Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատում ենք, որ ներկա իշխանությունները կպաշտպանեն ազգային կուրսը»

Նոյեմբեր 04,1998 00:00
Armen Rustamyan

Ցանկացած երկրի բարգավաճումը պայմանավորված է իր ընտրած քաղաքական կուրսով։ Այսօր խնդիրն այն չէ, թե երկիրն իր զարգացումը կապիտալիստակա՞ն, թե՞ սոցիալիստական ուղիով է տանում, այլ թե՝ ինչպիսի՞ կոնկրետ քաղաքական կուրս է կիրառվում երկրում։ «Ո՞վ է պատասխանատու երկրի քաղաքական կուրսի համար» («Առավոտ», 10.98 թ.) հոդվածում քաղաքական լիդերները ընդգծեցին Դաշնակցության դերը, այլ կերպ ասած, վերջիններս այդ կուսակցությունը համարեցին նախագահի քաղաքական հենարանը։ Ներկայացնում ենք հարցազրույցը ՀՅԴ կուսակցության քաղաքական հարցերով ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։

– Պրն Ռուստամյան, ձեր կարծիքով այսօր ո՞ր քաղաքական ուժն է պատասխանատվություն կրում երկրի քաղաքական կուրսի համար։

– Երկրի քաղաքական կուրսի համար այսօր պատասխանատու են նախագահի ձեւավորած իշխանությունը, կառավարությունը եւ, բնականաբար, բոլոր այն ուժերը, ովքեր ընդունել են նախագահի ծրագիրը։ Քանզի նրանք ուղղակի կամ անուղղակիորեն առնչվում են իրենց հավակնած ծրագրին։ Այդ իմաստով կուսակցությունները պատասխանատու են ծրագրի իրականացման համար, գոնե այնքան, որպեսզի պատասխան տան, թե որքանով է այն իրագործելի։

– Ձեր կարծիքով այն իրագործելի՞ է։

– Միանգամայն, հարցը միայն այն է, թե որքանով են ուժերը իշխանական կառույցներում շահագրգռված ծրագրի իրագործմամբ եւ այդ ուժերը ինչպես կաշխատեն այդ ուղղությամբ։ Այսինքն, եթե ծրագիրը չիրականացվի, ապա ոչ թե այն պատճառով, որ վատն է, այլ որ, սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չեղավ իրականացնել։

– Դուք շատ տեղին նշեցիք, որ երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատու են Ռ. Քոչարյանին պաշտպանող քաղաքական ուժերը։ Այդ դեպքում կարելի՞ է պարզել, թե երկիրն այսօր ի՞նչ քաղաքական կուրսով է ընթանում։

– Եթե համառոտակի բնութագրենք, ապա անցումը այն վարչակարգից, երբ մեզ մոտ ժողովրդավարություն չկար, փլուզված էր տնտեսությունը, գործազրկություն էր, այս ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար ձեւավորվել է ծրագիր, այսինքն՝ մենք գտնվում ենք անցումային ժամանակաշրջանում նախկին իրադրության համեմատ։

– Ինչպե՞ս էր կոչվում այն իրավիճակը, ինչպիսի՞ քաղաքական կուրս էր տարվում այն ժամանակ եւ դեպի ո՞ւր ենք անցում կատարում, ինչի՞ց ենք անցում կատարում…

– Հակազգային քաղաքականությունից, հակազգային քաղաքական կուրսից, որը գոյություն ուներ այն ժամանակ։ Համենայնդեպս, մենք հավատում ենք, որ ներկա իշխանությունները կպաշտպանեն ազգային կուրսը։ Բոլոր հարցերը կլուծվեն ազգային շահերից ելնելով։

– Հետեւաբար, կարելի է քաղաքական կուրսը բնութագրել որպես ազգային։

– Ազգային… այդպես չէի կոնկրետացնի։ Ես կարծում եմ, որ միշտ էլ պետք է լինի միեւնույն կուրսը՝ ազգային պետության կառուցումը։ Նշանակում է, որ պետք է զարգացնել եւ ոչ թե մերժել ազգային գաղափարախոսությունը, ինչը արվում էր անցած վարչակարգի օրոք։

