Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ՉԱՐԱՆԱԼ, ՆԵՂՍՐՏԵԼ»

Նոյեմբեր 05,1998 00:00
Azgayin joxov

Ե՞րբ Արշակ Սադոյանը չի վերադառնա դահլիճ

Ազգային ժողովը երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքի՝ «Երկրապահի» տարբերակի քննարկումները, որոնք շարունակվում էին դեռ առաջին օրվանից։ Իսկ արտահերթ նիստի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցած այն փաստին, որով մերժվել էր պատգամավորներից մեկի առաջարկած այլընտրանքային տարբերակ ներկայացնելու հնարավորությունը, անդրադարձավ Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով այն որպես «շատ ծանր նախադեպի սկիզբ, որովհետեւ նման բան չի եղել թե՛ այս խորհրդարանում, թե նախորդում… Ըստ էության, մերժումը եղավ արտահերթ նիստը նախաձեռնողների կողմից, «Երկրապահների» խմբի քվեարկության ժամանակ (ոչ Ազգային ժողովի)…»։ Պրն Շահնազարյանի համոզմամբ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ չարչրկված (ընտրական օրենսգրքի) հարցով խիստ կողմնորոշված է, եւ կարելի է ընդհանրապես ո՛չ քվեարկություն անցկացնել, ո՛չ քննարկումներ եւ ո՛չ էլ ներկայացնել նախագծերը։

«Որպես կանոն, մի նախագիծը ներկայացնում է տվյալ պահին իշխող խումբը, իշխող քաղաքական ուժը, իսկ ոչ իշխողները (չօգտագործեմ ընդդիմադիր խոսքը) հանդես են գալիս այլ դիրքերից։ Տասից ավելի քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ համախմբվել են մի նախագծի շուրջ՝ իրենց գաղափարական տարաձայնություններով… այդ կուսակցությունների քաղաքական գնահատականներն, իհարկե, չեն համընկնում, բայց, համենայնդեպս, տրամագծորեն իրար հակառակ էլ չեն…»։ Կրկին աչք չփակելով «ոչ լեգիտիմ» նախագահի ու բացարձակ անօրինական ընտրությունների վրա՝ Դ. Շահնազարյանը ամփոփեց մեր ունեցածը. «Անօրինականության համաճարակ, իրավական քաոսի եւ բռնատիրության հաստատման լուրջ վտանգ, գաղութային տնտեսական համակարգ, անհետեւողական, պահանջատիրության վրա հիմնված, շատ վտանգավոր արտաքին քաղաքականություն։ Եվ, ըստ էության, Հայաստանն արդեն վերածվել է պերմանենտ հեղաշրջումների երկրի, որովհետեւ ընտրական համակարգը հիմնովին ջախջախված է»։

Անցնելով Կարապետ Ռուբինյանի ելույթին՝ մասնավորապես անդրադառնանք կոչերին՝ ուղղված երկու մարդու, որոնք խորհրդարանից դուրս են գտնվում, բայց «ճակատագրի բերումով նրանց ձեռքում է արդեն կանխորոշված վճիռը…»։ Խոսքը հանրապետության փաստացի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասին է։ Նախ՝ երկրորդին ուղղված կոչը. «Եվս մեկ անգամ փորձել խորհել եւ վերանայել վերաբերմունքն այս պետության զարգացման ուղղություններին։ Ես նրան հարգում եմ որպես մեծ հայրենասեր, բայց արդյոք մեծ հայրենասերները չե՞ն կարող մոլորվել… եւ արդյո՞ք եթե մեկ անգամ մոլորվում ես, ապա պարտավոր ես այդ մոլորյալ ճանապարհով գնալ…»։ Կոչ՝ «փաստացի նախագահին». «Պետք չէ չարանալ, նեղսրտել։ (Անդրադարձ՝ անօրինական ընտրություններին- Հ. Բ.)… Կարեւորն այն է, թե իշխանությունն այս կամ այն ձեւով ստացած մարդը հետո՞ ինչ է անում… Այս երկու այրերին կոչ եմ անում սթափության…»։

Գալով Ռազմիկ Մարտիրոսյանին՝ նշենք նրա մի պարզեցումը. «Եթե չլիներ «Երկրապահ» պատգամավորական խումբը, արդյո՞ք Արշակ Սադոյանը եւ մյուսները կվերադառնային դահլիճ, իհարկե՝ ոչ։ Եվ կարծում եմ՝ ամենամեծ արդյունքներից մեկն այն է, որ մեզանում արդեն փոխվել է մթնոլորտը. եթե 96-ի ընտրություններն անցանք թշնամանքի մթնոլորտում, ապա, կարծում եմ, որ պետք է մեր քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները գոնե այս առումով գնահատեն, որ այլեւս հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ, որ եթերն ազատ է ցանկացած գործչի համար՝ ընդդիմության, թե դիմության։ Եվ այս առումով ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս տարբերությունները չեն ուզում զգալ, նկատել»։

Անցնելով միասնական նախագծին՝ պրն Մարտիրոսյանը միանշանակ ասաց, որ չի հավատում ցանկացած ազգային դաշինքների, ազգային համաձայնությունների, միասնական միավորումների, որոնք ձեւավորվում են «ընդդեմ» սկզբունքով, ընդդեմ՝ ինչ-որ մի բանի։ Հասկանալի է արդեն, որ ըստ Ռ. Մարտիրոսյանի գնահատման, միասնական կոչվող նախագծի հիմնական «միավորիչը ընդդեմն է», ընդդեմ՝ «Երկրապահի»։ Պրն Մարտիրոսյանը նաեւ հիացած է պրն Եգորյանի հաջողությամբ, սակայն մտավախություն ունի, որ նույն կուսակցությունները հաջորդ ընտրական օրենսգիրքը քննարկելիս նորից կդատապարտեն պրն Եգորյանին, բայց էլի, հավանաբար, կհամախմբվեն նրա շուրջ։

Այսուամենայնիվ, ինչպես սպասվում էր, ընտրական օրենսգրքի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 16-ը։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30