Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Նոյեմբեր 04,1998 00:00
Aram Abrahamyan

Իմ առաջարկները

Իշխանական կառույցների եւ կուսակցությունների լուրջ հետազոտական աշխատանքը վերջապես տվեց իր առաջին արդյունքները: Կուսակցություններից մեկը, իր ողջ ինտելեկտուալ ներուժը լարելով, եկավ այն եզրակացության, որ մեր տնտեսական թերզարգացածության եւ ժողովրդի չքավորության պատճառը նախորդ իշխանության երկրորդ էշելոնի ներկայացուցիչների գոյությունն է: Օրինակ, գալիս են օտար եւ հատկապես սփյուռքահայ ներդրողները, ցանկանում են շենացնել մեր երկիրը, բարելավել ժողովրդի վիճակը, բայց դեմ են առնում ջեռուցման տնտեսությունը թալանած Վահագն Խաչատրյանին եւ քոռուփոշման վերադառնում իրենց երկրները: Կամ՝ ցանկանում է էներգետիկայի «անկախ» /կառավարության հրահանգները կատարող/ հանձնաժողովը իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները, բայց չգիտես որտեղից ծլում է Դավիթ Շահնազարյանը իր վաճառած BMW-ներով եւ, բռնելով հանձնաժողովի ձեռքը, ստիպում սակագները բարձրացնել: Մի խոսքով, անհրաժեշտ է անհետաձգելի միջոցառումների ազգային համալիր՝ այս իրավիճակը շտկելու համար:

Այստեղ ազգի ցավերով տառապող ցանկացած քաղաքացի պետք է հանդես գա իր առաջարկներով, ինչը եւ փորձում եմ անել: Հայոց պետականությունն ամրապնդելու, տնտեսության մեջ ինվեստիցիոն մթնոլորտը բարելավելու եւ բեկումնային զարգացում ապահովելու, բնակչությանը ծանր սոցիալական վիճակից դուրս բերելու նպատակով առաջարկում եմ.

– ցմահ բանտարկել Բաբկեն Արարքցյանին եւ Արշակ Սադոյանին՝ տեղադրելով նրանց միեւնույն բանտախցում,

– «Հայաստանի հանրապետութիւն» օրաթերթում շարունակաբար տպագրել ՀՀՇ-ի «Բլե» գաղտնի կառույցի արխիվը,

– ազգայնացնել Հրազդանի հացի փուռը՝ այն վերանվանելով «Արյան ծով»,

– հնարավորություն տալ ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի անդամներին՝ անվճար օգտվելու Վիգեն Խաչատրյանի կազինոներում վաճառվող ոգելից խմիչքներից,

– տարրալուծել ձեթօճառի կոմբինատը՝ օճառի նոր կոմբինատում համատեղության կարգով տնօրեն նշանակելով նախագահի խորհրդական Արամ Սարգսյանին,

– «Դալմայի բաղեր» թաղամասի բոլոր շինությունները սեփականաշնորհել միջազգային մրցույթով՝ «Մերի լինչ» ֆիրմայի միջնորդությամբ,

– վերականգնել Արա Սահակյանին ՀՀՇ շարքերում՝ խրախուսելով կուսակցությունը բարոյալքելու՝ նրա տեւական ջանքերը,

– Արարատ Զուրաբյանին վերանվանել «Նեմեց Ռուբո», իսկ Արամ Մանուկյանին՝ «Լեդի Հակոբ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30