգը չունի քաղաքական հստակ կուրս եւ վստահության քվե: Այսինքն, Հայաստանի քաղաքական համակարգը մեկ քայլ նահանջել է: Այսպիսի պայմաններում խոսք չի կարող լինել զարգացման ու առաջընթացի մասին, քանի որ դրա համար նախեւառաջ հարկավոր է զանգվածների ՀԱՎԱՏՆ ու ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ պետության, վերնախավի, սեփական ուժերի եւ այլնի հանդեպ:

Գաղափարական խառնաշփոթ

Բոլոր ժամանակներում ղեկավարները ձգտել են ունենալ վերահսկելի քաղաքական համակարգ եւ դրա համար դիմել են տարբեր մեթոդների: Նախկին նախագահը փորձում էր ստեղծել դասական համակարգ՝ աջ, ձախ, կենտրոն, լուսանցք, ինչը հաջողություն չունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում գաղափարական կուսակցություններ չկային, այլեւ այդ կուսակցությունները չունեին որեւէ գաղափարախոսություն, քաղաքական կուրս: Հայաստանում ամբողջ գաղափարական դաշտը հանգում է հետեւյալին՝ «ազգայինները» կողմ են պահանջատիրությանը, «ապազգայինները» դեմ են, իսկ մնացյալ ծրագրերը պարզապես բխում են դրանից: Այս պատճառով Հայաստանում կարճ ժամանակում մարդկանց առջեւ հառնեցին անհեթեթ քաղաքական հիբրիդներ՝ նացիոնալ-դեմոկրատներ, բիզնեսմեն նացիոնալ-սոցիալիստներ, շուկային կողմ կոմունիստներ, պահանջատեր ռամկավարներ, ուժային մեթոդների ջատագով այլախոհներ եւ այլն:

Այս շիլաշփոթը զանգվածները ուշացումով, սակայն ընկալեցին՝ խնդիրը արեւի տակ տեղ ունենալն է եւ տնտեսական ապահովությունը, որին հասնելու համար պետք է քաղաքական «սպեկտրում» մի անկյուն ունենալ՝ որեւէ ձեւակերպումով: Արդյունքը եղավ արհեստական քաղաքական դաշտը, որը չուներ զանգվածների վստահությունը եւ չէր արտահայտում նրա ձգտումները: Ներկա իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ արհեստական համակարգը գրեթե ամբողջությամբ ներգրավվեց «պետականության կայացման» գործին, եւ աստիճանաբար բացահայտվեց դրա իրական պատկերը՝ անընդունակությունն ու գաղափարական սնանկությունը, գումարած՝ անտարբերությունը հասարակ մարդկանց հոգսերին: Այս ամենը հանգեցնում է Հայաստանի պետական-հասարակական համակարգի պարզունակացմանը, քանի որ երկու մեթոդների արդյունքը նույնն է՝ հասարակության կազմալուծումը: Իսկ պարզունակ համակարգերը կորցնում են դիմադրողականությունն ու զարգացման հնարավորությունները:

Մարդն արժեք չունի

Վստահության ճգնաժամը Հայաստանում վերաբերում է ինչպես ողջ համակարգին, այնպես էլ նրա առանձին բաղկացուցիչներին: Վերեւում արդեն խոսք եղավ գաղափարական դաշտի շիլաշփոթի մասին, որի հետեւանքով չի ձեւավորվում իմաստալից, կենսունակ համակարգ: Եթե ավելացնենք նաեւ այն փաստը, որ քաղաքական բոլոր տեղաշարժերի կենտրոնում միշտ միեւնույն մարդիկ են՝ հաճախ տարբեր դիմակներով ու տարբեր ուժերի հետ, ապա պատկերն ամբողջանում է: Գաղափարական խառնաշփոթից բացի, կա մի էական հանգամանք, որ բնորոշ է բոլորին. ոչ մի հասարակական-քաղաքական ուժի համար մարդը արժեք չունի, տվյալ դեպքում՝ շարքային հայ մարդը: Նրա մասին մտածում են կամ որպես հավաքական ինչ-որ ամբողջություն, որ պարտավոր է հարկեր վճարել ու կռվել հայրենիքի համար, կամ որպես ավելորդ մի տարր, որ միշտ հաց է ուզում եւ գլխացավանքի առարկա է, ինչպես նաեւ արգահատելի է իր պատմությամբ ու սովորույթներով:

Բանը սովորաբար հասնում է զավեշտի. գործիչները այսպիսի վերաբերմունքի պայմաններում ցանկանում են, որ զանգվածներն իրենց հավատան, եւ դժգոհում են «ժողովրդի պասիվությունից»: Սրանք, իհարկե, վստահության խորացող ճգնաժամի բոլոր պատճառները չեն. երեւույթը շատ ավելի ընդգրկուն է, քան կարելի է պատկերացնել, եւ դրանով հանդերձ՝ հեշտ հաղթահարելի: Սակայն չի երեւում այն ուժը, որը կարող է դա իրագործել:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30