Տարիներ առաջ, երբ քարոզչական մեքենան դեռ պարտադրում էր դատափետել կապիտալիզմի հոռի բարքերը, մոսկովյան ալիքով ցուցադրվեց մի սյուժե, որը, ըստ հեղինակների մտահղացման, պետք է պատռեր այդ դաժան հասարակարգի դիմակը: Սյուժեն անտուն ամերիկացիների մասին էր:
Նրանց գտնում էին ամենուր. Նյու Յորքի կոյուղում, մետրոյի կայարաններում, շենքերի շքամուտքերում: Բնականաբար, ակնկալում էին բողոքներ, հարազատ իշխանության հասցեին հայհոյանք եւ այլն, եւ հիմնականում հասնում ցանկալի արդյունքին: Սակայն մեկը զարմացրեց, հայտարարելով, որ թափառաշրջիկությունը իր կյանքի իմաստն է, եւ որեւէ կառավարություն չի կարող դրա համար մեղավոր լինել: Ավելին, բոմժի կարծիքով, պետությունը շատ ավելի խորն է միջամտում իրենց կյանքին, քան իրենք կցանկանային, ստիպելով ապրել հատուկ կացարաններում, օգտվել այս կամ այն ճաշարանից: Այն ժամանակ դա զարմացրեց: Նման ազատամտությունը խորհրդային էկրանին բացառված երեւույթ էր:
Հայաստանը հայտնի էր ողջ միությունում ոչ միայն երջանկահիշատակ կոնյակով, այլեւ, որ չուներ սթափարաններ եւ Հայաստանում չկային բոմժեր: Հիմա նրանք կան, կան մեծ քանակով եւ ապրում են հասարակությանը զուգահեռ, իրենց աշխարհում: Շա՞տ են, քի՞չ են, ոչ ոք չգիտե: Կամ, գուցե վիճպետվարչությունը գիտի, բայց չի ասում, որ իր երկրի տանիքավոր քաղաքացիների տրամադրությունը չընկնի: Նրանք գտնվում են սոցիալական սանդուղքի ամենաստորին աստիճանին եւ չեն ձգտում բարձրանալ: Իրենց գործն է: Բոմժերի կյանքն ուսումնասիրելիս իմ նպատակը չէր հասարակության կարեկցանքը շարժել, կամ կառավարության ուշադրությանն արժանացնել այդ խավը: Պարզապես հետաքրքիր էր նրանց առօրյան, հետաքրքրությունների շրջանակը, կենցաղը, հարաբերությունները:
Երեւի շատերդ եք տեսել այդ թափառականներին, որոնք հիմնականում շրջում են փոքր՝ 2-3 հոգանոց խմբերով: Նրանք օրվա տարբեր ժամերին լինում են քաղաքի ամենատարբեր հատվածներում, իսկ առավոտից գիշեր նրանց ֆիզիկական կարգավիճակը փոխվում է «լրիվ օյաղ»-ից մինչեւ «լուլ»: Նրանցից մեկին, որ ներկայացավ որպես Հրո, դեռ սթափ վիճակում հանդիպեցի քաղաքի կենտրոնական շուկայի մերձակայքում: Ուսից կախված ծավալուն տոպրակը դեռ դատարկ էր: Մոտենում էր մարդկանց ու ինչ-որ բան ասում: Կանչեցի մի կողմ: Կասկածամիտ աչքերը ոլորեց իմ կողմը, բայց ոչ մի վտանգ չտեսնելով՝ շուռ եկավ: Վրայից բուրող գարշահոտը զգալի էր պատկառելի հեռավորության վրա: Ճիշտն ասած, չգիտեի ինչից սկսել, եւ մի քիչ դադար պահելուց հետո առաջարկեցի.
