Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՎԻՃԵՆ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՍԱՐԱՏԱԿՑԻՆ, ՈՒՐԵՄՆ ՄԵՂԱՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է»

Նոյեմբեր 04,1998 00:00
gyux

Արթիկի շրջանի Սարատակ գյուղում 320 ընտանիք է ապրում։ Գյուղացիների նախնիները ժամանակին գաղթել են Բասեն գավառից եւ իրենց ասելով այնքան հանդարտ եւ հարմարվող են, որ այս թեմայի վերնագիրը հենց նրանց մասին է տարիներ առաջ ստեղծվել։

Այս տարվա հուլիս ամսին «Առավոտն» առաջին անգամ անդրադարձավ վերոհիշյալ գյուղին՝ «Գյուղապետն իրեն գյուղի տեր է զգում» հրապարակմամբ, որի հիմքում գյուղացիների մեծաքանակ ստորագրությամբ նամակն էր։ Սակայն, ինչպես երեւում է, գյուղում ոչինչ չի փոխվել, քանի որ գյուղի ներկայացուցիչն այս անգամ ստորագրությունների ավելի «չաղլիկ» տրցակով այցելեց խմբագրություն։Փաստորեն, գյուղացիների շարունակվող դիմում-բողոքները՝ ուղղված ՀՀ կառավարությանը եւ վարչապետին, ձնագնդի պես մեծանալով, դարձյալ հետ են գլորվել, հասել Շիրակի մարզպետարան, այնտեղից էլ՝ գյուղացիներին։ Ումից որ լրջմիտ ու արդարացի վճիռ եւ պատասխան էր ակնկալվում, հավանաբար, խաղի կանոնները լավ գիտենալով, հարվածը հետ է մղել՝ ու այդպիսով գյուղացիք հայտնվել են նույն կոտրած տաշտակի առաջ եւ նույն գյուղապետի ձեռքին։

Խմբագրությունը ստիպված է կրկին անդրադառնալ Արթիկի շրջանի Սարատակ գյուղի 350 ընտանիքի խնդրին եւ հույս ունի, թե այս անգամ բումերանգի փոխարեն կգործի առավել լուրջ եւ հեռահար գործիք։ Հետաքրքիր է, որ առաջին հրապարակմանը (1998 թ., 25 հուլիսի) որեւէ մեկը չարձագանքեց։ Հետաքրքիր է, ի՞նչ կլինի այս անգամ։ Համենայնդեպս, գյուղացիներն աջակցություն են փնտրում մեր թերթի էջերում։

Հայկական առածն ասում է. «Եզը կալից կուտե», բայց այստեղ չշփոթենք մարդ արարածին եզան հետ։ Եզը անասուն է, նա չի հասկանում իրենը եւ ուրիշինը։

Ասում են օրենք չկա, ով որտեղ պաշտոնավորեց, այդտեղից էլ պետք է օգտվի, այն էլ ձախ ճանապարհով։ Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանը ֆոնդի հողից 30 (երեսուն) հեկտար ձեւակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից, Սարատակ գյուղի բնակիչ Գուրգեն Եղոյանի անունով՝ որպես վարձակալական հողատարածություն, այն էլ տասը տարով։ Այդ հողից ստացված հացահատիկը բաժանում են 3 հոգու վրա։ Արտաշ Եղիկյան՝ գյուղապետ, Մուշեղ Վարդանյան՝ փոխգյուղապետ եւ Գուրգեն Եղոյան՝ Շիրակի մարզպետարանի ագրոնոմ։

Ստացված եկամուտը օգտագործվում է անձնական շահերի համար։ Հողը ձեւակերպվել է անօրինական ձեւով, առանց համայնքի ժողովի եւ առանց ավագանու նիստի։ Չէ որ հողը գյուղինն է, պետք է ստացված եկամուտը ծախսվեր գյուղի բարեկարգման համար։ Այս տարի հողի մեկ հեկտարը տվեց միջինը 40-45 ց բերք։

Միջգյուղյան ճանապարհները պիտանի չեն երթեւեկության համար, երկրաշարժից հետո վերանորոգված չեն։ Գյուղն ունի 400 տեղանոց մշակույթի տուն, այն գտնվում է քաոսային վիճակում, լուսամուտների ապակիները ջարդված են, տանիքը կաթում է։ Փառք Աստծո, գազը մուտք է գործել գյուղ, բայց կաթսայատունը թալանված է։ Գյուղն ունի ջրագիծ, խմելու ջուր չունեն։ Ո՞վ պետք է մտահոգվի այդ մասին, չգիտենք։

Գյուղամիջյան էլեկտրասյուները (60 հատ, երկաթից) չքացան։ 1991 թ., կոլտնտեսությունները վերացնելուց հետո, գյուղապետարանին մնաց 30 տոննա կորնգանի սերմ, վաճառվեց 1 կգ 15 ռուսական ռուբլով։ Ինչ եղավ գումարը, ոչ ոք չգիտե։ Նույն թվերին Սարատակի ամառանոցում ցանվեց 60 հեկտար գարի, ի՞նչ եղավ բերքը եւ ծղոտը, ոչ մեկին հայտնի չէ։ Բազմիցս դիմել ենք մարզպետարանին, բայց ոչ մի արդյունքի չենք հասել, միայն ասում են.

– Մենք ի՞նչ կարող ենք անել, դուք եք ընտրել, դուք էլ վտարեք։ Մենք՝ Սարատակի համայնքի անդամներս, խնդրում ենք ձեր թերթի միջնորդությամբ ստուգող հանձնաժողով գա՝ գյուղապետարանի գործերը ստուգելու։

Նամակը ստորագրել են մոտ 300 սարատակցիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30