Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդում լսումները՝ դեկտեմբերի 16-ին

Նոյեմբեր 05,1998 00:00
exxv

Չնայած Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախաձեռնած լսումներին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչներն այս օրերին ակտիվորեն մասնակցում էին եվրոպական այդ հեղինակավոր կառույցի մյուս աշխատանքներին։ Ավելին, ադրբեջանական պատվիրակությունը Ստրասբուրգ էր ժամանել դեռեւս հոկտեմբերի վերջին ու ակտիվ գործունեություն ծավալել։ Թե ինչ է խոսվել կուլիսներում, հայտնի չէ, սակայն, ադրբեջանցիները, կարծես թե, ինչ-որ ձեռքբերումներ ունեցել են։ Բավական է ասել, որ նույն նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում այդ մարմնի նախագահ հունգարացի Բարսոնին քվեարկության է դրել խնդրո առարկային վերաբերող մի հարց ու դրական արձագանքի արժանացրել այն։

Փաստորեն, առնված որոշումը սահմանում է, որ լսումներին կողմի կարգավիճակով պետք է մասնակցեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, այլեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Այսպիսով, գործնականում տեղի է ունենում էական փոփոխություն՝ լսումների եռակողմ ֆորմատը վերաձեւվում է՝ դառնալով քառակողմ։ Ադրբեջանը սրան հասնելու իր փաստարկներում հարուստ արսենալ է գործադրել։ Եվրոպայի խորհրդում ադրբեջանական պատգամավորական խմբի ղեկավար եւ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան պարոն Մամեդկուլիեւը, որը Հեյդար Ալիեւի փեսան է, քաղաքական հանձնաժողովի լսումների ժամանակ նույնիսկ հայտարարել է, թե հայկական մամուլն անդրադառնալով խնդրո առարկային գրել է, թե եռակողմ ֆորմատն, ըստ էության, նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդն անուղղակիորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը։

Մինչդեռ, նման կարծիք, հայկական մամուլում կարծես թե, չի էլ եղել, ինչեւիցե, որոշման նախագիծը հնչեցվել է բանավոր, եւ դեռ սպասում են գրավոր արձանագրությանը։ Բոլոր դեպքերում եղածը եղած է եւ այս առումով, որեւէ բան չի փոխել նաեւ նոյեմբերի 3-ին ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Բարսոնիի հետ։ Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը ծանուցեց միայն, որ ուժի մեջ է մնում դեկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ անցկացնելու որոշումը, որը հավանաբար, տեղի կունենա Փարիզում։ Մնացած հարցերը դեռեւս անորոշ են։ Ու թեպետ հայկական կողմը դեռ մտադիր է պայքարել լսումների եռակողմ ֆորմատի համար, սակայն ադրբեջանցիներն էլ համառ են իրենց պնդումներում՝ թե նախ Ստրասբուրգում, իսկ հետո էլ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում եռակողմ ֆորմատի մասին կայացված որոշման ընդունման ժամանակ իրենք թերըմբռնումներ են ունեցել։

Ի դեպ, թեպետ կանխավ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերում նշված էր, թե պիտի հանդիպում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, դա նախատեսված էր պարզապես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսի մոտ կազմակերպվելիք ընդհանուր ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 4-ի առավոտյան հայկական պատվիրակությունը վերադարձավ Երեւան։ Իսկ Ստրասբուրգում մնացած Ազգային ժողովի ներկայացուցիչները, որոնք մտադիր էին հանդես գալ հայտարարությամբ, Երեւանի ժամանակով 21-ն անց 10-ի դրությամբ, դեռեւս որեւէ փաստաթուղթ չէին հրապարակել։ Դեպքերը դեռ զարգանում են եւ հնարավոր է նաեւ վերադարձը եռակողմ ֆորմատին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Ստրասբուրգ

Հ. Գ. Երեւանի ժամանակով 21.30 րոպեին, էլի ըստ բանավոր վկայությունների, որոշակի հստակություն մտցվեց։ Հավանաբար, Եվրոպայի խորհրդում լսումների փաստաթուղթը կձեւակերպվի այսպես. դրանց մասնակցում են՝ ա) Հայաստանի ԱԺ ներկայացուցիչները, բ) ԼՂ ԱԺ ներկայացուցիչները, գ) Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչությունը, որի կազմում ընդգրկված կլինի նաեւ Ղարաբաղի փախստականների ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30