– Որ հազար դրամ տամ, կպատմե՞ս քո մասին:
– Հազա՞ր:
– Հա:
– Դե ցույց տուր:
Ցույց տվի: Առաջարկեց գնալ «սադը», թե չէ, հազար աչք կա նայող: Չհասկացա՝ ինչից էր զգուշանում, բայց չփորձեցի պարզել: Ետեւից գնացի իր ասած տեղը: Հավանաբար, շատ մեծ գումար էի առաջարկել: Ու սկսվեց երկխոսությունը: Խոսակցության ճշգրտությունը չեմ կարող երաշխավորել, քանի որ ձայնագրելու դեպքում «հուշտ անելու» վտանգ կար, բայց իմաստը չաղավաղելը երաշխավորում եմ: «Դե ասա, ինչի՞դ ա պետք, որ ինձ փողով խոսացնում ես»: «Եթե խոսաս, մի հատ էլ արաղ կառնեմ»: «Լավ, ասա»: «Քո մասին պատմիր»: «Պատմեմ: Քառասուներկու տարեկան եմ, սաղ կյանքս ոչ մի տեղ ոչ մի րոպե չեմ աշխատել: Մի քանի սռոկ նստել եմ մանդր գողության համար: Տուն-տեղ չունեմ, հորական տնից չեմ էլ հիշում, երբ եմ փախել: Հեր չեմ տեսել, մորս դարդից եմ փախել, շատ աննամուս կնիկ էր: Սենց բաներ: Հա, ընտանիք, էրեխա չունեմ ոչ էլ ուզում եմ: Արաղը կառնե՞ս»: «Հա, կառնեմ, դու շարունակի»:
«Ախպորս ասեմ, էս կյանքը դժվար կյանք ա, ամեն օր մի փոր հացի կռիվ ենք անում, իրար հետ դուրս ենք գալիս բան-ման ճարելու, բայց եթե ոչ մեկը չի տեսել, ճարածը քո քյարն ա: Ամենալավ ուտելիքը Թոխմախում ա, ժամը տենց չորսի կողմերը: Օղորմաթասը խմում են, մնացածը թողում: Թագավորի կեր ա»: «Շա՞տ մարդ է դրանից օգտվում»:«Հասցնելու վրա է: Թե ջահելը հետներս ա լինում՝ մենք կրած ենք: Եթե չէ, ուրեմն մեզ քիչ կմնա, պտի գնանք Սովետաշեն, Շահումյան: Չնայած, քիչ ա պատահում, որ սոված մնանք: Առաջ սենց չէր, ժողովուրդը շատ քյասիբ էր, կարգին օղորմի չէին բերում»: «Գիշերները որտե՞ղ եք քնում, դեմը ձմեռ կա»: «Էդ մեկը պետք չի, ամեն մեկս մեր տեղը գիտենք ու ուրիշի ունեցածին աչք չունենք»:
«Գոնե հիմնական տեղերն ասա»: «Դե, պադեզդ-գարաժներում են քնում, էն որ փչացած ավտո-բան կա, այ դրանց մեջ էլ քնում են: Հարմար ա: Ամառը քուչեն ենք քնում, շատ լավ ա: Համ էլ՝ գործին մոտիկ»: «Ի՞նչ գործ»: «Դե, էս մեր գործը, բա էսքան վախտ ի՞նչ եմ ասում: Արաղը կառնես, չէ՞»: Անհամբերությունից աչքերը փայլում են, ամեն ինչի գլխավորը եւ չափանիշը օղու շիշն է: Նախապես վերցրած օղին տալիս եմ: Ատամներով բացում է ու առանց բառ ասելու՝ քաշում գլուխը: Մեկ երրորդը դատարկելուց հետո միայն շունչ է քաշում ու նայում կողքերը: «Էն Շուշոյենք չտենան»- պարզաբանում է: Աչքերի փայլն ուժգնանում է: Տոպրակից չորացած հացի կտոր է հանում, նայում վրան ու դնում տեղը: Հետո նայում է ինձ ու հիշեցնում.«Էն հազարը բա կատակով էի՞ր ասել»: Տալիս եմ դա էլ: Խոթում է կեղտոտ շորերի գրպաններից մեկը: Ինքն արդեն իր մտքերի հետ է, կարծես կողքին մարդ չկա: Հրաժեշտ եմ տալիս ու նոր հիշում է: «Դու շուտ շուտ-արի, բարաքյաթով մարդ ես:
Օրական մի բան կպատմեմ: Որ օրը քեզ նման մեկը ռաստ գա, էլ ինձ ո՞վ կհասնի»: Ու տոպրակն ուսին գցելով հեռանում է: Մի հիսուն քայլ հետո մտնում է ծառի ետեւը: Նկատում եմ, որ տոպրակն է բացում: Երեւի օղին բախտակիցների հետ չկիսելու միտքը նրան հանգիստ չի տալիս:
Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