Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԼԵՅԱՆԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ՝ ԿՐԱԿԵ ՕՂԱԿՈՒՄ

Նոյեմբեր 04,1998 00:00
bleyan

 – Պրն Բլեյան, վերջին շրջանում ձեր կրթահամալիրի շուրջ ինչ-որ լարվածություն է ստեղծվել, ստուգումներ, հոդվածներ, դատական կարգով հարցի լսում։ Ի՞նչ է պատահել։

– 1988-ին, Ղարաբաղյան շարժման առաջին փուլից հետո ինձ ու մեր կրթահամալիրին ռեժիմը շրջապատեց կրակե օղակով՝ սպառնում էին լուծարել կրթահամալիրը, ինձ ազատել աշխատանքից… Պատճառը «կրթահամալիրում ազգայնական գաղափարախոսության հաստատումը, ազգային կրթության, ազգային արժեքների մեջ չափը անցնելը, հակակոմունիստական, հակասոցիալիստական պրոպագանդան եւ իշխանությանը չենթարկվելն էր»։ Է՛լ դատախազության, է՛լ լուսնախարարության ֆրոնտալ ստուգումներ, իմ ու գործընկերներիս (Աշոտ Մանուչարյան, Աշոտ Դաբաղյան, Համբարձում Գալստյան, Ալեքսան Հակոբյան, Հրայր Ուլուբաբյան, Սամսոն Ղազարյան) նկատմամբ կուսշրջկոմ-քաղկոմ- կենտկոմի բռնության ու պատժի գործողություններ։ Մենք չընկրկեցինք, թանկ գնահատեցինք մեր ստեղծածը ու շնորհիվ կենդանացող հասարակության լայն աջակցության՝ դիմագրավեցինք ճնշմանը։ Կար մի էական նպաստավոր հանգամանք՝ անգամ բռնության մասնակիցներից շատերը ցավում էին կրթահամալիրի համար ու շատերը թաքուն կամ բացահայտ արգելք դարձան անմիտ քանդումին։

– Իսկ այսօ՞ր…

– Տասը տարի անց նորից մեզ թիրախ են դարձրել։ Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ու մեր մանկավարժությունը հանրապետության կրթական դաշտում ծվարած է որպես մի փոքրիկ օազիս՝ շրջապատված եթե սիրով, ապա շատ թաքնված, որ միայն դու իմանաս, զրկված ոչ միայն պետական աջակցությունից, այլեւ նոր հոգսով՝ ինչպե՞ս պաշտպանվենք նրանից։ Թվում է՝ մենք ենք խանգարում, որ կրթական համակարգը զարգացում չի ապրում։ Արդեն չորրորդ տարին, կրթության չորրորդ նախարարը ընդդեմ Բլեյանի է գործում, ծրագրում նրա «ավերածը» կարգավորել, նրա ճանապարհով չգնալու երդումներ տալիս։ Իսկ այդ ճանապարհը դեպի շենուխաղաղ, բարեկեցիկ ու ծաղկող մանկավարժություն է տանում՝ ինչպիսին «Մխիթար Սեբաստացին» է։ Համեցեք՝ ինքներդ համոզվեք։

– Ինչո՞ւմ են այժմ ձեզ մեղադրում։

– ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո մեր կրթահամալիրի նկատմամբ վերաբերմունքը նկատելիորեն փոխվեց, երբեք այսքան դժվար չի եղել եւ երբեք մեղադրանքներն այդքան անհեթեթ չեն եղել։ Ինձ ու իմ մանկավարժներին մեղադրում են ապազգայնություն ու սերնդի մեջ պարտվողական խաղաղապաշտություն սերմանելու, պատմական վրեժի զգացումը ջնջելու մեջ։ Բայց կա ավելի ահավորը՝ փորձում են քրեականացնել ինձ՝ իմ անցյալի նախարարական ու այսօրվա տնօրինական գործունեությունը, մեկուկես տարի Երեւանի դատախազության եւ տարբեր մարմինների սաստկացող ստուգումներով, դրա մեջ ներգրավելով ՆԳ նախարարության 6-րդ վարչության ողջ պոտենցիալը՝ հերթական (կարծես երրորդ անգամ) ստուգում դասագրքերի տպագրությունը, 1996 թվին կրթահամալիրի դպրոցների թեք տանիքների շինարարությունը (իհարկե, չտպագրելը, չկառուցելը մեզանում ավելի է խրախուսվում)։ Ու այս ամենը նորից, երբ ակտիվանում է Աշոտ Բլեյան քաղաքական գործիչը։ Մինչ ինձ մի քանի ֆրոնտով «քննում» են, ՀՅԴ-ն բոլոր միջոցներով մշակում է հասարակական գիտակցությունը, օրգանը վախի ու արդար պատժի կանխորոշությամբ փորձում կոտրել իմ գործընկերներին, դրան է միանում նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը։