– Պրն Ռուստամյան, ես մշտապես նույն հարցն եմ տալիս ոչ թե լրագրողական համառության բերումով, այլ իսկապես ուզում եմ հասկանալ… Նախկինում երկիրը ընթանում էր կոմունիստական քաղաքական կուրսով, հետո այն փոխվեց լիբերալ-ժողովրդականի։ Այսօր երկիրը ո՞ր քաղաքական կուրսն է ընդունում։

– Քաղաքական հստակ կուրսը արտահայտվում է նախագահի ծրագրում եւ որպես այդպիսին այն առկա է նախագահի մոտ, հարկավոր է միայն ընդլայնել գործունեությունն ըստ բնագավառների։ Իսկ թե ինչպես անվանել այդ քաղաքական կուրսը, ես արդեն ասացի՝ անցում հակազգային վարչակարգից։ Ի դեպ, ասեմ, ձեր նշած ժողովրդավարությունը իրականությանը չէր համապատասխանում։ Օրինակ՝ ազատ շուկայի իմաստը, երբ սեփական շուկա գոյություն չունի։ Մենք, որպես սոցիալիստական կուսակցություն, այն էկոնոմիկային ենք կողմնակից, որը կառուցված է սոցիալական սկզբունքների հիմունքներով։

– Այսինքն, դուք, լինելով սոցիալիստ, լիբերալիզմն ենք ընդունում…

– Ոչ, մենք դա համարում ենք տարբերակներից մեկը, ոչ լավագույնը, իհարկե, բայց ազնիվ սկզբունքներ կան, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել։ Լիբերալիզմը պետք է շտկել եւ որոշակի ձեւ հաղորդել՝ ընդունված համամարդկային գիտակցությամբ եւ փորձով։

– Ձեր կարծիքով, այսօր մեր կառավարությունը այդ սկզբունքներո՞վ է առաջնորդվում։

– Այսօր ես դա անցումային շրջան կանվանեի, քանզի դեռեւս անցումային գործընթացներ են տեղի ունենում, երբ զանազան դրսեւորումներ կարող են ի հայտ գալ, որոնք բնորոշ չեն համընդհանուր հասկացողություններին։ Ինչ որ հիմա տեղի է ունենում, հեռու է այն բանից, ինչը մենք պատկերացնում ենք։

– Ասում են, որ Դաշնակցությունը գոհ չէ այն տեղից, որը նա գրավում է կառավարությունում։

– Հարցն այն չէ՝ գոհ ենք, թե ոչ, այլ այն, որ կառավարությունը պետք է իրականացնի նախագահի ծրագիրը։ Այսօր արդեն նշմարվում են բաց թողնված սխալները եւ այդ տեսանկյունից, ունենալով հումանիտար թեքմամբ երկու նախարարներ կառավարությունում, մենք ազդեցության լծակներ չունենք ներազդելու սոցիալ-տնտեսական բնագավառի փոփոխության համար։

– Եթե կառավարությունում ունենայիք դաշնակցական պաշտպանության նախարար, ապա կարո՞ղ էիք ազդեցության լծակներ ունենալ նախագահի ծրագրի իրականացման ուղղությամբ։

– Մեր կարծիքով, այսօրվա պաշտպանության նախարարն այն մարդն է, որ մեծ հեղինակություն է վայելում եւ մեծ ավանդ ունի ղարաբաղյան հաղթանակի մեջ։ Իհարկե, ազգային բանակում սոցիալական բացթողումների կտրվածքով անելիքներ շատ կան։ Անշուշտ, պետք է բանակում բարձրացնել նաեւ ազգային մտածողությունը, պայմաններ ստեղծել, որպեսզի զինակոչիկները մեծ պատիվ համարեն բանակում ծառայելը։

ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30