Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԴԱՇՆԱԿ ԵՆՔ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԴԱՇՆԱԿ»

Նոյեմբեր 05,1998 00:00
azgayin anvtangutyun kusakcutyun

Ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության անդամ, նախկին դաշնակցական Իգոր Մուրադյանը

Գաղափարախոսությունները 3-4-ն են, իսկ կուսակցությունների թիվը մոտենում է 70-ի։ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը նպատակ չունի դառնալու հերթական 60 կամ 70-երորդը։ Թերեւս նաեւ այն պատճառով, որ իր հիմնական նպատակը համարում է պետությանը պաշտպանելն ու աջակցելը։ «Ներկա քաղաքական ռեժիմը նախորդի կրկնությունն է, սակայն կորսվել է նույնիսկ այն չնչին դրականը, որ կար նախորդների ժամանակ. Ամբողջապես ոչնչացվել են պոտենցիալ դաշնակիցների հետ մեր հարաբերությունները, չկա պատկերացում աշխարհի քաղաքական կյանքում մեր տեղի մասին»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության անդամ Իգոր Մուրադյանը։ Իսկ կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը կուսակցության առաջին գործը համարում է ՆԳ եւ ԱԱ նախարարության բաժանումը։

Կուսակցության երեք առաջնորդներն էլ՝ Գառնիկ Իսագուլյանը, Իգոր Մուրադյանը, Հրանտ Խաչատրյանը, նախկին դաշնակցականներ են։ Սակայն Դաշնակցության հետ հարաբերությունները ոչ թե թշնամական են այլ բարեկամական։ «Ոչ-ոք թող չփորձի մեզ ներկայացնել հակադաշնակցականներ, քանի որ Դաշնակցությունը մնում է հայ իրականության մեծագույն արժեք»,- ՀՅԴ-ԱԱ հարաբերությունները մեկնաբանեց պրն Իսագուլյանն, ավելացնելով, որ Արմեն Ռոստոմյանն իր եւ իր երեխաների քավորն է, Վահան Հովհաննիսյանն ու Հրանտ Մարգարյանն էլ իր լավագույն ընկերներն են։

«Առավոտի» հարցին, թե ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու կուսակցությունը իշխանության նկատմամբ, Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Մենք կողմնակից չենք, որ պատժեն անցյալներին, եթե ներկաները կատարում են անօրենություններ։ Եթե պետությունը որոշել է սկսել քայլեր, ապա դա պետք է սկսի իրենից։ Այն ամենը, որ վերագրվում է նախկիններին, ներկաների մոտ չկա՝ այդ դեպքում մենք համաձայն ենք։ Բայց, եթե ներկաները նախկինների անունը տալիս են իրենց անունը չտալով, ապա մենք մտածում ենք, որ կա ոչ թե արդարության, այլ հաշվեհարդարի ձգտում»։ Այս հարցին ավելի հստակ պատասխանեց Իգոր Մուրադյանը. «Ներկայիս ողջ քաղաքական ընտրախավը հետխորհրդային է։ Դա գողերի խումբ է, սակայն պետք չէ մտածել, որ դեպքերի բերումով իրավիճակի փոփոխությամբ նրանք կդատապարտվեն, իսկ գողացված արժեքները կվերադարձվեն։ Դա երբեք չի լինի, պետք է համակերպվել այն մտքի հետ, որ դա արդեն տեղի է ունեցել։ Խնդիրն այն է, որ այդ ընտրախավը պետք է հեռացվի քաղաքական իշխանությունից»։

Ղարաբաղի հարցում Իգոր Մուրադյանը կատարեց հերթական քաղաքական վերլուծությունը. «Նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Ղարաբաղի հարցում կսկսվի վայրահաչոց Եվրոպայից եւ Մոսկվայից։ Նրանք պետք է տպավորություն ստեղծեն, որ ցանկանում են լուծել այդ հարցը, որն անլուծելի է։ Անցյալ տարի դեկտեմբերին Մինսկի խմբի մասնակիցները քիչ էր մնում, որ հասցնեին պատերազմի վերսկսման։ Իրավիճակը չէր բարդացել, մինչեւ չէին առաջացել խնդիրներ նավթային ծրագրում։ Այդ ծրագրերում արժեզրկման պայմաններում միջազգային հարաբերություններում իր կորսված դերը վերականգնելու համար Ալիեւը կարող է դիմել ռազմական առճակատման։ Մեր իրավիճակի դժվարությունն այն է, որ մենք կորցրել ենք մեր ռազմավարական դաշնակիցներին։ Ղարաբաղի վրա ճնշման նոր ալիքի պայմաններում, մենք ստիպված ենք լինելու դնել կառավարության հարցը։ Ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք դեմ էինք Տեր-Պետրոսյանի հեռացմանը, սակայն դրանով հայկական պետականության նշանակությունը միջազգային արենայում հասցվեց զրոյի։ Մենք դրանով ցույց տվեցինք ոչ միայն ազգային շահերը պաշտպանելու մեր վճռականությունը, այլ նաեւ իշխանության հետ արագ հաշվեհարդար տեսնելու կարողությունը։ Սա մեդալի հակառակ կողմն է։ Եթե նախորդ ռեժիմը գնալով ավելի վտանգավոր էր, ապա ներկայիս ռեժիմը ծիծաղելի է։ Ռուսաստանի եւ եվրոպական մի շարք երկրների ներկայիս քաղաքականության նպատակը Քոչարյանի հեռացումն է եւ եվրոցենտրամետ իշխանության հաստատումը։ Թեկնածուն շատ լավ հայտնի է՝ Դեմիրճյան։ Ոչինչ ավելի լավ չեն գտել»։

Հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանը Գառնիկ Իսագուլյանի մտերմագույն ընկերն է, եւ իրենք գտնում են, որ նրա նշանակումը հաջողված է։ Թղթակցի հարցին, թե, եթե պրն Իսագուլյանը կրկին կախելու կոչ անի, կխուսափի՞ պատասխանատվությունից, պատասխանեց. «Եթե ես կախելու կոչեր անեմ, չեմ կարծում, թե Աղվան Հովսեփյանը ինձ խնայի, բայց, եթե փորձեն քաղաքական հետապնդում սկսել, ինչպես նախկինում, այդ դեպքում էլ Աղվան Հովսեփյանն այդքան շուտ կուլ չի գնա, եւ այդքան շուտ ձերբակալման սանկցիա չի տա»։

Ամբողջ ասուլիսի ընթացքում զգացվեց, չնայած Ազգային անվտանգությանը նպաստելու բուռն պատրաստակամությանը, Գառնիկ Իսագուլյանն անընդհատ փորձում էր ապացուցել, որ իրենց կուսակցությունը չպետք է շփոթել Ազգային անվտանգության նախարարության հետ։ Իգոր Մուրադյանն ընդհանրապես չարտասանեց կուսակցության անվանումը, քանի որ ռուսերենում այն ավելի հստակ է հնչում. բարեբախտաբար կուսակցությունը Արդարադատության նախարարությունում դեռ չի գրանցվել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30