– Ես տեղեկացա, որ օրերս մի հրամանով ձեր կրթահամալիրի մեջ մտնող Աշտարակի դպրոցը հանձնվել է Արագածոտնի մարզպետարանին…

– Որոշում, որի մասին ես իմանում եմ փողոցից, ոտնահարվում է կրթահամալիրի կանոնադրությունը, անթույլատրելիորեն վատ է ֆինանսավորվում կրթահամալիրը։ Իսկ 1999-ի հունվարի մեկից նախարարի հրամանով դադարեցվել է իմ կրթահամալիրի արտադպրոցական հիմնարկների (մարզադպրոց, գեղարվեստի, շախմատի, երաժշտական, պարարվեստի դպրոցներ) ֆինանսավորումը։ Իսկ 1995-ին (իմ նախարար աշխատած շրջանում) ոչ մի արտադպրոցական հիմնարկ, ոչ մի մանկապարտեզ չլուծարվեց, չփակվեց։ Մենք հասել էինք այն բանին, որ, ըստ գործող օրենսդրության, դրանց լուծարումը կարող էր կատարվել միայն նախարարությունը։ Բարեփոխումների իմ ծրագրով պետությունն ու հասարակությունը իրար մեջ պիտի բաժանեին գործը՝ պետությունը հոգար շենքերի պահպանման խնդիրը, իսկ համայնքը պահեր մանկավարժին (30 ծնող կկարողանային մեկ ուսուցիչ պահել)։ Այսօր այդ գաղափարը (եւ շատ ուրիշ գաղափարներ եւս) այլասերվել է՝ պետությունը ողջ հոգսը՝ ե՛ւ շենքի, ե՛ւ մանկավարժի, դրել է հասարակության ուսերին։ Իսկ հասարակությունը արդեն քանի տարի է փակուղի է մտել, հոգսերի մեջ կքած՝ ժամանակ չունի դպրոցով զբաղվելու, գրպանն էլ դատարկ է։

– Գուցե այդ հարցերը կարգավորվեն «Կրթության մասին» օրենքի ընդունումից հետո՞։

– Կառավարության, կրթության եւ գիտության նախարարության վարած կրթական քաղաքականությանը կարելի էր լրջորեն վերաբերվել մինչեւ «Կրթության մասին» օրենքի նախագծի հրապարակումը եւ 1999-ի պետբյուջեի նախնական թվերի հաստատումը։ Օրենքի ընդունումով նորմատիվ դաշտ չի ստեղծվում, այն միայն սկսվում է։ Նախ, անհրաժեշտ կլինի մշակել եւ կարճ ժամկետում ընդունել կառավարության տասնյակի չափ որոշումներ, կրթության նախարարի մի քանի տասնյակ որոշումներ, որ օրենքը սկսի աշխատել։ Այս օրենքը կկարդա տնօրենը, ուսուցիչը եւ դառնորեն կհիասթափվի։ Սա եղած կրթական իրողությունների մեխանիկական արձանագրությունն է՝ իր բոլոր հակասություններով, արատներով ու անմարսելի կողմերով։ Այս օրենքով դու գործել չես կարող, քանզի սա ոչ թե գործի, այլ հայեցողական-պասիվ-անշարժի ծնունդ է։ Ո՞րն է այս օրենքում ազգայինը, առանձնահատուկը, հայեցին՝ ցույց տվեք։

Մեզ պետք էր օրենք-ուղեցույց, որ անհատը կարողանար գործադրել այս օրենքը։ Ասենք, մի խումբ ծնողներ ուզում են ստեղծել մանկապարտեզային խումբ՝ վերցնում են օրենքը ու թեւաթափ լինում։ Ուսուցչի սոցիալական պաշտպանվածության հարցը որպես ծառայողի. ինչպե՞ս է 15 դոլար ստացող ուսուցիչը բարեխղճորեն զբաղվելու իր մասնագիտական գործունեությամբ։ 10 դրամ յուրաքանչյուր աշակերտի համար ստացող դպրոցը ինչքանո՞վ է պետական, ինչո՞ւ չենք հաստատագրում-օրինականացնում՝ ո՞րն է պետության պարտավորությունը հանրակրթության նկատմամբ։ Կրթությունը որպես ներդրումների ոլորտ բացակայում է։ Ինչո՞ւ է հանրակրթական դպրոցը 10-ամյա (աշխարհում երեւի միակն ենք)։ Ինչո՞ւ են երեխաները դպրոց հաճախում յոթ տարեկանից, այլ ոչ թե՝ վեցից։ Եթե պետական ծրագիրը պարտադիր է բոլորի համար, ինչպե՞ս հաղթահարել կրթության մեջ ձեւականացումը, ի՞նչ անել այն երեխանների հետ, ովքեր ծրագիրը չեն յուրացնում (25-35 տոկոս)։ Ինչո՞ւ պիտի կրթության նախարարությունը մնա ու գործի որպես քննությունների նախարարություն, էլի հարցեր։ Անպատասխան հարցեր։ Մինչեւ ե՞րբ:

Հարցազրույցը վարեց Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30